ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը սոցկայքի իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին՝ կիրակնօրյա ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց պետության ու հասարակության համար մի շարք կարևորագույն, կենսական իրողությունների մասին ու հանդես եկավ սկզբունքային արձանագրումներով։ Նիկոլ Փաշինյանն ընդհանուր առմամբ արձանագրեց, որ 2018 թվականի թավշյա հեղափոխության առջև դրված նպատակներն այսօր էլ արդիական են, և որ ինքն ու իր քաղաքական թիմը անելու են առավելագույնը դրանց իրագործման համար։ Իսկ այդ նպատակները լայն իմաստով վերաբերում են արդարության հաստատմանը, տասնամյակներ շարունակ պետությունից թալանված միջոցների վերադարձմանը և որպես դրա հետևանք՝ պետության կենսունակության բարձրացմանը։ Նիկոլ Փաշինյանն իրավացիորեն արձանագրեց, որ ասյօր էլ՝ հեղափոխությունից երկու տարի անց, պետական կառավարման համակարգում դեռևս շատ են, ինչպես ինքը ձևակերպեց, «Սերժի մնացուկները», ինչը նշանակում է, որ նախկին իշխանությունները դեռևս շարունակում են ազդեցություն պահպանել պետական կառավարման համակարգում ու իրավապահ մարմիններում։
Վարչապետի մեկ այլ արձանագրում, որ բոլոր այդպիսի կադրերին տրվել է հնարավորություն, շանս հարմարվելու նոր իրողություններին ու նոր իրականությանը, նույնպես հասկանալի է ու արդարացված, ինչպես որ այդ արձանագրման շարունակությունն այն մասին, որ այդ շանսը չօգտագործածները դուրս են շպրտվելու պետական կառավարման համակարգից։ Չափազանց կարևոր էին նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները դատական համակարգի ու հատկապես Սահմանադրական դատարանի վերաբերյալ։
Վարչապետը վերահաստատեց, որ Սահմանադրական ճգնաժամի հաղթահարումը այսօր էլ մնում է իշխանության օրակարգում, ինչը նշանակում է, որ կորոնավիրուսի շնորհիվ իրենց պաշտոնները պահպանած ՍԴ անդամները համավարակի հաղթահարումից հետո հեռացվելու են։
Նիկոլ Փաշինյանի խոսքի տրամաբանությունն ու փիլիսոփայությունն այն մասին, որ իշխանությունը չի շեղվելու թավշյա հեղափոխությամբ իրեն տրված մանդատից և վենդետաներ չի իրականացնելու, նույնպես չափազանց կարևոր էր։ Այո, վենդետաներով մենք չենք կարող կառուցել իրավական ու օրինական պետություն, ամեն ինչ պետք է տեղի ունենա Սահմանադրության ու օրենքների շրջանակներում։ Եվ, ինչպես արդարացիորեն նշեց Նիկոլ Փաշինյանը, այդ նպատակին է ծառայելու նաև վերջերս Ազգային ժողովի կողմից ընդունված Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օերենքը, որը հնարավորություն է տալու վերադարձնել պետությունից ու հասարակությունից թալանվածը։
Ինչպես բազմիցս առիթ եմ ունեցել արձանագրելու, 2018 թվականի թավշյա հեղափոխությամբ հայ ժողովուրդը ստացել է եզակի, պատմական հնարավորություն կառուցելու կայացած, ամուր ու կենսունակ պետություն։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները գալիս են վկայելու, որ այդ շանսը, այդ հնարավորությունը այսօր էլ պահպանվում է, ինչը նշանակում է, որ բոլորս՝ անհատապես և ազգովի՝ որպես հավաքականություն, պետք է անենք առավելագույնը այդ շանսը մինչև վերջ օգտագործելու ու իսկապես մեր երազած հայրենիքը կառուցելու նպատակով։