ՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ․ Վեդիի ջրամբարի շինարարությունը՝ կարևոր իրադարձություն Հայաստանի համար․ Սուրեն Պապիկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Արարատի մարզ՝ հետևելու Վեդիի ջրամբարի շինարարական աշխատանքների ընթացքին։ Նախարարին ուղեկցել են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը, Տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Արթուր Սողոմոնյանը, ջրային ոլորտի պատասխանատու աշխատակիցներ։
Ջրամբարի շինաշխատանքները վերսկսվել են ապրիլի 13-ից՝ հետևելով պարետի կողմից տրված հրահանգներին և ցուցումներին‚ պահպանելով սահմանված սանիտարահիգիենիկ պայմանները։ Շինարարներն ապահովված են բժշկական դիմակներով‚ ախտահանիչ նյութերով։ Շինհրապարակ մուտքից առաջ նախարար Սուրեն Պապիկյանը և ուղեկցող պաշտոնյաներն անցել են ջերմաչափում։


Նախարարը Պապիկյանը կարևորել է արտակարգ դրության ընթացքում առողջության համար անվնաս աշխատանքային պայմանների շարունակական ապահովումը և միաժամանակ հորդորել պատասխանատուներին հետևել նախանշված ժամանակացույցի և շինարարության տեմպի հնարավորինս պահպանմանը, անհրաժեշտության դեպքում սահմանել աշխատանքային հերթափոխ։

Խոսելով ջրամբարի կենսական նշականությունից` նախարար Սուրեն Պապիկյանն ընդգծել է . «Վեդիի ջրամբարի շինարարությունը կարևոր իրադարձություն է Հայաստանի Հանրապետության նորանկախ պատմության համար, այն ,ըստ էության, հետխորհրդային Հայաստանում կառուցվող առաջին ջրամբարն է»։ Նախարարի խոսքով` նախորդ տարի իր այցելության ժամանակ եղած խնդիրները՝ կապված կավի արդյունահանման, հողօգտագործման թույլտվության, գազալցակայանի կառուցման հետ, ամբողջությամբ լուծվել են։ «Մեր միջազգային գործընկերների՝ Զարգացման ֆրանսիական գործակալության ֆինանսական աջակցությամբ պայմանավորված` որոշակի խոչընդոտները ևս հաղթահարվել են: Եվ մենք այս տարի պետք է փորձենք աշխատանքները մոտեցնել ավարտական փուլին», -նշել է նախարար Պապիկյանը։

Ջրամբարի շինհրապարակում «Սահակյանշին» ընկերության տնօրեն Սուրեն Սահակյանը նախարարին ներկայացրել է պատվարի կառուցման և կավադրման աշխատանքները, շրջայցի ընթացքում ծանոթացրել վարարային ջրհեռի, ոռոգման ջրանցքի և օժանդակ այլ կառույցների գործառութային նշանակությանը։ Համալիրի գեոտեխնիկական լաբորատորիայում Սուրեն Պապիկյանը հետևել է գրունտի կավճային հիմքի փորձաքննությանը, զրուցել աշխատակիցների հետ։

Աշխատանքային այցի ընթացքում նախարար Պապիկյանը եղել է նաև Արարատի մարզում կառուցվող գյուղմթերքի մանրամեծածախ շուկայում, որը ներդրողի հավաստիացմամբ կգործարկվի այս տարի։

Տեղեկացնենք, որ Վեդու ջրամբարը կառուցվում է Վեդի գետի աջափնյա Կոտուց սելավատարի վրա, այն լցնելու ջրաղբյուր է հանդիսանալու Վեդի և Խոսրով գետերի՝ գարնանային ամիսների վարարային/ազատ հոսքը: Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցմամբ ջրամբարի իշխման տակ գտնվող ոռոգելի հողատարածքները կավելանան շուրջ 300 հա-ով, ոռոգման ցանցի կորուստները կկրճատվեն 20-25%-ով, կնվազի Սևանա լճից ոռոգման նպատակով ջրապահանջարկը, կբարձրացվի մշակաբույսերի բերքատվությունը, էլեկտրաէներգիայի տարեկան տնտեսումը կկազմի մոտ 19.0մլն կվտ/ժամ։

Ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 90 մլն եվրո, այդ թվում՝ 75մլն եվրո վարկային միջոցներ։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2021 թվականի մարտին:




Լրահոս