«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ նախագահի հրամանագրով նախօրեին Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր նշանակված Կարեն Համբարձումյանը մինչ այդ զբաղեցնում էր Երեւանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը: Նա քաղաքապետարանում աշխատել է գրեթե մեկ տարի։ Նրա կենսագրությունից տեղեկանում ենք, որ հիմնականում պաշտոններ է զբաղեցրել վարկային կազմակերպություններում, իսկ քաղաքապետարանում աշխատում էր 2019թ. Մայիսից։
Մեր տեղեկություններով, շատերի համար անակնկալ էր նրա հեռանալը քաղաքապետարանից, քանի որ այդ կառույցում եւ առհասարակ Համբարձումյանին ճանաչողները նրան բնութագրում են որպես բարձրակարգ իրավաբան։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նրա հեռանալը Երևանի քաղաքապետարանից կապ է ունեցել հենց քաղաքապետ Հայկ Մարությանի հետ․ նախկին խորհրդականը պարզապես այլևս չի ցանկացել աշխատել նրա հետ։ Եվ սա ամենևին էլ պատահական չէ, քանի որ քաղաքապետարանի վարչություններից 9-ը ղեկավարում են ժամանակավոր պաշտոնակատարներ և ով որևէ հիմնական պաշտոն է զբաղեցնում, աշխատանքի է ընդունվում, քաղաքապետարանում, ամենաշատը մեկ տարի անց հեռանում է։
Իսկ Կարեն Համբարձումյանն իր իրավական գիտելիքներով շատ անհրաժեշտ էր քաղաքապետարանին, հատկապես երբ մեկ ամիս առաջ աշխատանքից հեռացել էր նաև իրավաբանական վարչության պետը։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից պարզել՝ արդյոք նախկին խորհրդականի հեռանալը կապված է Հայկ Մարությանի հետ չաշխատելու ցանկության հետ: Կարապետյանը, սակայն նշեց, թե բամբասանքներ չի ցանկանում մեկնաբանել»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։