Նիկոլ Փաշինյանը նախատե՞լ է ապրիլյան հանձնաժողովի անդամներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ստեղծված ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստից հետո իր դժգոհությունն է հայտնել անդամներին։ Խոսքն ապրիլի 16-ին տեղի ունեցած նիստի մասին է, որին հրավիրված էր ՀՀ երրորդ  նախագահ Սերժ Սարգսյանը։

Մասնավորապես, նա դժգոհություն է հայտնել այն առումով, որ Սերժ Սարգսյանը կարծես թե մեծարվեց նիստից հետո, ներկայացվեց դրական կերպով եւ Փաշինյանը հարց է բարձրաձացրել՝ եթե այդպես պետք է լիներ, այդ դեպքում ինչ իմաստ ուներ այս ամեն։ Սակայն ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը վստահեցրեց, թե Նիկոլ Փաշինյանն այդ թեմայով որևէ զրույց կամ հանդիպում չի ունեցել հանձնաժողովների անդամների հետ։

Ինչպես հայտնի է, ապրիլի 16-ին տեղի ունեցած նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը  5 ժամ պատասխանեց պատգամավորների հարցերին: Այսպիսի երկար նիստ դեռ չէր եղել: Սերժ Սարգսյանը հանդես է եկել ներածական խոսքով, ասել այն, ինչ ԱԺ բակում խոսել էր լրագրողների հետ: Նշել է, որ եկել է խոսելու, բացատրելու, բարձրաձայնելու ժամանակը եւ ինքը պատրաստ է ամեն ինչի մասին բաց խոսելու, թաքցնելու, կաշկանդվելու ոչինչ չունի:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպումն անցել է շատ հանգիստ, ընդ որում՝ երկկողմանի հանգիստ, եւ բոլորն էլ ցանկացել են հանդիպումն անցկացնել երկկողմանի հարգանքի մթնոլորտում, սակայն դա չի խանգարել պատգամավորներին հնչեցնել ամենատարբեր հարցեր՝ սկսած հետախուզության աշխատանքի, հեկտարներ կորցնելու, պայմանավորված պատերազմ-լինել չլինելու եւ մեղավորների մասին։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս