Ինչ է տեղի ունեցել ՔՊ նիստի ժամանակ Արայիկ Հարությունյանի և Մխիթար Հայրապետյանի միջև․ ինչ են մեկնաբանում կուսակցությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի էլեկտրոնային փոստին անանուն նամակ է եկել այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երեկվա նիստի ժամանակ միջադեպ է գրանցվել։ Ըստ այդ հաղորդագրության՝ վեճ է ծագել պատգամավոր, վարչության անդամ  Մխիթար Հայրապետյանի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի միջև։  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հայրապետյանը նիստի ժամանակ դժգոհել է Հարությունյանի երկամյա գործունեությունից։ Հայրապետյանը հայտնել է, որ այդ հարցը պետք է արագ լուծում ստանա, բայց  վարչությունն իր վստահության քվեն տվել է նախարար Հարությունյանին, ոչ թե պատգամավորին, որից հետո պատգամավորը հայտարարել է, թե վայր է դնելու իր մանդատը։

Նամակի մեջ նաև նշված է, թե երեկվա նիստում քննարկվել են նաև Տեղեկատվության ազատության ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի և վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի հարցը։ Այս մասով վարչությունը դեռ որոշում չի կայացրել։

ArmLur.am-ը փորձեց հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել։ Մեզ հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» հանրային կապերի համակարգող  Վահագն Ալեքսանյանը նշեց․

«Վարչության նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական հարցեր։ Նիստը սովորականի պես անցել է աշխատանքային և թիմային մթնոլորտում։ Լարվածության և դրանից բխող այլ բաների մասին պնդումները ընդամենը անառողջ երեւակայության արգասիք են։ Չգիտեմ ՝ ո՞վ է հորինում այս ամենը, բայց պիտի հիասթափեցնեմ. ՔՊ վարչության ներսում ոչ մի լարվածություն չկա։ Երբ տեղի է ունենում վարչության նիստ, վարչության 21 անդամները նստում են սեղանի շուրջ և խոսում, քննարկում են տարբեր հարցեր, ու դա որևէ կապ չունի ո՛չ լարվածության, ո՛չ էլ կոնֆլիկտի հետ։»։

Նա նշեց, թե ՔՊ վարչության նիստում չի եղել ո՛չ լարվածություն, ո՛չ մանդատ վայր դնելու մասին խոսակցություն, ո՛չ անդամներից մեկին չվստահելու հարց։

Իսկ Վարչության անդամ Արման Բոշյանը նշեց․

«Ընթացիկ իրավիճակն է քննարկվել, առանձնապես ոչ մի արտառոց բան չի եղել: Սովորական մեր նիստերի տրամաբանության մեջ: Ավելին բան չեմ կարող ասել, որովհետև ասելու բան էլ չկա»։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս