Մամուլում երեկ տեղեկություն տարածվեց, թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 5 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել հոլիվուդյան հայազգի կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի խափանման միջոցի փոփոխության համար։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել էր Մարտիրոսյանի փաստաբան Կարեն Բատիկյանը։ Նա նշել էր հինգ պատգամավորի անուն՝ Նիկոլայ Բաղդասարյանը, Հայկ Սարգսյանը, Սիսակ Գաբրիելյանը, Սերգեյ Ատոմյանը եւ Ռուստամ Բաքոյանը։
Սակայն Ռուստամ Բաքոյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց․ «Տեղեկությունները, թե ես անձնական երաշխավորություն եմ ներկայացրել հոլիվուդյան հայազգի կինոպրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանի խափանման միջոցի փոփոխության համար և 500 հազար դրամ գումար վճարել, չի համապատասխանում իրականությանը։ Ստեփան Մարտիրոսյանի խափանման միջոցի փոփոխության համար անձնական երաշխավորություն չեմ ներկայացրել»։ Այս փաստը հերքեց նաև Սիսակ Գաբրիելյանը՝ նշելով, թե նման երաշխավորություն չի ներկայացրել, նույնը նաև Սերգեյ Ատոմյանը։
«Իմ քայլ»-ի պատգամավորներից երաշխավորություն են ներկայացրել միայն երկուսը՝ Նիկոլայ Բաղդասարյանն ու Հայկ Սարգսյանը։ Ընդ որում, երաշխավորություն ներկայացրած պատգամավորները խմբակցությանն այդ մասին չեն տեղեկացրել։
Հիշեցնենք, որ Ստեփան Մարտիրոսյանը մեղադրվում է «Հայբիզնեսբանկի» սեփականատեր, ՌԴ քաղաքացի, միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցից առանձնապես խոշոր չափի՝ 49 միլիոն 45 հազար դոլարի հափշտակություն կատարելու համար։