Վերջին տարիներին, փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացմանը զուգընթաց, ՓՀԷԿ-երի կառուցման եւ շահագործման ընթացքում առաջացել են էկոլոգիական ու սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում: Այս պատճառով ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը սահմանել է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար արգելված գետերի ցանկը։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կարգելվի ՓՀԷԿ-երի կառուցումը Հայաստանի 17 գետի վրա: Ըստ այդմ՝ արգելվում է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը հետեւյալ գետերի վրա՝ Արգիճի, Մասրիկ, Կարճաղբյուր (Մաքենիս), Լիճք, Ծակքար, Վարդենիս, Գավառագետ, Ձկնագետ, Ոսկեպար, Մեծամոր, Եղեգիս, Որոտան, Ախուրյան, Աղստեւ, Արփա, Բախտակ, Դեբեդ։ Կարգելվի նաեւ Դեբեդ գետի Կիստում, Ձորագետ վտակների վրա, նաեւ՝ Աղստեւ գետի Գետիկ, Որոտան գետի Դալի, Հրազդան գետի Մարմարիկ, Ազատ գետի Գողթ, Եղեգիս գետի Կարակայա, Կարակայա վտակի Այսաս վտակների վրա։ Այս գետերում ՓՀԷԿ-երի հետագա կառուցման ու շահագործման արգելքը պայմանավորված է նրանով, որ այստեղ առկա են ՀՀ Կարմիր գրքում գրանցված կամ տեղանքին բնորոշ էնդեմիկ ձկնատեսակներ, ջրային բույսեր` հիդրոֆիտներ, որոնք էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր են, գետեր, որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40 տոկոս եւ ավելի է:
Ըստ մասնագետների՝ փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարությունն էական վնաս է հասցնում բնությանը, իսկ փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացմանը զուգընթաց՝ նկատվում է կենսաբազմազանության կորուստ, վտանգվում են Կարմիր գրքում գրանցված բուսական եւ կենդանական տեսակները: Ստեղծված բնապահպանական խնդիրները լուծելու, ջրօգտագործման ժամանակ ջրաէկոհամակարգի պահպանությունը եւ հավասարակշռությունը ապահովելու համար ՇՄՆ-ն սահմանել է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման եւ շահագործման համար արգելված գոտիները եւ գետերի ցանկը: Ըստ նախարարության՝ այս ամենի արդյունքում կկանխարգելեն շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների վնասակար ազդեցությունները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս որոշումը չի տարածվում մինչեւ այս որոշման՝ ուժի մեջ մտնելը փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար ջրօգտագործման թույլտվություն ստացած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վրա։ Գետերի ցանկի սահմանման համար համադրվել են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբուծության ինստիտուտի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի եւ նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի կողմից վերջին ժամանակաշրջանում իրականացված համակողմանի ուսումնասիրությունների արդյունքները։ Բացի այս, հաշվի են առնվել նաեւ Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ներկայացված գետերի վրա փոքր հիդրոէլեկտրակայաններով ծանրաբեռնվածության արդյունքները:
Ծանրաբեռնվածությունը հաշվարկվել է փոքր հիդրոէլեկտրակայանների դերիվացիայի գումարային երկարության եւ գետի երկարության հարաբերությամբ՝ արտահայտված տոկոսներով: Օրինակ, ըստ այդ հաշվարկների՝ Եղեգիս գետի դերիվացիոն ծանրաբեռնվածությունը կազմել է 80.3 տոկոս, իսկ Ոսկեպար գետինը՝ 52.5 տոկոս։ Ցանկում ընդգրկվել են այն գետերը, որոնք Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ էնդեմիկ ձկնատեսակների համար համարվում են պոտենցիալ ձվադրավայրեր, եթե իրականացվեն բնապահպանական միջոցառումներ այդ գետերի հոսանքներում էկոլոգիական թողքի ապահովման, կենցաղային եւ այլ թափոնների մաքրման, որսագողության դեմ պայքարի համար։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ցանկում մի քանի գետեր են բացակայում, որոնց վրա դարձյալ ՓՀԷԿ-եր կան կառուցված։ Օրինակ, ցանկում չկա Մարց գետը, որ համարվում է Դեբետի աջ վտակը, Մարտունի գետը, Գոշը, Մեղրիգետը, Ողջի գետի Կապուտջուղ եւ Քաջարանց վտակները։ Բայց, մյուս կողմից, նշված գետերի վրա ՓՀԷԿ-եր ունեն կառուցած բազմաթիվ նախկին պաշտոնյաներ: Օրինակ` Մարցի գետի վրա առաջին եւ ամենամեծ ՀԷԿ-ը 2011թ. է կառուցվել Վանաձորի նախկին քաղաքապետի ու եղբոր` Սամվել եւ Սեյրան Դարբինյանների կողմից: Նրանք հավասարապես տնօրինում են «Արգիշտի-1» ՍՊԸ-ի բաժնեմասը: Իսկ «Այուդա-Լոս» ՍՊԸ-ն Մարցի գետը սնուցող Սարաջուր վտակի վրա է կառուցել «Պոզիտրոն» ՀԷԿ-ը: Ընկերության բաժնետերերի գերակշիռ մասը դաշնակցականներ են: Այդ թվում է նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Լեւոն Մկրտչյանը, ով ունի 20 տոկոս բաժնեմաս, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` 10 տոկոս, իսկ տարածքային կառավարման եւ զարգացման նախկին նախարար Դավիթ Լոքյանի որդին` Սերգեյ Լոքյանը` 20 տոկոս: Մյուս գետը, որտեղ Շրջակա միջավայրի նախարարությունն առաջիկայում կարգելի ՀԷԿ-ի կառուցումն ու շահագործումը, Եղեգիսն է, որի վրա կառուցված են ավելի քան 8 ՀԷԿ: Այսպես, «Սուրբ աղբյուր» ՓՀԷԿ-ը շահագործող «Սուրբ աղբյուր» ընկերության հիմնադիրն է Արշավիր Սարգսյանը:
Մամուլի հրապարակումների համաձայն` Ա. Սարգսյանը Աղվան Հովսեփյանի որդու` Նարեկ Հովսեփյանի եւ մի քանի այլ անձանց հետ Դավիթաշենի ավտոմեքենաների տեխնիկական զննում իրականացնող «Տրանս-սիստեմ» ընկերության համասեփականատերն է: Իսկ «Ալնարս» ՓՀԷԿ-ը շահագործող «Ալնարս» ՍՊԸ-ի հիմնադիրներն են Արսեն Գաբրիելյանը, Նարեկ Մնացականյանը, Ալբերտ Մարգարյանը: Սակայն մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` այս ընկերությունը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ընտանիքին: ՇՄՆ-ն կարգելի նաեւ Հրազդան գետի վրա ՓՀԷԿ-երի հետագա կառուցումն ու շահագործումը: «Հովթեր» ՍՊԸ-ն Հրազդան գետի վրա մտադիր է ՀԷԿ կառուցել: Այս ընկերության հիմնադիրն է Սյունիքի նախկին մարզպետ իմքայլական պատգամավոր Կարեն Համբարձումյանը: Բայց մամուլի հրապարակումների համաձայն` Կ. Համբարձումյանի հետ միասին բաժնետեր է նաեւ Անահիտ Կարապետյանը, որը ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի մայրն է: Ի դեպ, Կ. Համբարձումյանն էլ Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան է: Թեեւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը փորձում է փրկել ՀԷԿ-երի առատության հետեւանքով սպասվող բնապահպանական հնարավոր աղետը, բայց, մյուս կողմից, քանի որ օրենքը հետադարձ ուժ չունի, արդեն գործող եւ կառուցման փուլում գտնվող ՀԷԿ-երը չեն փակվի:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԳՆԱՆԿՈՒՄ՝ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ
Հայաստանում մարտին, փետրվարի համեմատ, մաքրող, լվացող միջոցների գներն աճել են 0.1 տոկոսով։ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ կահույքի, կահավորանքի, գորգերի եւ հատակի ծածկերի գները եւս բարձրացել են 0.2 տոկոսով։ Իսկ, ահա, խոշոր կենցաղային սարքերը թանկացել են 0,5 տոկոսով։ Նշենք, որ հագուստի գները եւս բարձրացել են 1.2 տոկոսով, իսկ ոսկերչական զարդերինը՝ 1.8 տոկոսով։
Բայց, սրան զուգահեռ, հանրապետությունում արձանագրվել է տարբեր տեսակի կոշկեղենի 1 տոկոս գնաճ։ Հանգստի եւ մշակութային միջոցառումների հետ կապված ծառայությունների գներն են 0.1 տոկոսով բարձրացել։ Իսկ, ահա, բժշկական, կրթության, կապի, վարսավիրանոցների եւ անձնական խնամքի սպասարկման սրահների, իրավաբանական ծառայությունների սակագները նույն են մնացել։
