Կորոնավիրուսի համավարակի հաղթահարումից հետո պետք է փոխվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեթոդաբանությունը․ Արման Բաբաջանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ անկախ պատգամվոր Արման Բաբաջանյանը սոցկայքի իր էջում գրառում է կատարել․

«Հիմա բանակցային սեղանին է փաստաթուղթ, որը նախատեսում է ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում»,- անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին՝ այսօր նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Գորչակովի անվան հիմնադրամի կազմակերպած հեռավար ձևաչափով կլոր սեղանի ժամանակ։

«Ընդունված բանաձևերը հայտնի փաստաթղթեր են։ Դրանք ընդունվել են ռազմական գործողությունների թեժ փուլում և ենթադրում էին առաջին հերթին ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում և անցում բանակցությունների։ Դրանցում, այո, հաստատվում էր Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Բայց նույն այդ փաստաթղթերը պարունակում էին կոչ դադարեցնելու պատերազմը և անցնելու բանակցությունների։ Դրանից հետո բանակցություններ վարվել են, և ոչ մեկ անգամ։ Բանակցություններում համաձայնություններ էին հաստատվել 2001 թ. Քի Ուեսթում, դրանց հետևել են այլ համաձայնություններ տարբեր ձևաչափերով՝ Ղարաբաղի մասնակցությամբ, առանց Ղարաբաղի մասնակցության։ Հիմա արդեն հաստատվել է Բաքու-Երևան բանակցային ձևաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ մասնակցությամբ»,- ասել է Լավրովը։ Նա կրկին հիշեցրել է, որ գոյություն ունեն Մադրիդյան պայմանավորվածություններ, կան 2010-11 թթ. ռուսական կողմից պատրաստված փաստաթղթեր, այսպես կոչված՝ Կազանյան սկզբունքները, և կան մեկ տարի առաջ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, ինչպես նաև համանախագահների հանդիպման ժամանակ հրապարակված և այսօր քննարկվող նախագծեր։

«Այդ փաստաթղթերը ենթադրում են կարգավորմանը հասնելու գործընթաց փուլային տարբերակով՝ առաջին փուլում ենթադրելով առավել արդիական խնդիրների լուծում, Լեռնային Ղարաբաղին հարակից մի շարք շրջանների վերադարձ և տրանսպորտային, տնտեսական ու այլ հաղորդակցությունների ապաշրջափակում։ Այնպես որ, ես համոզված եմ, որ երբ մենք հասնենք այդ փաստաթղթերի ստորագրման մասին որոշմանը, դա կարևորագույն քայլ կլինի ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարման ուղղությամբ»,- հայտարարել է Լավրովը։
Սերգեյ Լավրովի կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային տարբերակի հիշատակման հայտարարությունները նորություն չեն, նա տարբեր փուլերում պարբերաբար հիշեցնում է դրանց մասին։ Այդ հիշեցումները իրականում Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու փորձեր են։ Խնդիրն այն է, որ Հայաստանի գործող իշխանությունը ըստ էության գործնականում մերժել է Մադրիդյան սկզբունքները։ Դա նշանակում է, որ առավել ևս հայկական կողմը մերժում է 1997 թվականի փուլային տարբերակը, ինչի մասին հիշեցնում է Լավրովը։ Այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի արտգործնախարարը խոսում է իրողությունների մասին, որոնք, մեղմ ասած, այլևս արդիական չեն, դրանք ընդամենը բանակցային գործընթացի պատմության բաղադրիչներ են։

Դրանք ակտուալ չեն ինչպես բանակցային գործընթացի պարադիգմայի առումով, այնպես էլ ու առավել ևս՝ այսօր՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում։ Համավարակը սկզբունքորեն, արմատապես փոխել է աշխարհը, որում այլևս անվտանգություն հասկացությունն առնչվում է առաջին հերթին ու առավելապես մարդկանց առողջությանն ու առողջապահական անվտանգությանը։ Այս պայմաններում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ներկայանում է միանգամայն այլ՝ բոլորովին այլ լույսի ներքո։ Այն հակամարտություն է ոչ թե տարածքների, այլ առաջին հերթին մարդկանց մասին։ Հենց այս օրերին Արցախում արձանագրվել են կորոնավիրուսով վարակման մի քանի դեպքեր, սակայն դրանք դուրս են մնացել համաշխարհային վիճակագրությունից, դուրս են մնացել այն պատճառով, որ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խումբը առաջնորդվում են դեռևս նախկին ստերեոտիպերով ու մոտեցումներով։ Միջազգային հանրությունն ըստ էության լքել է Արցախի բնակիչներին՝ բառի ուղիղ ու փոխաբերական իմաստով։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի դիտորդները կորոնավիրուսի պատճառով հեռացել են շփման գծից, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը զբաղված է անիմաստ ու անպտուղ քննարկումներով՝ այն դեպքում, երբ Արցախում մարդիկ են ապրում, որոնց կյանքն ու անվտանգությունը վտանգված են՝ ինչպես աշխարհի ցանկացած երկրում։

Սա նշանակում է, որ այսօր ու առավել ևս կորոնավիրուսի համավարակի հաղթահարումից հետո պետք է ամբողջությամբ փոխվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման փիլիսոփայությունն ու մեթոդաբանությունը։ Այսօր, երբ աշխարհը պայքարում է մարդկային կյանքեր փրկելու համար, միջազգային հանրությունը՝ ի դեմս խնդրով զբաղվող կառույցների, պետք է առաջին հերթին հոգ տանի Արցախում ապրող մարդկանց, նրանց իրավունքների ու անվտանգության համար և միայն հետո մտածի ինչ-ինչ բանաձևերի կամ սկզբունքների մասին։
Լավրովի հայտարարությունները այսօր ուղղակիորեն հերքեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ հայտարարելով, որ 2014 թ.-ին ներկայացված կարգավորման փաստաթուղթը ներկայումս բանակցային սեղանին չէ։

Մնացականյանը հայտարարեց նաև, որ չի կարող խոսք լինել որևէ զիջման մասին, և որ խնդիրը պետք է կարգավորվի բացառապես փոխզիջումների ճանապարհով։ Զոհրաբ Մնացականյանի հերքումը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Ռուսաստանի ԱԳ նախարարը ընդամենը փորձում էր հերթական անգամ ճնշում գործադրել հայկական կողմի նկատմամբ։ Դա ռուսական քաղաքականության մշտական բաղադրիչն է, որը կիրառվել է բազմաթիվ անգամներ։




Լրահոս