«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է հայկական շոու-բիզնեսի այն աստղերին, որոնք իրենց ծնունդով մայրաքաղաքից չեն: Նրանք տարբեր մարզերի ներկայացուցիչներ են, որոնք կարողացել են հաջողության հասնել ոչ միայն Երեւանում, այլեւ ամբողջ Հայաստանում, հաճախ՝ նաեւ Սփյուռքում:
Ալլա Լեւոնյան
Երգչուհին Արարատի մարզի Ավշար գյուղից է: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: Զուգահեռ 11 տարի սովորել է արվեստի երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում եւ հաճախել է Երեւանի գրողների միության «Պիոներ կանչ» թերթի «Բողբոջ» խմբակ, որտեղ տպագրվել են նրա բանաստեղծությունները: Այստեղից էլ ձեւավորվել է առաջին կապը մայրաքաղաքի հետ: Ալլա Լեւոնյանն, իսկապես, այն աստղերից է, որոնք փոքրիկ բնակավայրից գալիս եւ գրավում են մեծ բեմեր:
Արսեն Սաֆարյան
Արսենը ծնվել է Արցախի Ծմակահող գյուղում, իսկ հետո տեղափոխվել Հրազդան քաղաք: 1994-98թթ.-ին էլ տեղափոխվել է Երեւան եւ սովորել է Ֆիզիկականկուլտուրայի ինստիտուտի մարզախաղերի բաժնում: «Երբ Երեւան եկա Ղարաբաղից, իսկ Արսեն Սաֆարյանը՝ Հրազդանից, երեք-չորս տարի միասին վարձով ենք ապրել»,-մի առիթով պատմել է Ռազմիկ Ամյանը: Արսենը մեծ սեր է վայելում իր հայրենի քաղաքում եւ համերգներով հաճախ է լինում նաեւ այնտեղ:
Արման Հովհաննիսյան
Երգիչը ծնվել է Մասիս քաղաքում: 12 տարեկանից սկսել է երգչի գործունեությունը: Նա երգել է Մասիս քաղաքի երգի եւ պարի անսամբլում, որի հետ շրջագայել է Հայաստանի բոլոր մարզերով: Ավարտել է Մասիսի միջնակարգ դպրոցը: Եվ երբ Արման Հովհաննիսյանը ընդունվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, այդ պահից էլ հաստատվել է կապը մայրաքաղաքի հետ:
Սիլվա Հակոբյան
Երգչուհին ծնվել է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում: 4 տարեկանից սկսել է երգել: 6 տարեկանից հաճախել է Վայքի թիվ 1 միջակարգ դպրոց: Երկու տարի հետո տեղափոխվել է Երեւան: Սիլվան հարցազրույցներում հաճախ է հիշատակում իր՝ Վայքից լինելու փաստը եւ մեծ ջերմությամբ է խոսում ծննդավայրի մասին: Ի դեպ, նրա ամուսինը՝ Նորայրը եւս ծնունդով Վայքից է: Վերջինս եղել է Սիլվայի դասընկերը առաջին եւ երկրորդ դասարաններում:
Մկրտիչ Արզումանյան
Մկոն ամենահայտնի երիտասարդ գյումրեցիներից է: Դերասանը ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): Սովորել է տեղի թիվ 23 եւ թիվ 14 միջնակարգ դպրոցներում, այնուհետեւ ուսանել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում: Հետագայում արդեն Մկոն ամուր կապ է հաստատել մայրաքաղաքի հետ՝ դառնալով Հայաստանի ամենապահանջված դերասաններից մեկը:
Ռաֆայել Երանոսյան
Դերասանը ծնվել է Արմավիրի մարզի Լենուղի գյուղում: Ավարտել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանի ստուդիան եւ արդեն սկսել աշխատել Երեւանի պետական կամերային թատրոնում` որպես դերասան: Ռաֆայելն ամեն առիթով հիշատակում է իր հայրենի գյուղի մասին, իսկ «Չէին սպասում» ծրագիրն էլ հյուրընկալվել էր հենց նրա հայրական տուն:
Գարիկ Պապոյան
Գարիկը եւս հայրաքաղաքից է: Նա ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի), սակայն վաղ տարիքում տեղափոխվել է Երեւան եւ ավարտել է թիվ 196 միջնակարգ դպրոցը: Գարիկը միշտ արտահայտել է իր առանձնակի սերը Գյումրու եւ գյումրեցիների նկատմամբ:
Անի Պետրոսյան
Դերասանուհի Անի Պետրոսյանն էլ Գյումրիից է: Նա սովորել է տեղի Բայրոնի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում: Երկրաշարժից հետո տեղափոխվել է Մոսկվա, որտեղ շարունակել է ուսումը: 10-րդ դասարանից վերադարձել եւ ավարտել է Գյումրիի դպրոցը ու տեղափոխվել Երեւան: Պատահական չէ, որ նրան բաժին էր ընկել գլխավոր դերերից մեկը «Թղթե երազանք» ֆիլմում, որը պատմում էր Գյումրու տնակային ավաններից մեկում ապրող ընտանիքի մասին: Անին, լինելով բնիկ գյումրեցի եւ ականատես լինելով տնակային ավաններում բնակվողների առօրյային, բավականին բնական խաղաց իր դերը:
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ
«ԱՐՎՈՒՄ Է ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է»
«Հայաստանի կառավարության աշխատանքն այս օրերին չափազանց բարձր եմ գնահատում, նույնիսկ արվում է ավելին, քան հնարավոր է: Ես շատ գոհ եմ: Կարծում եմ՝ շատերն են հասկանում, թե նոր ընտրված, քիչ փորձով կառավարությունն ինչ փորձության առջեւ է կանգնել: Ես հավատում եմ, որ լավ է լինելու, մենք կորոնավիրուսն էլ ենք հաղթահարելու, Աստված մեր ազգին չի թողնի»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեսակետ հայտնեց երգչուհի Արմինե Գրիգորյանը:
Նա նշեց, որ իր աշխատանքը եւս մեծապես տուժել է կորոնավիրուսի պատճառով. «Չի աշխատում այն ռեստորանը, որտեղ հանդես էի գալիս, բացի այդ, ես օրավարձով աշխատող էի, հանդես էի գալիս տարբեր կոորպորատիվներում, հետեւաբար այս օրերին կանգնել եմ փաստի առաջ: Բայց, հավատացե՛ք, դա չէ, որ ինձ հուզում է: Սրանք այնպիսի օրեր են, երբ աղոթում եմ ոչ միայն իմ, իմ ընտանիքի ու Հայաստանի, այլեւ ամբողջ աշխարհի համար»:
Արմինե Գրիգորյանը շեշտեց, որ օրինակելի քաղաքացի է. եթե պարետը հրահանգել է մնալ տանը, ինքը ենթարկվում է նրան: Հարցին, թե ինչ տպավորություն ունի քաղաքացիների ինքնակազմակերպման վերաբերյալ, Արմինե Գրիգորյանը պատասխանեց. «Մենք լեն օրերին իրար քարկոծում ենք, նեղ օրերին՝ միաբանվում: Այս վերջինը տաղանդի պես բան է: Ամեն ազգ չէ, որ օժտված է դրանով:
Իհարկե, կան մարդիկ, որոնք այս օրերին միայն վատն են տեսնում եւ մատնանշում, իսկ ես լավատես եմ, ես այդ տեսակն եմ»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ խոսել էր կորոնավիրուսի հետ կապված դրական դինամիկայի մասին. «Առաջիկա շաբաթվա ընթացքում, եթե պահպանենք պարետատան սահմանափակումները, երկուշաբթի օրվանից կսկսենք ռեժիմների թուլացումը եւ կմտածենք բնականոն կյանքին վերադառնալու մասին», – ասել էր վարչապետը։
Ա. ԱՆՏՈՆՅԱՆ