ՓՈՍՏԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ ԿՎԵՐԱՀՍԿԵՆ ԴԵՂԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է փոփոխություն եւ լրացում կատարել «Դեղերի մասին» օրենքում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր խորհրդարանում տեղի է ունենալու Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ էլ իմքայլական պատգամավորը պետք է ներկայացնի այն փոփոխությունները, որոնք, ըստ օրենսդիրի, հնարավորություն են ընձեռելու քաղաքացիներին ներկրել նաեւ այնպիսի դեղեր, որոնք Հայաստանում գրանցված չեն, իսկ դա արվելու է փոստային առաքանիների միջոցով, ինչն էլ դեղերի ներկրումը վերահսկելի կդարձնի:

 

Նշենք, որ համաձայն գործող օրենքի՝ անձը սահմանը հատելիս կարող է իր հետ դեղ տեղափոխել, սակայն փոստային առաքման միջոցով արգելվում է ստանալ դա: Այս կարգավորմամբ առաջարկվում է թույլատրել փոստային ծառայության միջոցով ստանալ դեղը:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ:

-Պարո՛ն Գաբրիելյան, «Դեղերի մասին» օրենքում առաջարկում եք փոփոխություն կատարել, որով կսահմանվի դրսից դեղ բերելու կարգը: Ի՞նչն է մտահոգում Ձեզ, որ որոշել եք նման կարգավորմամբ հանդես գալ: Ի՞նչ փոփոխություն եք կատարել օրենքում:

-Քննարկվում է այն հարցը, որ մենք թույլ տանք, որպեսզի քաղաքացին տարվա մեջ մեկ անգամ թույլտվություն ունենա դեղ բերելու համար, իսկ եթե, օրինակ, մարդիկ քրոնիկ հիվանդություններ ունեն, կամ այնպիսի դեղորայք է, որը ՀՀ-ում գոյություն չունի, ապա Առողջապահության նախարարությունը ունի համապատասխան էլեկտրոնային հարթակ, որտեղ քաղաքացին կարող է դիմել ու թույլտվություն ստանալ դեղի ստացման համար: Այսինքն՝ նախարարությունը կստանա քաղաքացու դիմումը, կուսումնասիրի մոտ մեկ օրվա ընթացքում, որ, ասենք, այդ դեղը ՀՀ-ում չկա, կտան միանվագ ներկրման հավաստագիր, որպեսզի քաղաքացին արդեն կարողանա փոստային առաքմամբ ստանալ իր համար ցանկալի դեղը: Մենք սկզբում՝ առաջին ընթերցման ժամանակ, ասում էինք, որ երբ դիմես, կարող ես ստանալ, բայց արդեն այժմ՝ քննարկումներից հետո, հանգել ենք այս եզրակացության: Տեսեք, հիմա գործող ընթացակարգով եթե մեկի հարազատը ծանրոց է ուղարկում, ու այնտեղ գոնե մեկ տուփ դեղ կա, ապա այն չի տրամադրվում քաղաքացիներին, քանի որ նրանք հրավիրվում են մաքսային ծառայություն, որտեղ օրենքով սահմանված կարգով բեռը բացվում է, դեղը հանվում է մեջից, եւ քաղաքացին ստիպված է լինում գնալ եւ ինքնաոչնչացման հայտարարագիր լրացնել: Կոպիտ ասած, եթե քո բարեկամը ծանրոց է ուղարկել, որտեղ տարբեր առարկաներ են, ու մեջը մի հատ գլխացավի դեղ է դրել, ապա այդ գլխացավի դեղը քո համար գլխացավանք էր դառնում, քանի որ դու ստիպված էիր լինում այդ ամենի միջով անցնել: Որպեսզի մենք այդ խնդիրն էլ լուծենք, իրենք տարվա մեջ մեկ անգամ կկարողանան այդ դեղը ստանալ, եթե, իհարկե, չի գերազանցում կառավարության կողմից կետերը: Իրենք էլ արդեն գրավոր կծանուցվեն, որ հաջորդ անգամ եթե նման բան լինի, ապա անցնելու եք նշված ընթացակարգով:

-Բայց Դուք սահմանո՞ւմ եք ինչ-որ երկրներ, թե որտեղից կարող է ՀՀ քաղաքացին իր համար ցանկալի դեղը ստանալ, թե՞ սահմանափակումներ չկան այդ առումով:

