Երեկ լրացավ Մոսկվայի պայմանագրի ստորագրման իննսուներորդ տարելիցը: Այդ պայմանագրով քեմալական Թուրքիան եւ բոլշեւիկյան Ռուսաստանը փաստացի կիսեցին Հայաստանի տարածքը: Թուրքիան ստացավ 1877-78թթ. կորցրած Կարսի մարզն ու Բաթումի մարզի հարավային մասը, ինչպես նաեւ Սուրմալուի գավառը` ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով:Այս խայտառակ պայմանագիրը ստորագրվեց առանց հայկական կողմի մասնակցության, քանի որ այդ ժամանակ ՀՍՍՀ ներկայացուցիչ Ալեքսանդր Բեգզադյանին, որը պիտի ներկայացներ Հայաստանի շահերը, թույլ չտրվեց մասնակցել Մոսկվայի բանակցություններին: Ընդ որում, Բեգզադյանը, լինելով բոլշեւիկ, այնքան համարձակություն ունեցավ, որ գրավոր բողոք ներկայացրեց ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Խորհրդային Ռուսաստանի պատվիրակություններին` Հայաստանի իրավունքները ոտնահարելու համար: Սակայն հանրությանը Բեգզադյանի անունը քիչ է հայտնի: Փոխարենը հայտնի է Ասքանազ Մռավյանի անունը, ով մի քանի ամիս անց` հոկտեմբերի 13-ին, որպես ՀՍՍՀ արտաքին գործերի ժողկոմ, ստորագրեց Կարսի պայմանագրի տակ, որով էլ վավերացվեցին Մոսկվայի պայմանագրի արդեն նշված դրույթները: Փաստորեն, Բեգզադյանը դեմ գնաց ռուսներին, իսկ Մռավյանը` ոչ: Բեգզադյանի կարիերան շատ արագ ավարտվեց, իսկ Մռավյանինը` վերելք ապրեց, մահվանից հետո էլ նրա անունով փողոցներ ու դպրոցներ կոչվեցին: Անցել է 90 տարի, թվում է, թե շատ բան է փոխվել. փոխվել են պայմանագիրը ստորագրած երկրների քաղաքական ու հասարակական կարգերը, սակայն իրականում ոչ մի բան էլ չի փոխվել: Այսօր էլ, ինչպես նախկինում, ոմանք պատրաստ են մինչեւ վերջ գնալ ահռելի հոսանքին դեմ, ոմանք էլ, վկայակոչելով սթափ մտածողությունն ու հաշվարկը, պատրաստ են հանգիստ խղճով սեփական երկրի ինքնիշխանությունը հերթական անգամ դնել ռուսական կայսերական սկուտեղի վրա: Եվ որքան էլ մերօրյա մռավյանները, ի դեմս ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի, հայտարարեն, որ հենց Մոսկվայի պայմանագրի 90-ամյակի օրն անցկացվող ռուս-թուրքական բարձրագույն մակարդակի քաղաքական միջոցառումները որեւէ կերպ միտված չեն վիրավորելու հայ ժողովրդի ազգային զգացմունքները, ակնհայտ է, որ դա այդպես չէ: Մոսկովյան հանդիպման օրը, ինչպես եւ 2009թ. Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղի օրը` հոկտեմբերի 14-ը (Կարսի պայմանագրի ստորագրման հաջորդ օրը), թուրքերը պատահական չէին ընտրել: Պատմությունը ցույց է տվել, որ նրանք ընդհանրապես ոչինչ պատահական չեն անում:Ինչ վերաբերում է ռուսների մտադրությունների մասին Շարմազանովի հնչեցրած մեկնաբանություններին, ապա նկատենք, որ եթե մեր իշխանություններն իրենց վասալային քաղաքականությամբ Հայաստանը չվերածեին այդքան անկարեւոր մի ֆորպոստի, ապա ռուսները հարկ կհամարեին գոնե միջին կարգի որեւէ ռուս պաշտոնյայի` թեկուզ ՀՀ-ում ՌԴ դեսպանի շուրթերով, մի կես բերան շահել իրենց «ռազմավարական դաշնակցի» սիրտը: Տեքստն էլ, վստահ ենք, Շարմազանովը սիրով կպատրաստեր:
90 ՏԱՐԻ ԱՆՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