40-Ն ԱՆՑ ԱՄԵՆԱԿԱՆԱՑԻ ԱՍՏՂԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը կանանց միամսյակի կապակցությամբ ընթերցողներին է ներկայացնում հայկական շոու-բիզնեսի կանանց մասին շարքեր: Այս անգամ անդրադառնում ենք 40-ն անց ամենականացի հայտնիներին, որոնք  տարիների ընթացքում չեն կորցրել իրենց հմայքն ու փայլը: Ընդ որում, տվյալ դեպքում խոսքը ոչ միայն արտաքին, այլեւ ներքին փայլի մասին է: Չէ՞ որ կինը գրավիչ է, երբ արտաքինը ներդաշնակ է ներքինի հետ:

 

Լուիզա Ղամբարյան

Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը տարիներ շարունակ մնում է  հայկական շոու-բիզնեսի ամենականացի կերպարներից մեկը: Պատահական չէ, որ ֆիլմերում եւ սերիալներում նրան բաժին են ընկնում հենց կանացի գլխավոր կերպարներ, որոնց համար բոլոր տղամարդիկ խելագարվում են: Լուիզան իր մեղմությամբ, ցածր ձայնով, արտիստուհուն բնորոշ շարժուձեւով կարող է հալեցնել ամենասառը տղամարդու սիրտը:

 

Անի Քոչարյան

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհին, որը մեծ ճանաչում ձեռք բերեց հեռուստասերիալների եւ ֆիլմերի շնորհիվ, իսկապես դասվում է մեր շոու-բիզնեսի ամենախնամված, սոլիդ կանանց թվին: Նիցա Կիցային, Ֆերրիին, Երանյակին մարմնավորած դերասանուհին իր տարիքից բավականին երիտասարդ է երեւում: Նրան առանձնակի հմայք է հաղորդում նաեւ գրական հայերենով խոսքը, կանացի ժեստիկուլյացիան:

 

Լուիզա Ներսիսյան

Թեպետ «Womens club» հումորային  նախագծի շրջանակում Լուիզայի տարիքն ամեն առիթով քննարկման առիթ է դառնում, պետք է արձանագրել, որ նա ոչ միայն երիտասարդ է, այլեւ մի բան էլ իր տարիքից փոքր է երեւում: Լուիզան ամեն անգամ շլացնում է իր ոճային, համարձակ կանացի կերպարներով: Նա չի վախենում լինել էքստրավագանդ կին, կրել ոչ ստանդարտ հագուստ եւ աքսեսուարներ: Դերասանուհին այն կանանցից է, որոնց վստահաբար կարելի է տալ շքեղ որակումը:

 

Հասմիկ Կարապետյան

Այս երգչուհին հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ ինքը տարիք չունեցող կին է: Եվ իսկապես, քառասունն անց երգչուհին երիտասարդ է երեւում,  կանացի է, նրան առանձնակի հմայք են հաղորդում ձայնի յուրահատուկ նրբերանգներն ու սեթեւեթելու հատկությունը: Ֆոտոշարքերում ընդգծվում է նրա  ներքին հասունությունն ու խելքը: Հասմիկի առավելություններից մեկն էլ այն է, որ նա չի դիմել որեւէ պլաստիկ միջամտության: Երգչուհին աչքի է ընկնում իր բնական տեսքով, ինչն էլ նրա այցեքարտերից մեկն է:

Լիլիթ Կարապետյան

Այս երգչուհին դեռեւս 1990-ականներից համարվում է հայկական շոու-բիզնեսի ամենացանկալի կանանցից մեկը: Տարիները կարծես պարզապես անցնում են նրա կողքով: Զարմանալի է, բայց նրա դեմքին դժվարությամբ կարելի է կնճիռներ գտնել: Երգչուհին պահպանել է նաեւ գեղեցիկ կազմվածքը: Հարցին, թե որն է նրա կանացիության գաղտնիքը, Լիլիթը պատասխանում է, որ հատուկ բանաձեւեր չունի. պարզապես սիրում է կյանքը եւ փորձում է որսալ կյանքի ամեն մի գեղեցիկ պահը, ապրում է լիարժեք եւ իրեն շրջապատում պոզիտիվ մարդկանցով:

 

Վիվյեն Բաստաջյան

Այս դերասանուհին մեծ ճանաչում ստացավ հատկապես «Փեսացուն կրկեսից», «Թողություն» ֆիլմերում, «Եղբայրներ» հեռուստասերիալում մարմնավորած կերպարների շնորհիվ: Դերասանուհուն կանացիություն են հաղորդում ոչ միայն արտաքին հմայքը, այլեւ ներքին որակները, իմաստությունը: Նրա ինտելեկտը երեւում է նաեւ էկրանից եւ բեմից: Յուրահատուկ է նաեւ Վիվյենի փոքր-ինչ կոշտ, սակայն  հիշվող ձայնը. դա այն ձայներից է, որն անհնար է շփոթել: Դերասանուհին իր տարիքից փոքր չի երեւում, հակառակը՝ փայլում է հենց իր տարիքում: Նա ակտիվ կերպով օգտագործում է նաեւ աքսեսուարներ, որոնք ավելի են ընդգծում նրա կանացիությունը:

Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ

 

 

 

 

«ԵՍ «ԱՅՈ» ԵՄ ԱՍՈՒՄ ԿԱՆԱՆՑ ՄԻԱՄՍՅԱԿԻՆ»

Կանանց նվիրված միամսյակի շրջանակում «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի հետ:  Մենք անդրադարձել ենք Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանվածությանը, քաղաքական, հասարակական կյանքում կանանց ներգրավվածության հարցին: Անահիտը տվել է նաեւ երջանիկ կնոջ իր բանաձեւը:

 

-Նախ՝ մեր ավանդական հարցը՝ ի՞նչ են ցանկանում կանայք:

-Երջանկություն, ներդաշնակություն:  Ինչպես Սոկրատեսն է ասել, նախ պետք է ճանաչես, հետո` չդավաճանես ինքդ քեզ: Եթե կինն ինքն իր հետ ներդաշնակ չլինի, տղամարդու ներկայությունը նրա կյանքում ներդաշնակություն չի մտցնի:

-Կանայք միամսյակի կարիք ունե՞ն:

-Այս առնչությամբ երկու ծայրահեղ կարծիք եմ լսել: Մի մասն ասում է՝ միամսյակ հարկավոր չէ, քանի որ կանանց ամեն օր է հարկավոր հիշել, մյուս մասն ասում է՝ կանանց հարկավոր է հավելյալ ուշադրություն: Ես այն կանանցից եմ, որ ամեն օր են ուշադրության արժանանում իրենց տղամարդու կողմից, սակայն դեմ չեմ նաեւ միամսյակը նշելուն: Ես «այո» եմ ասում կանանց միամսյակին (ծիծաղում է):

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում կանանց ներգրավվածությունը հասարակական, քաղաքական կյանքում:

-Շատ եմ կարեւորում կնոջ դերը հասարակական եւ քաղաքական կյանքում:  Իհարկե, կանայք եւ տղամարդիկ պետք է ունենան հավասար իրավունքներ, բայց ամեն մեկն իր դերը պետք է ունենա նաեւ սոցիալ-քաղաքական կյանքում: Բայց եթե մենք դեռ խոսում ենք հավասար իրավունքների մասին, նշանակում է՝ այդ խնդիրը Հայաստանում լուծված չէ: Այդ ուղղությամբ քայլեր արվում են, սակայն արդյունքները դեռ համոզիչ չեն:

-Եթե նկատել եք, կանայք հաճախ են թիրախավորվում սոցցանցերում: Ըստ Ձեզ՝ դա ինչի՞ հետեւանք է:

-Ընտանիքներում էլ են կանայք թիրախավորվում… Դա շատ խորքային խնդիր է: Մենք՝ մայրերս, պետք է ճիշտ դաստիարակենք մեր որդիներին, որպեսզի  նրանք վաղը հարգեն կանանց, իրենց կողակիցներին: Երբեմն կինն ինքը չի պատկերացնում՝ ինչպես պետք է տղամարդը վերաբերվի կնոջը:

-Ձեր ամուսինն օգնու՞մ է Ձեզ խոհանոցում, կենցաղային գործերում:

-Այո, եւ ես շատ բարձր եմ գնահատում նրա այդ որակը: Առաջնորդվելով տարածված կարծրատիպերով՝ շատ տղամարդիկ կարծում են, թե իրենք չպետք է կենցաղային գործեր անեն, բայց ես ասեմ, որ ամուսինս շատ է օգնում ինձ՝ սկսած աման լվանալուց, վերջացրած թեյ հյուրասիրելով: Այդպիսին կարող  է լինել միայն կայացած տղամարդը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

 

ԱՌԱՋԻՆ ԽԱՂԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Կայացան VBet Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի  առաջին հանդիպումները:

Առաջին խաղը կայացավ ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում, որտեղ «Արարատ-Արմենիան» հյուրընկալել էր «Գանձասար-Կապանին»: Խաղն ավարտվեց տանտերերի 1։0 հաշվով հաղթանակով։ Հանդիպման միակ գոլը 54-րդ րոպեին Հովհաննես Հարությունյանի փոխանցումից հետո հեղինակեց Լուիս Օգանան։  Մյուս հանդիպումը կայացավ «Ուրարտու» մարզադաշտում, որտեղ տեղի «Ուրարտուն» մրցեց «Նոայի» հետ: Հանդիպումն ավարտվեց հյուրերի նվազագույն հաշվով հաղթանակով: Վճռորոշ գոլը «Նոայից» հեղինակեց Ալան Տատաեւը 30-րդ րոպեին: Պատասխան հանդիպումները կկայանան մարտի 22-ին:

 

 

 

 

ԿԱՅԱՑԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ ԽԱՂԵՐԸ

Կայացել են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումներից երկուսը:

Գերմանական «Լեյպցիգը» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեղ Լոնդոնի «Տետենհեմին» եւ ընդհանուր դիմակայությունում առավելության հասնելով 4:0 հաշվով՝ կարողացավ  նվաճել 1/4 եզրափակչի ուղեգիր: Այս խաղում տանտերերից դուբլ ձեւակերպեց Մարսել Զաբիցերը (10‘,21‘), մեկ անգամ էլ աչքի ընկավ Էմիլ Ֆորսբերգը (87‘):

Մյուս խաղում իսպանական «Վալենսիան» ընդունել էր  իտալական «Ատալանտային»: Առաջին խաղում Գասպերինիի տղաները հաղթել էին 4:1 հաշվով: Այս խաղում  նույնպես «Ատալանտան»  ուժեղ էր «Վալենսիայից»: Խաղն ավարտվեց հյուրերի  4:3 հաշվով հաղթանակով:  «Ատալանտայից» իր հաշվին պոկեր ձեւակերպեց  Յոսիպ Իլիչիչը (3‘ 11մ,43‘ 11մ,71‘,82‘): «Վալենսիայից» դուբլ ձեւակերպեց Կեւին Գամեյրոն (21‘,51‘), մեկ անգամ էլ աչքի ընկավ Ֆերան Տորեսը (67‘): Այսպիսով, «Ատալանտան» հաղթեց ընդհանուր 8:4 հաշվով եւ ապահովեց տեղը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում:

 

 

 

 

ԱՌԱՋԱՏԱՐԸ ՉՓՈԽՎԵՑ

Կայացավ Հայաստանի առաջին խմբի առաջնության 21-րդ տուրը:

Ավարտված հանդիպումներում գրանցվեցին հետեւյալ արդյունքները.

ԲԿՄԱ – «Դիլիջան»`1:0

«Արագած» – «Վան»`0:1

«Արարատ – 2» – «Տորպեդո»`5:2

«Արարատ – Արմենիա-2» – «Ալաշկերտ-2»`3:0

«Լեռնային Արցախ» – «Վեստ Արմենիա»`1:2

«Փյունիկ-2»-«Անի»`1:2

«Շիրակ-2»-«Անի»`1:4

«Սեւան» – «Ուրարտու-2»`3:1:

21-րդ տուրից հետո Առաջին խմբի մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել «Վեստ Արմենիան»՝ վաստակած 55 միավորով: Արմեն Շահգելդյանի թիմը 7 միավորի առավելություն ունի 2-րդ եւ 3-րդ տեղերում գտնվող «Վանից» եւ «Լոկոմոտիվից»: Վերջիններս, առաջատարի համեմատ, 1 խաղ քիչ են անցկացրել:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

 




Լրահոս