Հակառակորդը նույնն է և չի փոխել իր նպատակներն ու ցանկությունները։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով սահմանային լարված իրավիճակին։
«Նրանք ամեն անգամ փորձելու են շոշափել, մի վատ բան անել, ներթափանցման փորձ կատարել։ Այս անգամ երևի մտածել են՝ բոլորը զբաղված են կորոնավիրուսով և թուլացրել են զգոնությունը, սակայն փորձ անելով անօդաչու թռչող սարքի միջոցով ներխուժել մեր տարածք՝ խոցվել են։ Որևէ արտառոց բան չկա, դա եղել է միշտ և կլինի նաև ապագայում»,-ասաց նա։
Դավիթ Բաբայանի խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը որևէ արժեք չունի այն երկրի համար, որտեղ հերոսացնում են Սաֆարովին, գլխատում են մեր զինծառայողներին, ուրեմն ինչի մասին է խոսքը։
«Երբ իրենց ղեկավարությունը հայտարարում է Երևան-Ստեփանակաերտ քաղաքացիական չվերթները խոցելու մասին, ի՞նչ ՄԱԿ-ի քարտուղարի ուղերձ, եթե հիմնարար սկզբունքներն ու փաստաթղթերն են նրանք ոտնահարում, Սահմանադրությունն են ոտնահարում։ Ադրբեջանում փոքրամասնություններին են հալածանքների ենթարկում և այսպես շարունակ, դա նրանց կենսակերպն է»,-հավելեց Դավիթ Բաբայանը։
Նշենք, որ երեկ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական տիպի անօդաչու թռչող սարքի մուտքը Արցախի օդային տարածք, բերվել են համապատասխան աստիճանի մարտական պատրաստակամության և գրագետ գործողությունների արդյունքում՝ ժամը 13:07-ի սահմանում խոցել այն:
ԱՀ պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հորդորում է ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ սադրիչ քայլերից ու նաև հավաստիացնում, որ ցանկացած նախահարձակ գործողություն ստանալու է արժանի պատասխան։
Լիդա Եղիազարյան