Կատարված նմուշառումների արդյունքում Շիրակի Անի խոշորացված համայնքում հաստատվել է կորնավիրուսի վարակաման 8 նոր դեպք. վարակակիրների ընդհանուր թիվը համայնքում այս պահին 18 է: Նրանք Մարալիկի հիվանդանոցի աշխատակիցներ են: Քննարկվում է համայնքում տեղաշարժի սահմանափակման հարցը: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 13-14 կատարված նմուշառումների արդյունքում Մարալիկի հիվանդանոցի 10 աշխատակցի մոտ հաստատվել էր կորնավիրուս: Ելնելով այդ հանգամանքից՝ որոշում էր կայացվել իրականացնել հաստատության բոլոր աշխատակիցների նմուշառում: «Երեկ ուշ երեկոյան ստացանք նմուշառումների արդյունքերը. Նրանցից 8-ի մոտ դրանք դրական էին, ինչը նշանակում է , որ այս պահին Մարալիկում ունեցանք 18 դրական դեպք: Հաստատված դեպքերի քանակը Մարալիկի ու հարակից Ձորակապ բնակավայրի միջև տեղաշարժի հետ կապված հարց է առաջացնում»,-ապրիլի 18-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ տեղեկացնելով որ հիվանդանոցի ավելի քան 50 աշխատակցի տրված է ինքնամեկուսացման ցուցում, իսկ 40 կոնտակտավոր անձ գտնվում է մեկուսացման մեջ:
Այս պահին Մարալիկի առողջության կենտրոնում աշխատանքները 2 շաբաթով դադարեցնելու որոշում կա: Առողջության կենտրոնի դրական բոլոր արդյունքեր ունեցող հիվանդները տեղափոխվել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց: Այս փուլում քննարկվում է բնակավայրում տեղաշարժի սահմանափակման հարցը: «Հենց հիմա մենք պարետատան հետ աշխատում ենք այս ուղղությամբ, այստեղ կա մեկ խնդիր՝ ճանապարհն անցնում է Մարալիկ ու Ձորակապ բնակավայրի միջով, փորձելու ենք տրանզիտային միջանցքը չփակելով, մտածել գործիքներ, որոնցով հնարավոր կլինի վերահսկել տեղաշարժը։ Երբ որոշումը կկայացվի պարետատունը հանդես կգա հայտարարությամբ»:
Այս պահին Շիրակի մարզում կա կորոնավիրուսի հաստատված 37 դեպք։