-Չէ, որեւէ արգելափակում չկա. եթե տվյալ երկիր մեր՝ հայաստանյան ընկերությունները բեռնափոխադրում, փոստային ծառայություն իրականացնում են, ուրեմն կառաքեն, քաղաքացին կարող է ստանալ այդ դեղը:

-Այսօր ՀՀ-ում կան քաղաքացիներ, որոնք տարբեր քրոնիկ հիվանդություններով են տառապում, եւ իրենք տարվա մեջ մի քանի անդամ արտերկրից դեղ են պատվիրում, կամ իրենց հարազատներն են արտերկրից ուղարկում. այս սահմանափակումով Դուք այդ հիվանդների իրավունքներն եք ոտնահարում, ինչպե՞ս այդ քաղաքացիները այդ հարցը լուծեն:

-Ինձ էլ են դիմել շատ քաղաքացիներ, օրինակ՝ քաղցկեղով կամ քրոնիկ հիվանդներ, ովքեր իսկապես նշում են, որ ՀՀ-ում չկան այդ դեղերը, եւ իրենք դա դրսից են ստանում: Եւ, բնականաբար, պետությո՛ւն, եթե դու չես կարող երաշխավորել, որ տվյալ դեղը Հայաստանում գրանցվի կամ վաճառվի դեղատներում, ապա ինչ-որ այլընտրանքային տարբերակ պետք է քո քաղաքացուն տաս: Մինչեւ այս դա, այո, արվում էր ֆիզիկական անձանց միջոցով, մենք էլ ասում ենք, որ այդտեղ որեւէ տրամաբանություն չկա: Եթե այդ նույն դեղը կարող է ինչ-որ մեկը բերել ուղեբեռի միջոցով, ապա դա կարող է անել քաղաքացին, փոստային առաքման միջոցով ստանալ իր դեղը, որն էլ արդեն կգրանցվի: Իսկ ֆիզիկական անձի միջոցով տեղափոխումը չի գրանցվում. եթե Ազգային անվտանգության ծառայությունը տեսնում է, որ այն թույլատրելի դեղ է ու այն քո ուղեբեռի մեջ է, ապա դա չի գրանցում, ուղեբեռը տալիս են: Իսկ այս դեպքում գործելու է գրանցում, կփաստաթղթավորվի, որի միջոցով էլ մենք կտեղեկանանք, թե ինչ դեղ են բերվել: Իսկ եթե կա մշտական հիվանդություն, ապա գնա Առողջապահության նախարարություն, ներկայացրու բժշկի համապատասխան ցուցումը, ստացի փաստաթուղթ ու կբերես: Նախարարությունն էլ կտեսնի, որ իր ցանկում նման դեղ գրանցված չի, ապա, բնականաբար, թույլ կտա այն բերելու համար: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մաքսանենգ ճանապարհով դեղեր չբերվեն Հայաստան. դա է մեր խնդիրը:

 

 

 

 

ՍՊԱՍՈՒՄՆԵՐ, ՆԻՍՏԵՐ, ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ

Եկող շաբաթը ծանր է լինելու իշխանությունների համար: Կառավարությունը երկուշաբթի օրը՝ ապրիլի 13-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ է հրավիրել, իսկ երեքշաբթի օրվանից՝ ապրիլի 14-ից կսկսվի ԱԺ հերթական նստաշրջանը, որի ընթացքում պետք է որոշում կայացվի՝ ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել, թե ավարտել:

