Դիլիջան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Դիլիջան համայնքի ղեկավարի կողմից թույլ տրված առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Մասնավորապես պարզվել է, որ Դիլիջան համայնքի ղեկավարը, որը 2005 թվականից մինչ օրս զբաղեցրել է հիշյալ պաշտոնը, պատասխանատու լինելով Դիլիջան քաղաքի գույքի, տարածքի և այլ նյութական միջոցների պահպանության և տնօրինման համար, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով «Ընդերքի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների պահանջները, չունենալով ընդերքօգտագործման իրավունք տրամադրելու լիազորություն և համայնքի գույքը օտարելու իրավունք, առանց համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու, 2013-2016 թվականներին արտադրական կոոպերատիվի նախագահի հետ, որն իր մտերիմն է, կնքել է պայմանագրեր, որոնց հիման վրա՝ Աղստև գետի հունի մաքրման աշխատանքներից առաջացած շուրջ 21.205 մ/խ ավազակոպճային խառնուրդն անհատույց տրամադրվել է հիշյալ կոոպերատիվին՝ պետության, համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Այնուհետև, համայնքի ղեկավարը, 2016-2019թթ. ընկած ժամանակահատվածում, կրկին առանց համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու, համայնքին պատկանող «TLB-825-RM» մակնիշի էքսկավատորը և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը, առանց որևէ փաստաթղթային ձևակերպման, պարբերաբար, անհատույց օգտագործման համար, տրամադրել է վերոհիշյալ կոոպերատիվի նախագահին: Իսկ երբ համայնքի գույքն առանց փաստաթղթային ձևակերպման հանձնելու փաստն իրավապահ մարմինների կողմից բացահայտվել է, այն թաքցնելու համար, նախնական համաձայնության գալով արտադրական կոոպերատիվի նախագահի հետ, համայնքի ղեկավարը հետին թվով կազմել է կեղծ փաստաթուղթ՝ պայմանգիր՝ նշված տեխնիկան կոոպերատիվին վարձակալության հանձնելու վերաբերյալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Դիլիջան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով և 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով»,- ասված է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:




Լրահոս