Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը հանդես է եկել հայտարարությամբ:

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ի իր տեսաուղերձում ի շարս այլ հարցերի անդրադարձ կատարեց նաև հոգևորականությանը՝ հընթացս որակումներ ու գնահատականներ հնչեցնելով նրանց գործունեության վերաբերյալ։

Այս օրերին, երբ մեր ժողովուրդը պատրաստվում է աղոթքով իր խոնարհումը բերելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, չհամաձայնելով հանդերձ տրված գնահատականներին ու արտահայտված տեսակետներին, այս պահին ձեռնպահ է մնում անդրադառնալ վերջիններիս։

Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա նախաշեմին Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական հորդորն է՝ զերծ մնալ հակառակություններից ու շահարկումներից և սիրո, համերաշխության ու միաբանության ոգով հայցել բարեխոսությունը մեր սուրբ նահատակների՝ ի նպաստ հայրենիքի զորացման, համազգային կյանքում առկա մարտահրավերների հաղթահարման և մեր ժողովրդի բարօրության»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ ուղիղ եթերի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր հոգևորականությանը` նշելով.

Հոգևորականությունը հիասթափվելու պատճառ ունի: Ինչքան Հայաստանում ընդգծվում է գաղափարական իշխանության գոյության փաստը, այնքան ակնհայտ է դառնում հոգևոր կյանքի սակավությունը: Շատ դեպքերում հոգևորականության գործունեության մեջ տեսնում ենք քաղաքականություն, քաղաքական ինտրիգներ, քան Աստվածաշնչից և նրա գաղափարախոսությունից բխող գործունեություն:




Լրահոս