ՏԵՍԱՆՅՈւԹ․ Լինգով գողության փորձ «Իզիփեյ» ընկերության վճարային տերմինալից․ կա ձերբակալված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 17-ին, ժամը 05.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում «Իզիփեյ» ընկերության հերթապահից հաղորդում ստացվեց, որ Էրեբունու փողոցի վճարային տերմինալի ձայնազդանշանային համակարգը միացել է և հնարավոր է գողություն են անում:

Հաղորդումն անմիջապես փոխանցվեց ոստիկանության Էրեբունու բաժնի այն ծառայողներին, որոնք նշված հատվածում իրականացնում էին գիշերային ծառայություն։

38-ամյա տղամարդը, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին։

Ոստիկանությունում պարզվեց, որ ժամը 5.35-ի սահմաններում բերման ենթարկվածը լինգով փորձել է գողություն անել վճարային տերմինալից։ Վնասել էր տերմինալը, սակայն գործն ավարտին չէր հասցրել. բռնվել էր, իսկ լինգը փախուստի պահին նետել էր։
Պարզվել է նաև, որ 38-ամյա տղամարդը 2019 թվականի մայիսի 8-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Տղամարդը կալանավորվել է։
Քննությունը շարունակվում է։




Լրահոս