ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին մեկ օր է մնացել Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում եւ հարակից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ստորագրելու կամ Սահմանադրական դատարան դիմելու համար։ Ինչպես հայտնի է, Ազգային ժողովը մարտի 25-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նախագծերի փաթեթը, որը վերաբերում է դատավորների բարեվարքությանը: Այն ընդունվեց 84 կողմ, 29 դեմ ձայներով: Եվ օրենքն ընդունվելուց հետո, այն սահմանված կարգի համաձայն, ուղարկվել է Արմեն Սարգսյանին, որը, սակայն, մինչ օրս դեռ չի ստորագրել այս օրենքը։
Հիշեցնենք, որ օրենքը ստորագրելու համար սահմանված է 21-օրյա ժամկետ էև այն լրանում է հենց վաղը։ Բանն այն է, որ Արմեն Սարգսյանը մտահոգություններ ունի նախագծի հետ կապված և ներկայումս իրավական փորձաքննություն է իրականացվում, որի հիման վրա էլ նախագահը վերջնական որոշում կկայացնի։
Հավելենք, որ այդ փաթեթի համաձայն իրականացվելու է դատավորների բարեվարքություն՝ Դատավորների գործունեությունը գնահատող հանձնաժողովի կողմից, որը բաղկացած է լինելու հինգ անդամից` մեկական դատավոր տարբեր դատարանների ատյաններից և երկու իրավաբան-գիտնական: Հանձնաժողովը քննարկելու է օրինակ դատավորների կողմից գործերի բաշխման, ողջամիտ ժամկետում քննարկման հարցերը, նիստի ընթացքում դատավորի վարքագծի հետ կապված խնդիրներ: Եվ եթե հայտնաբերվեն նյութական կամ դատավարական օրենքի դիտավորյալ կամ կոպիտ անփութությամբ խախտումներ, ապա գնահատման հանձնաժողովը կարող է դիմել էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար:
Սակայն սա էլ դեռ ամենը չէ․ փաթեթով նաև դատավորների թեկնածուների ընտրության նոր մեխանիզմներ են սահմանվել։Եվ գույքի փոփոխությունը, եթե ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ կա ոչ ամբողջական հայտարարագրված գույք, ապա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դառնում է կարգապահական վարույթ հարուցելու իրավունք ունեցող մարմին: Մյուս փոփոխությունն էլ այն է, որ դատավորների թեկնածուների հավակնորդների տարիքային շեմը 28 տարեկանից իջեցվում է 25-ի:
Նկատենք, որ ԱԺ-ում այս փաթեթը բավական բուռն է քննարկվել, դեմ էին արտահայտվել ընդդիմադիր պատգամավորները, նաև հակասություններ կային իշխանական խմբակցության ներսում։ Ի վերջո, նախագահը կստորագրի, թե այն կուղարկի ՍԴ, պարզ կլինի վաղը։
Մանրամասները՝ տեսանյութում