ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ եթերի ժամանակ ուշագրավ հայտարարություններ արեց, այդ թվում, այսպես կոչված, «Սերժի մարդկանց»-ից ազատվելու անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ այսօր իշխանության մեջ նախկինները ունեն իրենց մարդիկ, որոնց ինքն անվանում է «Սերժի մնացորդներ», եւ եկել է ժամանակը նրանց զտելու: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ այսօր էլ՝ հեղափոխությունից երկու տարի անց, պետական կառավարման համակարգում դեռեւս շատ են, ինչպես ինքը ձեւակերպեց, «Սերժի մնացորդները», ինչը նշանակում է, որ նախկին իշխանությունները դեռեւս շարունակում են ազդեցություն պահպանել պետական կառավարման համակարգում ու իրավապահ մարմիններում։ Սակայն այստեղ կարեւոր է, թե, ի վերջո, ում նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ այդպիսի որակում տալով, քանի որ հենց կառավարման համակարգի վերին օղակներում եւս կան պաշտոնյաներ, որոնք երկար տարիներ եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ նաեւ մինչեւ հեղափոխությունը։ Այսպիսով, ներկայիս նախարարների, փոխնախարարների մեջ էլ կան նախկին պաշտոնյաներ. նրանք են արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը (մինչ հեղափոխությունը եղել է նախարարի տեղակալ), շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը (վարչապետի օգնական, նախարարի տեղակալ), ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը (երկար տարիներ եղել է նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ), պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը (եղել է փոխնախարար, ԱԻ նախարար)։ Ի վերջո, արդյոք խոսքը նրանց մասին է, թե, ամեն դեպքում, մեկ կամ երկու աստիճան ցածր գտնվող պաշտոնյաների մասին՝ փորձեցինք պարզել հենց նրանցից։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը, մեր հարցադրմանն ի պատասխան, նշեց. «Նման հարցադրումը ստիպված եմ առանց մեկնաբանության թողնել»։ Իսկ, ահա, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը մեզ հետ զրույցում նկատեց, թե ինքը շատ-շատ վաղուց է համակարգում, եւ այդ հայտարարությունը իրեն չի կարող վերաբերել։ Միեւնույն ժամանակ Ցոլակյանը համակարծիք էր վարչապետի հետ այն առումով, որ հեղափոխությունը չհասկացած մարդիկ պետք է հեռանան։ Սա, իհարկե, կառավարության կազմն է, բայց «Սերժի մնացորդներ» կան նաեւ դատական համակարգում, ուժային կառույցներում եւ այլ ոլորտներում: Ի վերջո, ի՞նչ է սպասվում «Սերժի մնացորդներին», նրանց պաշտոնա՞նկ են անելու, թե՞ արդեն պետք է սկսեն ինքնակամ դիմումներ գրել ու հեռանալ:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հարցի պատասխանը ստանալ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանից, որը նշեց. «Ես հարկ չեմ համարում մեկնաբանելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Նա իր խոսքն ասել է, իր հայտարարությունն արել է։ Տեսնենք՝ դեպքերն ինչպես կզարգանան։ Այս պահին որեւէ բան ասել չեմ կարող»։
Այս իրավիճակի հանրագումարում մեզ մնում է եզրակացնել, որ մինչեւ հեղափոխությունը ով գործազուրկ է եղել, «փրկվեց»:
Երբ ապրիլի 16-ին Սերժ Սարգսյանը հյուրընկալվեց ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին` պատասխանելու հարցերին, պարզվում է՝ դրանք մի շարք նոր հարցեր են առաջ քաշել: Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի տված տվյալների հիման վրա հանձնաժողովն այս օրերին քննարկում է եւս մի քանի անձի հրավիրելու եւ արդեն վերջնական եզրակացության տալու հարցը: «ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ արդեն քննարկվել է ապրիլի 27-ին նիստ հրավիրելու հարցը, որտեղ հնարավոր է վերը նշված ցանկի պաշտոնյաններից մեկը ներկա գտնվի: Բանն այն է, որ հունիսին ավարտվում է քննիչ հանձնաժողովի աշխատանքային ժամկետը, ու այլեւս հնարավորություն չկա այն երկարաձգելու, ինչի համար էլ հանձնաժողովը պետք է առաջիկայում արդեն ավարտի հարցաքննության իր աշխատանքները ու եզրակացություն ներկայացնի: Նշենք, որ ԱԺ իշխանական խմբակցության շատ պատգամավորների սրտով չէ այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը, կարելի է ասել, անցել է շատ մեղմ, ու կոշտ հայտարարությունները, որը պետք է արվեր հանդիպումից հետո, չեղան: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, քննիչ հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանի հետ, ով հաստատեց առաջիկա նիստի մասին մեր լուրը: «Այո, նիստ լինելու է, բայց դեռեւս աշխատանքային քննարկում չենք արել, քննարկումը կանենք, կորոշենք ու կասենք: Ցանկալի էր, իհարկե, լսել նաեւ Յուրի Խաչատուրովին, իր տեսակետը, իր մեկնաբանությունը, բայց դե չեկավ, ոչինչ, կանենք առանց իրեն մնացածը», – նշեց նա:
ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը 3 որդի ունի: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ զինվորական դատախազի երկու որդիները չեն ծառայել բանակում, ու հայտնի չէ, թե ինչ պատճառաբանությամբ կամ ինչ հիմքով: Փորձեցինք հարցերի պատասխանը ստանալ զինվորական դատախազ Վահե Հարությունյանից, սակայն նա, լսելով մեր հարցը, ասաց՝ դիմե՛ք լրատվական բաժին: «Ժողովուրդ» օրաթերթը կապվեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին, որտեղից հայտնեցին. «Ձեր ունեցած տեղեկությունները մեծ չափով իրականությանը չեն համապատասխանում: Նախ՝ զինվորական դատախազը ձեր նշած զորակոչի տարիքի որդի չունի: Երկրորդ՝ նրա որդիները հաշվառված են պահեստազորում, նրանք զինվորական ծառայությունից ազատվել են՝ օրենքով սահմանված կարգով, անհրաժեշտ հետազոտությունների եւ հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից հաստատված՝ զինվորական ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրների պատճառով: Ընդ որում՝ անհրաժեշտ ենք համարում նշել, որ այդ ընթացքում Վ. Հարությունյանը չէր զբաղեցնում ՀՀ զինվորական դատախազի պաշտոնը, ինչը փաստում է, որ անհիմն են նրա պաշտոնեական կարգավիճակի հետ կապելու բոլոր փորձերը: Իսկ իրավական հիմքերի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար, կարող եք դիմել իրավասու պետական մարմնին՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ հաշվի առնելով, որ վերջինս է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի իմաստով հանդիսանում տվյալ տեղեկատվությունը տնօրինող մարմինը»: Իսկ ՊՆ մեկնաբանությունը «ժողովուրդ» օրաթերթը կներկայացնի ստանալուն պես: Հավելենք, որ զինդատախազի երրորդ որդին եւս զորակոչի տարիքին է, սակայն դատելով մյուս երկու եղբայրների օրինակից՝ միգուցե նա էլ ինչ-որ պատճառով խուսափի ծառայությունից:
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից մի շարք պաշտոնների նշանակումը դատարանը անվավեր է ճանաչել: 2019 թվականին Երեւանի քաղաքապետարանը աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի տեղակալի պաշտոննների թափուր տեղի համար մրցույթներ էր հայտարարվել: Երեւանի քաղաքապետարանի կողմից վերոնշյալ պաշտոնների համար հայտարարված մրցույթներին մասնակցել է նաեւ Արսեն Ավետիսյանը, սակայն ներկայացված պաշտոնների համար անցկացված մրցույթներից ոչ մեկով հաղթող չի ճանաչվել եւ դիմել է դատարան։ Եվ, ահա, դատավոր Գրիգոր Առաքելյանը լսել է բոլոր կողմերին եւ 1 տարի անց՝ 2020 թվականի մարտի 2-ին, կայացրել է որոշում՝ բավարարելով հայցը եւ անվավեր է ճանաչել այդ պաշտոնների համար անցկացված մրցույթները եւ Երեւանի քաղաքապետի կարգադրությունները: Ստացվում է` արդեն մեկ տարի պաշտոնավարող անձինք ոչ օբյեկտիվ մրցույթի արդյունքում են նշանակվել։ Ստացվում է, որ Երեւանի քաղաքապետարանում «բեսպրիդել» է. ում ցանկացել, անցկացրել են եւ մի բան էլ դատարանի որոշումը բողոքարկել են ՀՀ վերաքննիչ դատարան՝ փորձելով այդպես ժամանակ շահել: