Որ գործարարն է ցուցմունք տվել Սերժ Սարգսյանին առնչվող քրեական գործով․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1in.am-ն այսօր գրել էր, որ իր տեղեկություններով, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ, բացի արդեն դատարան մտած դիզվառելիքի գործից ևս մեկ քրեական գործ է հարուցված, որը վերաբերում է արդեն կաշառք ստանալուն։  Լրատվական կայքը տեղեկություն էր հրապարակել, թե այդ գործով մի գործարար ցուցմունք է տվել և ասել, որ 7 միլիոն դոլար առձեռն կաշառք է տվել Սերժ Սարգսյանին։

ArmLur.am-ի տեղեկություններով, չի բացառվում, որ հարուցված քրեական գործը կապ ունենա Սամվել Մայրապետյանի, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված կաշառքի քրեական գործի հետ: Բանն այն է, Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքին ավելացել է ևս մեկը՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը:

Քոչարյանի փաստաբանների պնդմամբ՝ առաջադրված այս մեղադրանքի հիմքում ընկած է Սիլվա Համբարձումյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը 2008-ին գործարար Սամվել Մայրապետյանին գումար է տվել՝ երկրի ղեկավարությանը փոխանցելու նպատակով, որպեսզի իշխանությունները չխոչընդոտեն իր բիզնեսը: ArmLur.am-ի տեղեկություններով,  գործարարը 2018 թվականի հոկտեմբերի այս կաշառքի շրջանակներում տվել է նաեւ Սերժ Սարգսյանի անունը:

Եվ ահա, իրավապահ շրջանակներից  ArmLur.am-ին հայտնում են, որ այն գործարարը, որը  Սերժ Սարգսյանին առնչվող քրեական գործով ցուցմունք է տվել,  նրա վաղեմի ընկեր, սնանկացած գործարար Միխայիլ Բաղդասարովն է ։

Նշենք, որ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնել է, որ Սերժ Սարգսյանի դեմ նոր քրեական գործ հարուցված չէ:




Լրահոս