Խորհրդակցություն` Նիկոլ Փաշինյանի մոտ. երբ է գործելու պարեկային ծառայությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության նախագիծը:

Վարչապետին մանրամասն ներկայացվել են բարեփոխումների շրջանակում 2020-2022 թվականներին նախատեսվող գործողությունները: Բարեփոխումների առանցքում են լինելու Ներքին գործերի նախարարության ու պարեկային ծառայության ստեղծումը:

Ռազմավարությամբ առաջարկվում է բարեփոխումների հետևյալ առաջնահերթ ուղղությունները. ոստիկանության համակարգում կառուցվածքային փոփոխություններ և գործառույթների հստակեցում, պարեկային ծառայություն և օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծում, նախաքննության արդյունավետության բարձրացում, հասարակական կարգի պահպանություն, համայնքային ոստիկանության վերաիմաստավորում, ոստիկանությունում ծառայության գրավչություն, կադրերի պատրաստում և մասնագիտական զարգացում, մարդու իրավունքների պաշտպանության բարելավում, թափանցիկության և հանրային հաշվետվողականության ապահովում:

Ըստ այդմ, անդրադարձ է կատարվել վերը նշված առաջնահերթությունների իրականացման ուղղությամբ նախատեվսող աշխատանքներին ու միջոցառումներին, գործողությունների հերթականությանը:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ոստիկանության համակարգում բարեփոխումների իրականացումն ու ոստիկանության ծառայողի նոր կերպարի ձևավորումը: «Ոստիկանությունում ծառայությունը պետք է դարձնել գրավիչ և համակարգն ապահովել բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող կադրերով»,- ասել է կառավարության ղեկավարը՝ ընդգծելով նաև սոցիալական երաշխիքների ապահովման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով ճանապարհային երթևեկության հսկողությանը՝ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ քաղաքականությունը պետք է լինի ոչ թե քաղաքացիներին տուգանելը՝ այլ կանոնների խախտման կանխարգելման ուղղությամբ միջոցառումների իրականացումը: «Մեր այս ծրագիրը մեծ կարևորություն ունի, և ես ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում, որ այն իրականացնենք նախանշված ժամկետներում»,- նշել է վարչապետը և պատասխանատուներին տվել ռազամավարությունն իրականացնելու հետ կապված կոնկրետ հանձնարարականներ:

Ռազմավարությամբ նախատեսվում է, որ պարեկային ծառայությունն սկսելու է գործել արդեն 2021 թվականի առաջին եռամսյակում:




Լրահոս