Թող անեին, տկար պետական մենեջմենթի պատասխանատուն իշխանությունն է․ Անի Սամսոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես  խոստանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պետական կառավարման համակարգում սպասվում են կադրային փոփոխություններ։  Վարչապետի խոսքով՝ Սերժ Սարգսյանի իշխանությունից մնացած պաշտոնյաները չարաշահել են իշխանության թավշյա վերաբերմունքը և պետք է դուրս նետվեն վերին էշելոններից։

Ի դեպ, այս մասին դեռ մեկ տարի առաջ բարձրաձայնել էր Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ անվստահություն հայտնելով նախարարներ՝ Ատոմ Ջանջուղազյանին ու Էրիկ Գրիգորյանին։ Թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հետ։

«Այո՛,  չի բացառվում, որ կան մարդիկ, ովքեր ներսում խոչընդոտել են բարեփոխումներին, բայց դա լուծելի հարց էր։ Մենք անընդհատ խոսել ենք պետական համակարգի բարեփոխման մասին։ Պետք էր սպասել երկու տարի՞, որ նոր պարզ լիներ, որ համակարգը թարմացման կարիք ունի։ Ո՞վ է սրանում մեղավոր։ Իհարկե, իշխանությունը, որին տրվել են երկրի կառավարման և որոշումների կայացման օրենսդիր և գործադիր բոլոր լծակները։ Թող անեին։ Տկար պետական մենեջմենթի պատասխանատուն իշխանությունն է»,-շեշտեց ԼՀԿ-ական պատգամավորը։

Անի Սամսոնյանն ընդգծում է, որ «Լուսավոր Հայաստանը» երկու անգամ նախարարների անվստահության հարցը բարձրացրել է։

«Ֆինանսների նախարարին անվստահություն ենք հայտնել ոչ թե նրա համար, որ նա որպես Սերժի մարդ սաբոտաժ էր անում, այլ նրա համար, որ որպես հին համակարգի մտածողության նախարար չէր կարող տնտեսական հեղափոխություն անել։ Բնապահպանության նախարարին անվստահություն ենք հայտնել՝ ներկայացնելով բազմաթիվ թերացումներ կապված հանքարդյունաբերության և այլ տնտեսական գործունեությունների հետ՝ շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության մասով։ Այսինքն նախարարներին ներկայացրած անվստահությունը եղել է փաստարկված և կասկածի տակ դնելով նրանց կարողությունները՝ որպես հարց լուծողներ։ Թե չէ անընդհատ ասել Սերժի մարդիկ են մեղավոր, ստեղծել օդում կախված լուրեր և համակարգում ոչ մի փոփոխություն չանել, կարծում եմ լուրջ մոտեցում չէ»-մեզ հետ զրույցում իր խոսքն այսպես ամփոփեց Անի Սամսոնյանը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս