Հիվանդանոցը բազմաֆունկցիոնալ է. բուժում, խնամք, հոգեբանական աջակցություն. հիվանդանոցի տնօրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տևական ժամանակ է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը վերափոխվել է ինֆեկցիոն բուժկենտրոնի: Կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանի հետ ArmLur.am-ը զրուցել է պացիենտներից, բժիշկներից, բուժկենտրոնից:

-Պարոն Հովակիմյան, իհարկե պարբերաբար թվային տվյալներ հանրությունը ստանում է պացիենտների ինքնազգացողության վերաբերյալ, բայց կուզեինք այսպես ասած առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալ Սուրբ Գրիգոր Լուսավորիչում բուժվողների մասին:

-Մենք ունենք ծանրության տարբեր աստիճանի պացիենտներ, ինչպես գիտեք հենց մեր բուժկենտրոնում են կենտրոնացվել ծայրահեղ ծանր և ծանր պացիենտները: Միջին ծանրություն ունեցող պացիենտների շրջանում կան բավական թվով թոքաբորբ ունեցողներ, նրանք գտնվում են բժիշկների շարունակական հսկողության ներքո, կատարվում են անհրաժեշտ լաբորատոր, գործիքային հետազոտություններ, իսկ դուրս գրվածների թիվն այս օրերի ընթացքում եղել է 46: Ինչ վերաբերում է հիվանդության սպեցիֆիկ խնդիրներին, որոնք առկա են ոչ միայն հիվանդանոցներում, այլ նաև մեկուսարաններում կապված մեկուսացման հետ, ևս լուծվում են հոգեբանների, բժիշկների ջանքերի շնորհիվ:

-Պարոն Հովակիմյան, սովորաբար տպավորություն է, որ բուժկենտրոնի տնօրենը բուժական գործընթացին չի խառնվում, չեմ թաքցնի, կարծիք կա նաև, որ տնօրենները համայցերին էլ չեն մասնակցում, ուստի հիվանդի հետ անմիջական շփում էլ չեն ունենում:

-Թույլ տվեք չհամաձայնել Ձեզ հետ. անկախ այն հանգամանքից, թե բուժկենտրոնի տնօրենը մասնագիտությամբ բժիշկ է, թե ոչ, նա չի կարող զերծ մնալ բժշկական հարցերից: Բժշկական բոլոր հարցերը վարչարարում է բժիշկ փոխտնօրենների և բաժնի վարիչների միջոցով: Իսկ այս օրերին, լինելով ինքս բժիշկ, չեմ կարող մասնակցություն չունենալ թեկուզ և խորհրդատվության մակարդակով:

-Կմանրամասնե՞ք ձեր բուժկենտրոնի դերն այս օրերին, որպես նաև հանրապետության ամենամեծ կենտրոն:

-Ճիշտն ասած ինչպես նախկինում, այսօր էլ խոշոր հաշվով մեր բուժկենտրոնի բուժանձնակազմի համար բան չի փոխվել, մերոնք դարձյալ առաջնագծում են և սովորականի նման կատարում ենք մեր ստանձնած սոցիալական պատասխանատուի դերը:

-Ի՞նչ եք կարծում, իհարկե վերջ կա այս ամենին, բայց ե՞րբ, որպես բժիշկ տեսնու՞մ եք ավարտի նախանշաններ:

-Ես համաճարակաբան չեմ, այսինքն համավարակների մասնագետ չեմ, և կանխատեսումներից զերծ կմնամ, ինչպես նաև համավարակին վերաբերող կարծիքներ չեմ հայտնի, միայն կասեմ, որ վստահ եմ, որ մինչ օրս հնչեցված շատ կարծիքներ համենայնդեպս ինձ համար զուրկ են գիտական հենքից: Բայց որպես բժիշկ և ղեկավար, շատ ավելի կարևորում եմ ոչ թե ամբողջ աշխարհի կորոնավիրուսով հիվանդացության թիվը, այլ հիվանդանոցային բուժման կարիք ունեցող միջին և ծանր հիվանդների քանակը, ծանրագույններինը, արհեստական շնչառական ապարատով հիվանդներինը, որն ամենամեծ մարտահրավերն է բոլոր երկրների առողջապահական համակարգերի համար` անկախ նրանց զարգացվածության աստիճանից: Սա է ամենամեծ մարտահրավերը և խնդիրը դրված բոլոր երկրների առջև, ինչի պատճառով էլ իրականացվում են բոլոր բժշկական և ոչ բժշկական միջոցառումները` ուղղված համավարակի տարածման կանխարգելմանը: Մինչ այս պահը մեր առողջապահական համակարգը արել և անում է ամենը, ինչը կարելի է անվանել մարտահրավերի դիմակայություն:

-Լավատեսական նոտա, կամ այն, ինչ այս պահին կարևոր է բարձրաձայնել:

-Այս պահին ամենակարևորը շնորհակալական խոսքերն են: Շնորհակալություն բոլոր բուժաշխատողներին և մասնավորապես Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բուժանձնակազմին ազգանվեր աշխատանք կատարելու համար: Շնորհակալություն նրանց ընտանիքներին, որոնց աջակցությունը թիկունքից անգնահատելի է:

Շնորհակալություն բոլորին, ովքեր այսօր բուժաշխատողների կողքին են: Նման իրավիճակներում միայն համախմբվածությունը և հուսադրող խոսքն ու գործն են դառնում ամենօրյա առաջնահերթություն:

Մանե Ասրյան




Լրահոս