Ինչպես հայտնի է, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհուրդն ապրիլի 14-ին նիստ էր հրավիրել և, հաշվի առնելով Հայկ Եսայանի՝ տնօրենի պաշտոնից ազատման դիմումը, նոր տնօրեն է նշանակել Արա Խաչատրյանին: Սակայն դրանից հետո Հայկ Եսայանի թիմը «Յուքոմ» ընկերության անունից հայտարարություն էր տարածել և տեղեկացրել, որ տնօրենների խորհրդի նիստը իրավական որևէ հիմք չունի, իսկ Հայկ Եսայանն էլ շարունակում է զբաղեցնել տնօրենի պաշտոնը։
Այսպիսով, ապրիլի 14-ին տեղի ունեցած նիստին մասնակցել է խորհրդի 6 անդամ, ընդ որում՝ 3-ը մասնակցել է հավելվածի միջոցով։ Այսպիսով նիստին մասնակցել են Արամ Խաչատրյանը (հավելվածով), Գուրգեն Խաչատրյանը, Արտյոմ Խաչատրյանը (հավելվածով), Ահարոն Լևոնյանը, Սարգիս Կարապետյանը (հավելվածով), Արա Խաչատրյանը։
Ինչպես հայտնի է, «Յուքոմ»-ի բաժնետոմսերի 29 տոկոսը պատկանում է «ԱյՅու Թելեքոմյունիքեյթ» ընկերությանը, որն էլ տնօրինում են Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններ, որոնցից յուրաքանչյուրն ունի 11,9 տոկոս բաժնեմասը։ Նիստին մասնակցած մեկ այլ անդամ՝ Արամ Խաչատրյանն ունի 24 տոկոս, մնացած բաժնեմասերից 10 տոկոսը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի «Ֆորա-բանկ»-ին, 6 տոկոսը՝ Կարապետյանի քրոջ ամուսնուն՝ Սուրիկ Պողոսյանին, մոտ 6 տոկոսն էլ՝ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրներին։
Սակայն ընդգծենք, որ այս տարվա ապրիլի 10-ին հայտարարություն էր տարածել Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը և հայտնել, թե անհիմն քրեական հետապնդումներ են սկսվել Խաչատրյանի որդիներ՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների, ինչպես նաև հորեղբոր որդի՝ Արամ Խաչատրյանի նկատմամբ: Մասնավորապես, 2020 թվականի մարտի 27-ին քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված ակնհայտ անօրինական և անհիմն որոշումներով կալանքներ են դրվել վերը նշված բոլոր անձանց գույքերի վրա։
Հավելենք, որ արդեն դիմում է առկա ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր՝ «Յուքոմ» ՓԲ ընկերության գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության պետական գրանցում կատարելու համար, սակայն այն դեռ չի հաստատվել եւ առաջիկայում կարող են նոր զարգացումներ լինել։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ «Յուքոմ» ընկերության բազմաթիվ աշխատակիցներ հրաժարական են տվել: Հրաժարական տված անձանց թվում են Ալեքսանդր և Հայկ Եսայանները՝ «Յուքոմի» հիմնադիրները: Ընդհանուր դիմում գրածների թիվը կազմում է 856 մարդ: