Ապրիլի 19-ին Մարտակերտի շրջանի բնակիչ, 1981թ. ծնված Է. Մ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ գյուղի «Սվքարե» կոչվող վարչական տարածքում մարդ է կորել:
Այս մասին տեղեկացրին ԱՀ ոստիկանությունից:
ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 10:00-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչներ՝ 1961թ. ծնված Վ. Գ.-ն՝ 1954թ. ծնված Գ. Հ.-ի հետ միասին սինդրիկ հավաքելու նպատակով դուրս են եկել տնից և գնացել նշված տարածք, որտեղ Գ. Հ.-ն և Վ. Գ.-ն բաժանվելով իրարից պայմանավորվել են ժամը 17:00-ի սահմաններում հանդիպել նույն վայրում, սակայն Վ. Գ.-ն չի վերադարձել:
ԱՀ ոստիկանության ծառայողները՝ ԱՀ ԱԻՊԾ ծառայողների և բնակիչների հետ համատեղ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ապրիլի 20-ին ժամը 00:30-ին «Սվքարե» կոչվող տարածքում գլխի շրջանում հրազենային վնասվածքով հայտնաբերել են Վ.Գ.-ի դին։
Դիակի մոտ հայտնաբերվել է Վ.Գ.-ի որդու անվամբ հաշվառված երկփողանի որսորդական հրացանը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: