Կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում աշխատանքն է շարունակում նաև Կովկասի բնության հիմնադրամը՝ ուշադրության կենտրոնում պահելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության հարցը:
Կովկասի բնության հիմնադրամի կողմից /CNF/ իրականացվել են 2020 թ. ֆինանսական տարվա համար առաջին գումարային փոխանցումները ՀՀ ՇՄՆ կազմում գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներին: Ընդհանուր առմամբ, հատկացվել է ավելի քան 285 հազար եվրո գումար: Օժանդակությունը հատկացվել է 4 ՊՈԱԿ-ների, որտեղ արդեն տարիներ շարունակ աշխատում է CNF-ը:
Նշված գումարից 103 հազար եվրո հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, շուրջ 93 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 78 հազար եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին, 10 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին: Հիշեցնենք, որ հատկացված գումարներով պետբյուջեի հետ համաֆինանսավորվում են վերոնշյալ ՊՈԱԿ-ների ընթացիկ ծախսերը, մասնավորապես, գումարներն ուղղվելու են աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը և հավելավճարներին, ֆինանսավորվելու են այն անհրաժեշտ ծախսերը, որոնք ապահովելու են ՊՈԱԿ-ների արդյունավետ աշխատանքը:
CNF-ը շարունակում է աջակցությունը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ բարելավելու ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը, ապահովելու Հայաստանի եզակի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված աշխատանքների իրականացումը: