ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոպեդների վարորդները՝ ոստիկանության տեսադաշտում․ նոր որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կսահմանվի մոպեդները ՀՀ ճանապարհային ոստիկանությունում գրանցելու, հաշվառման համարանիշեր հատկացնելու եւ դրանք վարելու համար վարորդական վկայական ունենալու պահանջ: Նախատեսվում է տրամադրել «AM» վարորդական իրավունքի վկայական՝ մոպեդ վարելու համար։ Ասել է թե՝ մեր հանրապետությունում առաջիկայում մոպեդները կլինեն վերահսկելի։

Ավելին՝ մոպեդների վարորդների վարքագիծը կլինի ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Եւ զարմանալի չէ, քանի որ վերջին շրջանում մոպեդների վարորդներից դժգոհությունները բավականին ավելացել են. մոպեդների վարորդները չունեն վարորդական վկայական ու դրանք վարում են մաքսիմալ արագ կամ վարում են՝ դուրս գալով երթեւեկելի երրորդ գիծ, կամ էլ ինչպես խելքներին փչում է։ Տեղեկացնենք, որ Հայաստանում մոպեդներ շահագործում են հիմնականում պատրաստի սնունդ առաքող ընկերությունները։ Ի դեպ, այժմ մոպեդ վարելու համար անհրաժեշտություն չկա այն ներկայացնել պետական գրանցման եւ հաշվառման, ինչպես նաեւ ունենալ այդ տեսակի տրանսպորտային միջոց վարելու վարորդական իրավունքի վկայական։

«AM» կարգի մոպեդ տրանսպորտային միջոցները եւս կհանդիսանան պետական գրանցման եւ հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցներ։ Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի, գրավի եւ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցումը հնարավոր կլինի իրականացնել նաեւ հեռահար՝ ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային հարթակի օգնությամբ, առանց ստորաբաժանում այցելելու։ Ըստ ճանապարհային ոստիկանության՝ այս ամենի արդյունքում հաշվառման ստորաբաժանումներում հերթերը կկրճատվեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս