Ինչպես արդեն հայտնել ենք՝ այսօր Գեղարքունիքում գրանցվել է կորոնավիրուսի վարակման առաջին դեպքը։
Սակայն նշենք, որ այս առումով վիճակն այժմ կրիտիկական է, քանի որ կորոնավիրուսով վարակված անձը Վարդենիս քաղաքի պոլիկլինիկայի բժիշկներից է: Այսինքն, տվյալ անձի շփման շրջանակը բավական մեծ է, քանի որ ArmLur.am-ի տեղեկություններով, այս օրերին նա աշխատանքի բերումով շատ մարդկանց հետ է շփվել՝ թե՛ այցելուների, թե՛ ընտանիքի անդամների, թե՛ պոլիկլինիկայի աշխատակազմի։
Ըստ մեր տեղեկությունների Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքում ևս կա մեկ վարակված անձ։ ArmLur.am-ն այս առնչությամբ կապ է հաստատել Նորակերտ համայնքի ղեկավար Գերասիմ Սարգսյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ գյուղում առկա վարակի դեպքի մասին լսել է գյուղացիներից։
«Զանգահարել եմ, ասաց, որ շատ լավ է զգում իրեն, զբաղված է առօրյա գործերով, ինչպես գյուղում բոլորը։ Տղամարդը մոտ 57-58 տարեկան է, ոչ մի ջերմություն չունի, իրեն էլ վատ չի զգում»,-ասաց նա։
Հարցին՝ արդյոք ջերմաչափում իրականացրել են, թե ոչ, համայնքի ղեկավարը նշեց՝ գյուղում ոչ մի հսկողություն չկա․
«Ջերմաչափումներ չեն կատարվում, նա իրեն շատ լավ է զգում, ոչ մի մեկուսացած ընտանիք, խուճապային տրամադրություն չկա գյուղում»,-հավելեց Գերասիմ Սարգսյանը։
Ի դեպ, ուշագրավն այն է, որ պոլիկլինիկայում աշխատանքները շարունակվում են, սակայն սա էլ է ռիսկային, եւ այժմ այդ առումով ևս քննարկումներ են ընթանում։
Լիդա Եղիազարյան