«Ժողովուրդ» օրաթերթը իշխանական աղբյուրներից փորձեց պարզել, թե ինչ գիտեն ԱԺ պատգամավորները ՀՀ-ում  արտակարգ իրավիճակը երկարաձգելու կամ ընդհատելու վերաբերյալ: Պարզվեց, որ իշխանական թիմում էլ դեռ տեղյակ չեն, թե ինչ է սպասվում: Մի շարք հաշվարկներ կան դեռ անելու, որպեսզի հասկանան` կորոնավիրուսի տարածումն արդեն վերահսկելի է, թե պետք է երկարացնել սահմանափակումները: Թեեւ գերակշռող տեսակետն այն է, որ պետք է որոշ ոլորտների սահմանափակումները հանել, եթե արտակարգ դրությունն, այնուամենայնիվ, շարունակվի: Օրենսդիր իշխանական պատգամավորները մեզ հետ մասնավոր զրույցներում նշում էին, որ իշխանությունն այս պահին երկու թեւի է բաժանվել, քանի որ, մի հատվածի կարծիքով, պետք է արտակարգ դրությունը հայտարարել ավարտված, իսկ մի հատվածն էլ կարծում է, որ վերահսկողությունից ամեն ինչ դուրս կգա, պետք է ավելի խստացնել սահմանափակումները: Բանն այն է, որ արտակարգ դրության երկարաձգումը քարուքանդ է անում տնտեսությունը, իսկ եթե սահմանափակումները թուլացնեն, կնշանակի նպաստել թագավարակի տարածմանը, քանի որ վաղուց կորել է տարածման հետքը, ու շրջանակները այլեւս հնարավոր չի լինում պարզել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ պատգամավորները մտահոգություն են հայտնել նաեւ ԱԺ նիստերի մասով: Օրենսդիրներն անգամ ԱԺ ղեկավարությանը հորդորել են, որ հերթական նստաշրջանն էլ  գերհագեցած օրակարգ չունենա, որպեսզի քննարկումներն արագ ընթանան, եւ օրակարգը շուտ սպառվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԱԺ խորհրդի նիստ է հրավիրել. այն կայանալու է ապրիլի 13-ին, որտեղ էլ կհաստատվի այս նստաշրջանի օրակարգը: Ի դեպ, նշենք, որ եկող շաբաթը ծանր է լինելու նաեւ ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների համար, քանի որ արդեն հստակ է, որ ապրիլ 16-ին խորհրդարան է գալու ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ այս նստաշրջանում խորհրդարանի օրակարգում են լինելու հետեւյալ նախագծերը՝ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, որը ենթադրում է արգելանք վարկային կազմակերպությունների գովազդ վրա ԶԼՄ-ներով, Կենտրոնական բանկի նախագահի ընտրությունը, որի համար թեկնածու է առաջադրել իշխող «Իմ քայլը» խմբակցությունը ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանին, ինչպես նաեւ երկրորդ ընթերցմամբ մի քանի տասնյակ նախագծեր:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ԿՎԵՐԱՀՍԿԵՆ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխել ու լրացնել ՀՀ վարչապետի՝ 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշումը։ Արդյունքում սնանկության կառավարիչները կվերահսկվեն նախարարության կողմից։ Օրինակ, նախարարությանը լիազորություն կվերապահվի սնանկության կառավարիչների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կառուցվածքում գտնվող մի շարք վարչություններ կստանձնեն պարտավորություներ այսուհետ իրականացնել սնանկության կառավարչի գործունեության կասեցման, կարգապահական վարույթի իրականացման, հաշվառման ապահովման, որակավորման շնորհման եւ դադարեցման ապահովման մասով գործառույթներ:

Այսինքն՝ նախարարությանը վերապահվել են մի շարք գործառույթներ, որոնք նախկինում չեն եղել իրենց վերահսկողության ներքո, մասնավորապես՝ սնանկության գործերով կարավարիչների ուսուցման, որակավորման շնորհման եւ դադարեցման, հաշվառման ապահովումը, նրանց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթացի նախաձեռնումը եւ այլն:

 

ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԿԱՊԸ

Երեկ՝ ապրիլի 9-ին, տեղեկություն հրապարակվեց  այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այցելել են ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Դավիթաշենի բաժանմունք, որտեղ մի քանի ժամ ոստիկանության ներքին անվտանգության վարչության գործընկերների հետ քննչական գործողություններ են կատարել, ինչի արդյունքում ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքից թույլ չեն տվել, որպեսզի դուրս գան բաժանմունքի պետը, բաժանմունքի պետի տեղակալը, քրեական հետախուզության խմբի օպերլիազորը:

Ոստիկանության հասարակայնության եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատել էր տեղեկությունը՝ նշելով. «ՀՀ ԱԱԾ եւ ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողները համատեղ քննչական միջոցառումներ են իրականացրել ոստիկանության Երեւան քաղաքի Դավիթաշենի բաժանմունքում։ Մանրամասները՝ առաջիկայում»:

Եվ, ահա, ըստ իրավապահ համակարգից «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի՝ ԱԱԾ եւ ոստիկանության ներքին անվտանգության վարչության խուզարկությունը Դավիթաշենի բաժնում կապված է եղել թմրանյութերի պատմության հետ, իսկ թե բաժնի պաշտոնատար անձինք ինչ կապ ունեն, ցույց կտա քննությունը:

 

 

 




Լրահոս