Հայաստանի բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնում տիրող անառողջ մթնոլորտը հայտնվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսադաշտում։ Արդեն մի քանի ամիս է՝ տեսչական մարմնի աշխատողները դժգոհում են մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանի գործելաոճից։ Ի դեպ, Պետական վերահսկողական ծառայությունը, տեսչական մարմնի աշխատողների բողոքների հիման վրա, իր հերթին ստուգումներ է իրականացրել։
«Այդ ահազանգերը հասել են ինձ, Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է արել, մենք հիմա գտնվում ենք այն փուլում, որ հավաքված տեղեկատվությունը կվերլուծենք՝ ըստ ճշմարտության, ու կհասկանանք՝ ինչ անել»,- օրեր առաջ անդրադառնալով այս հարցին՝ հայտարարեց ՀՀ վարչապետը։ Բայց, չնայած սրան, տեսչական մարմնի այս անգամ արդեն Արարատի տարածքային բաժնում է իրավիճակը մնում լարված։ Այստեղ մի առվով չեն հոսում բաժնի ղեկավար Արմեն Բավոյանի եւ ավագ տեսուչ Արթուր Բադալյանի ջրերը։ «Ժողովուրդ» օրաթերթին է դիմել Արարատի տարածքային բաժնի ավագ տեսուչ Արթուր Բադալյանը եւ հայտնել, որ ինքը հրաժարվում է կատարել իր ղեկավար Արմեն Բավոյանի հանձնարարականները։
Բադալյանի պատմելով՝ մարզում առկա խնդիրների շուրջ ինքը պարբերաբար ահազանգում է, բայց արձագանք չի ստանում։ Օրինակ՝ մեր զրուցակցի պատմելով՝ Արարատի մարզի Սիս գյուղում կա 26 հատ ձկնաբուծարան, որից միայն 5-ն են հաշվետվություն ներկայացնում։ Այդ խնդրին տեղյակ է նաեւ Արմեն Բավոյանը, բայց, ըստ Բադալյանի, ոչինչ չի ձեռնարկում. «Ասեցին՝ ջրի մեջ յուղ կա, գնացի Սիս համայնք, գյուղապետից պահանջեցի ներկայացնել տեղականք, թե քանի հատ ձկնաբուծարան կա, ինքը տվեց տեղեկանք այն մասին, որ տարածքում գործում են 26 ձկնային տնտեսություններ։ Ես էլ զարմացա, վերցրեցի տեղականքը, բերեցի ու փորձեցի պարզել, թե դրանցից քանիսն են հաշվետվություն տալիս, ու պարզվեց որ դրանցից միայն հինգն են հաշվետվություն ներկայացնում»։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արթուր Բադալյանը մեկ օրինակ եւս հիշեց. «Բավոյանը ուղարկեց «Մոստավիկ» ասֆալտի գործարան՝ ստուգման։ Կազմել եմ խախտման արձանագրություն 300 հազար դրամի չափով, այսինքն՝ ընկերությունը ջրօգտագործման թույլտվություն չի ունեցել, իսկ առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելը նախատեսում է 300 հազար դրամի, առանց թույլտվության մթնոլորտային օդ աղտոտելը՝ 150 հազար դրամ տուգանք։ Բայց դրանից հետո Բավոյանը գնաց «Մոստավիկ» ՍՊԸ-ի տնօրենի հետ հանդիպման, որից հետո եկավ եւ ինձ ասաց, որ օդով տուգանեմ, այսինքն՝ 300 հազար դրամ տուգանքը դարձնեմ 150 հազար դրամ, մինչդեռ գործարարը ջրօգտագործման թույլտվություն չուներ»: Բադալյանը մեզ հետ զրույցում փոխանցեց նաեւ, որ գործուղումների համար բենզին չեն ստանում անհրաժեշտ քանակությամբ։ Կարճ ասած՝ այս խնդիրների մասին ավագ տեսուչի կողմից բարձրաձայնելուց հետո Արմեն Բավոյանը տեսչական մարմնի ղեկավարին հայտնում է, որ Բադալյանը օրերով աշխատանքի չի հաճախում։ Արդյունքում, Բադալյանի նկատմամբ նշանակվում է ծառայողական քննություն։ «Ժողովուրդ» օրաթերին հայտնի դարձավ, որ Բադալյանի նկատմամբ առաջին անգամ ծառայողական քննություն նշանակվել է նախորդ տարվա հոկտեմբերի 28-ին՝ հոկտեմբերի 16-23 աշխատանքի չներկայանալու պատճառները ճշտելու համար, ինչից հետո՝ դեկտեմբերի 23-ին, ծառայողական քննություն վարողի կողմից կազմվել է եզրակացություն եւ պարզվել, որ Բադալյանի բացակայությունը հարգելի է եղել. այդ օրերին նա աշխատանքային պարտականություններն է իրականացրել։ Սակայն առաջին ծառայողական քննության արդյունքերը ավելի են զայրացրել Բավոյանին, եւ արդեն այս տարվա փետրվարի 17-ին տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը նորից նշանակել է Բադալյանի նկատմամբ ծառայողական քննություն՝ այս անգամ արդեն հոկտեմբերի 24-ից դեկտեմբերի 23-ը ընկած ժամանակահատվածի բացակայությունները պարզելու համար։ Ի դեպ, այս ծառայողական քննության մասով եզրակացությունը կազմվել է 2020 թվականի ապրիլի 3-ին։ Ի դեպ, տեղեկացնենք, որ Բադալյանն իրեն աշխատավարձ չվճարելու եւ բացակա դնելու խեղաթյուրման փաստով (ավագ տեսուչը պնդում է, որ ինքը չի բացակայել աշխատանքից, եւ վստահեցնում է, որ Բավոյանը իր՝ աշխատանքի չհաճախելու վերաբերյալ փաստերը խեղաթյուրում է) դիմել է ոստիկանություն, որպեսզի պարզեն այդ հանգամանքները, սակայն իրավապահ մարմնի կողմից քրեական գործի հարուցումը մերժվել է, որն էլ իր հերթին Բադալյանը բողոքարկել է դատական կարգով։ Այս գործով դատական առաջին նիստը կկայանա մայիսին։
Ամենակարեւորը՝ ըստ Բադալյանի՝ ծառայողական քննություն վարողը, ծառայողական քննություն անցկացնելու մասին կարգը խախտելով, աշխատանքից բացակայության մի հատվածի մասով ընդունել է, որ դա բողոքարկվել է դատական կարգով, մի մասը՝ որ եղել է անաշխատունակության վիճակում, իսկ մյուս մասով ճանաչել է բացակայությունը անհարգելի։ Խոսքը դեկտեմբերի 2-15 ընկած ժամանակահատվածի մասին է՝ պատճառաբանելով, որ աշխաատանքի չի ներկայացել։ Բադալյանի խոսքով՝ հաշվի չի առել, որ այդ նշված ժամանակահատվածում ինքը նախորդ ծառայողական քննության վարողի մոտ կատարել է աշխատանքներ։ Այսինքն՝ այս տեսուչն իր կարեւոր աշխատանքը թողնելով մի կողմ, որի համար վճարվում է պետության կողմից՝ զբաղվել է Ավետիսյանի եւ Բավոյանի կապրիզները բավարարելով։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանի հրամանով Արթուր Բադալյանի նկատմամբ կիրառվել է «ծառայողական դադարեցում» կարգապահական տույժը։ Այս հրամանի հիմքն է եղել ծառայողական քննության արդյունքների հիման վրա կազմված ապրիլի 3-ի եզրկացությունը։ Ստացվում է, որ երկրում արտակարգ դրության պայմաններում տեսչական մարմնի ղեկավարը իր 16 տարվա աշխատանքային փորձ ունեցող ենթակայի ծառայողական պարտականությունները դադարեցնելու վերաբերյալ հրաման է տալիս, ասել է թե՝ ազատում է աշխատանքից։ «Ժողովուրդ» օրաթերթը Արթուր Բադալյանի ահազանգի հետքերով կապ հաստատեց Արմեն Բավոյանի հետ, սակայն վերջինս, լսելով հարցերը, կարճ պատասխանեց. «Ես ապօրինի որեւէ քայլ չեմ արել. եթե անեի, պատասխանատվության կենթարկվեի։ Ինքը աշխատանքի չի ներկայացել, իսկ ինչ ասում է իմ անձի վերաբերյալ, դրանք հերյուրանքներ են»։
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՌՑԱՆՑ ԱՌԱՔՈՒՄ՝ ԽՈՍՏԱՑԱԾԻՑ ՄԻ ՔԱՆԻ ԺԱՄ ՀԵՏՈ
Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արդեն ավելի քան երկու շաբաթ գործում են քաղաքացիների տեղաշարժի եւ բիզնեսի որոշ ոլորտներում տնտեսական գործունեություն իրականացնելու սահմանափակումներ։
Շատ խանութներ արտակարգ դրության պայմաններում ստիպված են փակվել, որոշները կարողանում են իրականացնլ առցանց առեւտուր։ ՀՀ կառավարությունը թույլ է տվել էլեկտրոնային վաճառք, եւ խանութը կարողանում է կազմակերպել առցանց վաճառք եւ առաքում։ Սակայն առցանց վաճառք ու առաքում իրականացնող ոչ բոլոր ընկերություններն են բարեխիղճ կատարում իրենց պարտականությունները։ «Ժողովուրդ» օրաթերթը արդեն մի քանի օր է՝ չի դադարում հեռախոսազանգեր ստանալ օնլայն առեւտրով զբաղվող Supermarket.am-ի գործելաոճից։ Մեզ դիմած քաղաքացիների պատմելով՝ նշված ընկերության առաքիչներն այս օրերին մոտենում են պատվիրատուներին առանց ձեռնոցների եւ դիմակի։ Ամենակարեւորը՝ պատվեր գրանցող օպերատորը խոստանում է առաքել կոնկրետ ժամի, բայց առաքիչը մոտենում է մի քանի ժամ հետո։ Օրինակ, «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիներից մեկը նկատեց, որ ինքը նախօրեին սննդամթերք է պատվիրել, խոստացել են առաքել 19.00-ին, սակայն այն հասցրել են արդեն երեկոյան 22.00-ին։ Մենք այս հեռախոսազանգերի հետքերով կապ հաստատեցինք Supermarket.am-ի հետ, մեր զանգին պատասխանեց օպերատորներից մեկը եւ փորձեց արդարանալ՝ նշելով. «Պատվերների հետ կապված խտություն ունենք ու օրվա կտրվածքով 1500 հատ պատվեր ենք հանձնում, այդ իսկ պատճառով չենք կարողանում առաքել տրված ժամանակահատվածում, բայց հաճախորդին խաբել, այդպիսի բան գոյություն չունի։ Խնդիրը պատվերների խտությունն է։ Բնականաբար, պատվերները դիտարկվում են, խնդիրների դեպքում արձագանքում ենք։ Տնօրինությունը խիստ այդ հարցը դրել է, եւ բոլոր առաքիչները պարտադիր ձեռնոցներով ու դիմակներով են»։ Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, սակայն պարզվեց, որ այս ոլորտը չի վերահսկվում այս կառույցի կողմից։
Ս.Հ.
500 ԿԱՊՈՑՆԵՐ՝ ԾԵՐԵՐԻՆ
Նոյեմբերյանի համայնքապետարանի կողմից համայնքի բնակիչ 65 եւ ավելի տարիք ունեցող միայնակ տարեցներին տրամադրվել են առաջին անհրաժեշտության սննդի շուրջ 600 կապոցներ: Կապոցները տարեցներին հանձնելիս պահպանվել են անվտանգ շփման բոլոր կանոնները: Համայնքի մաս կազմող գյուղական բնակավայրերում կապոցները տարեցներին հանձնելու պարտականությունն իրենց վրա են վերցրել վարչական նստավայրերի աշխատակիցները, վարչական ղեկավարները, իսկ Նոյեմբերյան քաղաքում՝ համայնքապետարանի սոցիալական աշխատողը, համայնքապետարանի այլ աշխատակիցներ:
ԴԱՏԱՐԱՐԱՆԸ ՄԵՂՄ ՎԱՐՎԵՑ
Էդգար Զուրաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Տավուշի մարզում տեղակայված ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրաձգային գումարտակի շտաբի պետ, պաշտոնատար անձ, 2018թ. օգոստոս ամսից մինչեւ 2019թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում, անցնելով պաշտոնեական լիազորությունների սահմանը, նախապես տեղյակ լինելով, գումարտակի պաշտպանական շրջանում թիկունքային ապահովման աշխատանքներ իրականացրած, սակայն համապատասխան ժամաքանակ մարտական դիրքերում չանցկացրած նույն գումարտակի պայմանագրային զինծառայողներ Արտակ Սիմոնյանի, Շահեն Ղանադյանի վերաբերյալ կազմել է կեղծ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող գումարտակի պաշտպանական շրջանում առանձնահատուկ ծառայություն իրականացրած անձնակազմի անվացուցակներ, ապա ներկայացրել է զորամասի հրամանատարի հաստատմանը։ Դրա հետեւանքով էական վնաս է պատճառվել՝ վերոհիշյալ զինծառայողները ստացել են առանձնահատուկ ծառայություն իրականացնելու համար նախատեսված ընդհանուր 680 հազար 744 ՀՀ դրամ հավելավճար։ Լեռնիկ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով նշված զորամասի գումարտակի հրամանատար, պաշտոնատար անձ, պարտավոր լինելով ստուգել գումարտակի շտաբի պետ Էդգար Զուրաբյանի կողմից կազմված գումարտակի պաշտպանական շրջանում առանձնահատուկ ծառայություն իրականացրած անձնակազմի անվանացուցակներում ընդգրկված զինծառայողների հաճախելիությունը, անփույյթ վերաբերմունք է դրսեւորել ծառայողական պարտականությունների նկատմամբ։ Էդգար Զուրաբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով, 375 հոդվածի 1-ին մասով, Լեռնիկ Բաբայանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 1-ին մասով։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ 2020թ. փետրվարի 12-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Մարդանյանը որոշել է Լեռնիկ Բաբայանի հանդեպ ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 1-ին մասով քրեական գործը կարճել եւ քրեական հետապնդումը դադարեցել՝ ՀՀ քրեական օրենսդգրքի 72 հոդվածով նախատեսված գործուն չղջալու հիմքով։ Դատավոր Ս. Մարդանյանը նույն օրը վճռել է Էդգար Զուրաբյանին 314 հոդվածի 1-ին մասով դատապարտել 300 հազար դրամի չափով տուգանքի, 375 հոդվածի 1-ին մասով դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով, կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը, ազատազրկման պատիժը պայմանականանորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ մեկ տարի ժամկետով։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