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ մարտին, փետրվարի համեմատ, հանգստի կազմակերպման ծառայությունների սակագները նվազել են 1.2 տոկոսով։ Նկատենք, որ ոչ պարենային ապրանքների վաճառքով զբաղվող առեւտրի կետերը մարտի 20-ից հետո չեն աշխատել եւ փակ են մինչ օրս։ Եւ զարմանալի չէ, քանի որ ապակե ամանեղենի, ճաշասպասքի եւ տնային կահ-կարասու, դեղագործական ապրանքների, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի շուկաներում պահպանվել է գների փետրվար ամսվա մակարդակը։ Չի բացառվում, որ դրանց բացվելուց հետո տնտեսվարողները ե՛ւ հագուստի, ե՛ւ կոշիկեղենի գները փոքր-ինչ բարձրացնեն, որպեսզի կրած կորուստները լրացնեն։ Հուսանք՝ պատկան կառույցը՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, այս դեպքում տեղում կլինի եւ կվերահսկվի, որպեսզի ոչ պարենային շուկայում այս մեծ դադարից հետո անհիմն թանկացում չարձանագրվի։
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՍՄԱՅԼԻԿԻ ՀԱՄԱՐ՝ ԽԻՍՏ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ
Դիլիջանի բնակչուհի Լուսինե Մանուկյանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել՝ ընդդեմ «Հաղարծնի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի՝ իր հանդեպ կարգապահական տույժ կիրառելու՝ նկատողություն հայտարարելու մասին դպրոցի տնօրենի՝ 2019թ. նոյեմբերի 4-ի թիվ 214 հրամանն անվավեր ճանաչելու պահանջով։ 2019թ. դեկտեմբերի 5-ին դատարանի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, եւ որոշում է կայացվել ապացույցներ պահանջելու մասին։ 2019թ. դեկտեմբերի 16-ին հայցադիմումի պատասխան է ներկայացրել «Հաղարծնի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոհար Թամամյանը։ 2019թ. դեկտեմբերի 26-ին Լուսինե Մանուկյանն, ընդդեմ «Հաղարծնի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի, նոր հայց է ներկայացրել՝ դպրոցի տնօրենի՝ 2019թ. նոյեմբերի 27-ի թիվ 219 հրամանն անվավեր ճանաչելու պահանջով։ Այդ հրամանով դպրոցի տնօրենը Լ. Մանուկյանին հայտարարել է խիստ նկատողություն։ Հայցվորը հայտնել է, որ 2008թ. սեպտեմբերի 1-ին դպրոցի եւ իր միջեւ կնքվել է աշխատանքային պայմանագիր, որով դպրոցում աշխատանքի է անցել՝ որպես տեխնոլոգիա առարկայի ուսուցչուհի։ 2019թ. նոյեմբեր 4-ին Լուսինե Մանուկյանը ծանոթացել է հայտարարությունների պատին փակցված փաստաթղթին, ուր նշված է՝ 2019թ. հոկտեմբերի 25-ին դպրոցի ներքին կարգապահական կանոնները խախտելու, առանց թույլտվության աշխատանքի ժամին աշխատավայրը լքելու պատճառով տեխնոլոգիայի ուսուցչուհի Լուսինե Մանուկյանին հայտարարել նկատողություն։ Նա հայտնել է, որ մինչեւ կարգապահական տույժի կիրառումը տնօրենը խախտման մասին իրենից գրավոր բացատրություն չի պահանջել, իր հանդեպ կարգապահական տույժը կիրառվել է առանց օրինական հիմքերի։
Հայցվորը հայտնել է , որ 2019թ. հոկտեմբերի 25-ին ինքը աշխատանքից բացակայել է դպրոցի տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի կողմից թույլտվություն ստանալուց հետո միայն, քանի որ թույլտվություն վերցնելու պահին դպրոցում չեն եղել դպրոցի տնօրենը եւ տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալը։ Հաղարծնի դպրոցի տնօրենի կողմից Լուսինե Մանուկյանին խիստ նկատողություն հայտարարելու վերաբերյալ թիվ 219 հրամանը տրվել է 2019թ. նոյեմբերի 4-ին ստացած նկատողության հրամանի քաղվածքի վրա Լուսինե Մանուկյանի կողմից ծիծաղող դիմապատկեր՝ սմայլիկ փակցնելու, իրավական ակտի նկատմամբ անլուրջ եւ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու պատճառաբանությամբ։ Դպրոցի տնօրենի ներկայացուցիչը դատարանում առարկել է հայցերի դեմ։ 2020թ. մարտի 13-ին Իջեւան քաղաքում կայացած նիստերում դատավոր Արման Կուրեխյանը վճռել է 2 հայցերը բավարարել, անվավեր համարել Լ. Մանուկյանին նկատողություն եւ խիստ նկատողություն հայտարարելու մասին Հաղարծնի միջնակարգ դպրոցի տնօրենի՝ 2019թ. նոյեմբերի 4-ի եւ նոյեմբերի 27-ի հրամանները, յուրաքանչյուր հայցով «Հաղարծնի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 4 հազար դրամ՝ որպես պետական տուրք։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