«Ժողովուրդ» օրաթերթին ԴԱՀԿ նախկին պետի ազատումից որոշ հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես՝ այն, որ Դավիթ Բեգինյանին որպես ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար 8 ամիս պաշտոնավարելուց հետո առաջարկել են գնալ իր նախկին պաշտոնին եւ դառնալ ԴԱՀԿ պետի տեղակալ: Սակայն վերջինս նեղացել է այդ առաջարկից եւ որոշել ընդհանրապես համակարգից ազատման դիմում գրել եւ հեռանալ: Իսկ ո՞վ է հավակնում դառնալ ԴԱՀԿ պետ:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Արդարադատության նախարարությունում շոշափվում է արդարադատության նախարարի առաջին խորհրդական Դավիթ Գասպարյանի անունը: Վերջինս նախարար Ռուստամ Բադասյանի հարսանիքի քավորն է եւ մինչեւ նախարարությունում աշխատանքի անցնելը զբաղվել է փաստաբանական գործունեությամբ: Ինչպես հայտնի է, 2019 թվականի հուլիսի 19-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը: Շուրջ 8 ամիս նա կատարեց ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները եւ, ահա, մարտի 9-ին ազատման դիմում գրեց: Մամուլում հրապարակվեց այն մասին, թե վերջինս արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ է խնդիրներ ունեցել, սակայն իրականում Դավիթ Բեգինյանի ազատումը խիստ նեղացվածության հետ է կապված:
Նշենք, որ Դավիթ Բեգինյանը մինչեւ ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելը եղել է ԴԱՀԿ պետի երրորդ տեղակալը: Ու երբ նա նշանակվել է ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար, ԴԱՀԿ պետի երրորդ տեղակալի պաշտոնը թափուր է մնացել:
Իսկ ո՞րն. է խնդիրը, որ, այնուամենայնիվ, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը որոշել է ազատվել ԴԱՀԿ պետից` նրա փոխարեն նշանակելով իր քավորին: Այդ ծառայությունից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Արդարադատության նախարարութունից Դավիթ Բեգինյանին հասկացրել են, որ այս ընթացքում ԴԱՀԿ ոլորտում հեղափոխություն չի արվել, մինչդեռ այդ ոլորտը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանից հետո պետք է այնպիսի հեղափոխական քայլեր արվեին, որ ներքեւից վերեւ զգային բոլորը: Բեգինյանը, սակայն, 8 ամիս նշանակված լինելով այդ պաշտոնին, ծառայությունում, ըստ էության, ոչ մի փոփոխություն չի արել:
ԴԱՀԿ ծառայությունից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Դավիթ Բեգինյանը, 21 տարի աշխատելով ԴԱՀԿ ծառայությունում, երբեւէ աչքի չի ընկել աշխուժությամբ կամ ակտիվությամբ, նա հանգիստ աշխատող է եղել, եւ նրանից այսօր գալ ու պահանջել նոր որակի ակտիվ աշխատանք այդքան էլ իրատեսական չէ: Ահա թե ինչու են Բեգինյանին ասել, որ ԴԱՀԿ պետ չի նշանակվելու: Եւ լավագույն տարբերակը, որ կարող է առաջարկվել, այն է` վերադառնա նախկին ԴԱՀԿ պետի երրորդ տեղակալի պաշտոնին, որը շուրջ 8 ամիս թափուր է մնացել: Եւ Դավիթ Բեգինյանը սա համարել է խիստ վիրավորանք եւ նեղսրտել մտերմիկ շրջապատում, թե գոնե պետ նշանակեն, տանում են հին պաշտոնին: Ու այս պատճառով էլ միանգամից համակարգից դուրս գալու դիմում է գրել ու հեռացել՝ այդպես արտահայտելով իր նեղվածությունն ու վրդովմունքը:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Դավիթ Բեգինյանի հետ:
-Պարո՛ն Բեգինյան, Ձեզ ասացին՝ դիմում գրեք գնացե՞ք, թե՞ Դուք եք անձամբ այդ որոշումը կայացրել:
-Իմ որոշումն է եղել, եւ ես որոշել եմ դուրս գալ ծառայությունից:
-Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Դուք նեղացել եք ղեկավար կազմից, որ Ձեզ ասել են, թե պետ չեն նշանակելու, այլ կարող են առաջարկել վերադառնալ նախկին ԴԱՀԿ պետի տեղակալի պաշտոնին, ինչը շուրջ 8 ամիս թափուր էր մնացել: Արդյոք ա՞յս պատճառով եք համակարգից ազատման դիմում գրել:
-Չգիտեմ՝ այդ ինֆորմացիան Ձեզ որտեղից, իմ ցանկությունն է եղել դադարեցնել ծառայությունս, այդքանով սահմանափակենք:
-Ձեզ ասել էին, որ հեղափոխություն անեք համակարգում. ի՞նչը խանգարեց անել:
-Ես պետական ծառայող եմ եղել եւ պետական ծառայողի հոգեբանությամբ մոտեցել եմ իմ աշխատանքին: Ինչ վերաբերում է նեղացվածությանը, ապա պետք է ասեմ, որ այս պահին մենք ջերմ հարաբերությունների մեջ ենք նախարարի հետ: Ոչ միյան նեղացած չեմ իշխանություններից, այլ նաեւ շնորհակալ եմ այն բարձր վստահության համար, որ 8 ամիսը պաշտոնավարել եմ այդ ծառայությունում:
-Եթե ամեն ինչ այդքան լավ էր, ինչո՞ւ գնացիք համակարգից:
-Ես գտա, որ իմ հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ: Այսքա՛նը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
19 ՀԱՂՈՐԴՈՒՄ
ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքի եւ անցկացման շրջանակներում փետրվարի 10-ից մինչեւ մարտի 4-ի դրությամբ արձանագրված ընտրական բնույթի ենթադրյալ իրավախախտման դեպքերը: Ստացվել է առերեւույթ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 19 հաղորդում: Դրանցից 6-ի մասին տվյալները ստացվել են զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների, սոցիալական ցանցերում կատարված գրառումների հիման վրա, որոնք հասանելի են դարձել Գլխավոր դատախազության աշխատանքային խմբի շրջանակներում իրականացվող մշտադիտարկմամբ, 9-ը՝ քաղաքացու կողմից դատախազություն ներկայացված դիմումների, 1-ը՝ դատախազության թեժ գծին քաղաքացու կատարած ահազանգի, 2-ը՝ քաղաքացիների կողմից ոստիկանություն կատարած ահազանգերի, 1-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված զեկուցագրերի արդյունքում: Մյուս 10 դեպքերը պարունակել են վերացական եւ ընդհանուր բնույթի տեղեկություններ:
ԿԻՆԸ ԲՌՆՎԵԼ Է
Մարտի 11-ին Ահարոնյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման է ենթարկվել Սաֆարյան փողոցի բնակիչ 50-ամյա մի կին: Պարզվել է, որ նա րոպեներ առաջ թիվ 63 երթուղու ավտոբուսում մի ուղեւորի պայուսակից գողացել էր դրամապանակը, որի մեջ եղել էր 300 հազար դրամ եւ 300 դոլար: Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Տուժողից ընդունվել է հաղորդում: Կասկածվողը խոստովանել է կատարածը եւ ձերբակալվել:
ՄԱՐՏԻ 17-ԻՆ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դիմումի հիման վրա՝ մի շարք օրենքների որոշ հոդվածների Սահմանադրության համապատասխանության հարցի քննությունը Սահմանադրական դատարանը որոշել է անցկացնել 2020 թվականի մարտի 17-ին բանավոր ընթացակարգով:
ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ ԴԵՍՊԱՆԱՏՆԻՑ
Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործող դեսպանատան շինհրապարակից հափշտակություն են կատարել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մարտին Ալգաչիյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2019 թվականի մայիսին Երեւան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի 17/4 հասցեում գտնվող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատանից գաղտնի հափշտակել է 1900 ԱՄՆ դոլարին համարժեք 911.240 ՀՀ դրամ ընդհանուր արժողության երկու ցնցուղների հավաքածու: Իսկ ինչպե՞ս է Մարտին Ալգաչիյանը հափշտակությունը իրականացրել: Մեզ հայտնի դարձավ, որ վերջինս դեսպանատան տարածքում շինարարական աշխատանքներ է իրականացրել եւ օգտվելով այդ հանգամանքից՝ 2019 թվականի մայիսին՝ իր աշխատանքի ժամին, գաղտնի հափշտակել է 1900 ԱՄՆ դոլարին համարժեք 911.240 ՀՀ դրամ ընդհանուր արժողության «983366T-C4» մոդելի, լոգախցիկներում տեղադրելու համար նախատեսված ցնցուղների հավաքածու՝ իրենց դետալներով: Դրա հետեւանքով հայտնվել է իրավապահների տեսադաշտում եւ մեղադրվում է հափշտակության համար: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին:
«ՍԱՏԱՆԱՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՑՆԵԼ»
Նոյեմբերի 14-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ԱԱԾ-ին հանձնարարական է տվել՝ պարզելու որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձեւերն ու ուղիները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի համաձայն՝ ԱԱԾ-ն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ էր իրականացնում որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձեւերն ու ուղիները պարզելու համար:
Ու մինչ ԱԱԾ-ն փնտրում է սատանաներին, հարեւաները իրենց մեջ են սատանաներ գտել եւ նրանց դեմ կոնկրետ քայլեր են անում: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Բաղդասար Կոսյանը 2019թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի միկրոշրջան թաղամասի 221 շենքի առաջին հարկի շքամուտքում հանդիպել է նույն շենքի 26 բնակարանի բնակիչ Անուշավան Մնացականյանին եւ հնչեցնելով «Սատանաներին պետք է վերացնել» արտահայտությունը՝ մարմնական վնասվածք է հասցրել նրան՝ դիտավորությամբ մեկ անգամ հարվածելով վերջինիս գլխին եւ պատճառելով գլխի շրջանի քերծվածքներ եւ սալջարդ:
Բացի այդ, նրան մեղադրանք է առաջադրվել, որ նա 2019թ. նոյմեբերի 5-ին էլ՝ ժամը 16:30-ի սամաններում, թակել է իրենց հարեւան, Հրազդան քաղաքի միկրոշրջան թաղ. 221/30 բնակիչ Ալիկ Բարսեղյանի տան դուռը եւ մտնելով ներս՝ առանց որեւէ պատճառի մի քանի անգամ ձեռքով հարվածել է դեմքին` Ա. Բաղդասարյանին պատճառելով մարմնական վնասվածք: