Հաղթանակած ժողովրդին օրակարգ չեն թելադրում․ «Միասնական հայրենիք»-ի արձագանքը Սերգեյ Լավրովի հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ։ Նա մասնավորապես նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ քննարկվել է Ղարաբաղի խնդրի լուծման փուլային տարբերակը, ըստ որի՝ հայկական կողմը պետք է զիջի տարածքներ՝ հետագայում ակնկալելով տրանսպորտային ուղիների ապաշրջափակում։ Այս հայտարարության առնչությամբ այսօր ArmLur.am-ը զրուցեց «Միասնական հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Անուշ Դոլուխանյանի հետ։ Ինչպես հայտնի է, այս կուսակցությունն Արցախի խորհրդարանում երկրորդ ուժն է լինելու, երբ նոր խորհրդարանը կմտնի ուժի մեջ։

Անուշ Դոլուխանյանը մեզ փոխանցեց կուսակցության պաշտոնական տեսակետը։ «ՌԴ արտգործնախարարի առաջին հայացքից ի միջիայլոց արված դիտարկումը ոչ այլ ինչ էր, քան քաղաքական հայտարարություն, որին պատասխանեց պաշտոնական Երևանը՝ հստակ օրակարգով, այն է՝ չենք զիջելու: Թե ինչու էր Ս. Լավրովը Հայաստանի և Արցախի քաղաքական վերադասավորումների ֆոնին նման հայտարարություններ անում, դժվար չէ կռահել. Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանն արդիականացնում է իր համար ցանկալի օրակարգ: Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, ապա պետք է ասել, որ հաղթանակած ժողովրդին օրակարգ չեն թելադրում: Արցախի ժողովրդի համար անընդունելի է իր տարածքային ամբողջականությունը, ինքնորոշման և ազատ ապրելու իրավունքը վտանգող ցանկացած փաստաթուղթ, օրակարգ կամ մեխանիզմ:

Մյուս կողմից՝ հիշենք, որ ՀՀ վարչապետը Կապանում կազմակերպված մամուլի ասուլիսի / ս.թ. հունվարի 25/ ընթացքում հայտարարել էր, որ բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա: Բանակցային գործընթացի, ՀՀ նախկին իշխանություններից ստացած ժանագության և Նիկոլ Փաշինյանի կառավարության վարած արտաքին քաղաքականության շուրջ Սամվել Բաբայանը իր տեսակետը առավել մանրամասն ներկայացրել է իր մի հայտարարությամբ / ս.թ. հունվարի 30/: Այս առումով մենք վերահաստատում ենք, որ բանակցությունների արդյունավետության, այսինքն՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու կարևոր նախապայմանը լիարժեք սոցիալ-տնտեսական կյանքով ապրելն է:

Հզոր տնտեսություն, զարգացած ենթակառուցվածքներ, մարտունակ բանակ ունենալու դեպքում միայն Ադրբեջանը հաշվի կնստի Արցախի շահերի հետ: Նման նախադեպ մենք ունեցել ենք 90-ականներին, երբ համայն հայությունը հայցում էր միջազգային հանրության աջակցությունը, սակայն միջազգային կառույցների արձագանքը բացառապես կոչերի և հորդորների ձևաչափով էր: Այնինչ երբ մենք անցանք հարձակման և ինքնուրույն սկսեցինք դիմակայել, Ադրբեջանն այլընտրանք չունեցավ, քան մեր լինելիության հետ հաշվի նստելը: Արդյունքը՝ 1994 թվականի մայիսից անժամկետ զինադադարն է: Պրոֆեսիոնալ բանակ և տնտեսական անկախության. ահա բանակցությունների ելքը»:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս