ԴԱՏԱՐԱՆԸ՝ ԸՆԴԴԵՄ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանի շուրջ աղմկահարույց բացահայտումները շարունակվում են: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից մի շարք պաշտոնների նշանակումը դատարանը անվավեր է ճանաչել:

 

Օրերս «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, սակայն վերոնշյալ պաշտոնի համար դիմած թեկնածուներից մեկը մրցույթի անցկացման ընթացակարգի մեջ խախտումներ է հայտնաբերել եւ դիմել է դատարան, եւ դատարանն էլ հաստատել է, որ խախտումներ կան, եւ մրցույթի ընթացքը կասեցրել է: Ի դեպ, այս խախտումների մասին մեր լուրը հաստատել էր ՀՈԱԿ-ի ներկայիս տնօրեն Արմեն Բեգոյանը: Սակայն այսքանով Երեւանի քաղաքապետարանի շուրջ աղմկահարույց բացահայտումները չեն ավարտվում: Իսկ հիմա՝ ամեն ինչի մասին ամենասկզբից:

 

Հանուն պաշտոնի

2019 թվականին Երեւանի քաղաքապետարանը աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի տեղակալի պաշտոնների թափուր տեղի համար մրցույթներ էր հայտարարել: Երեւանի քաղաքապետարանի կողմից վերոնշյալ պաշտոնների համար հայտարարված մրցույթին մասնակցել է նաեւ Արսեն Ավետիսյանը, սակայն ներկայացված պաշտոնների համար անցկացված մրցույթներից ոչ մեկով հաղթող չի ճանաչվել:  Վերջինս չի հանձնվել եւ 2019 թ. ապրիլի 22-ին դիմել է ՀՀ վարչական դատարան եւ պահանջել, որ դատարանը ստիպի Երեւանի քաղաքապետարանին 26.03.2019թ. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի տեղակալի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացված մրցույթներն անվավեր ճանաչել, որպես հետեւանք, մրցույթային հանձնաժողովների 4 որոշումները եւ մրցույթների արդյունքում ընդունված պաշտոնների նշանակելու մասին Երեւանի քաղաքապետի հարամաններն անվավեր ճանաչել: Եվ, ահա, Վարչական դատարանի դատավոր Գրիգոր Առաքելյանը այս գործը վարույթ է ընդունել եւ սկսել քննություն:

 

Դատավորը գործի անցավ

Դատարանը ուսումնասիրում է այնպիսի փաստեր, որոնք վկայում են դատարան դիմած Արսեն Ավետիսյանի հաղթանակի մասին, սակայն պաշտոնի է նշանակվել միանգամայն այլ մարդ:

Փաստ 1. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի տեղակալի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացված մրցույթում Արսեն Ավետիսյանը հարցազրույցի փուլի մասնակիցների մրցույթի թեստավորման փուլում հավաքել է 40 միավոր (100%), իսկ սահմանված կարգով հաշվարկված դրական բալերի հանրագումարը կազմել է 17 բալ, սակայն մրցույթում հաղթող է ճանաչվել Նարեկ Ավետիսի Ավետիսյանը:

Փաստ 2. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին Արսեն Ավետիսյանը հարցազրույցի փուլի մասնակիցների մրցույթի թեստավորման փուլում հավաքել է 40 միավոր (100%), իսկ սահմանված կարգով հաշվարկված դրական բալերի հանրագումարը կազմել է 16 բալ: Այստեղ կրկին պարտվել է, քանի որ մրցույթում հաղթող է ճանաչվել Ռոբերտ Դարբինյանը:

Փաստ 3. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Ավետիսյանը կրկին մասնակցել է հայտարարված մրցույթին եւ հարցազրույցի փուլի մասնակիցների մրցույթի թեստավորման փուլում հավաքել է 38 միավոր (95%), իսկ սահմանված կարգով հաշվարկված դրական բալերի հանրագումարը կազմել է 12 բալ ու կրկին, մեղմ ասած, նրան դուրս են շպրտել, եւ մրցույթում հաղթող է ճանաչվել Մհեր Աղաբեկյանը: Փաստ 4. Ավետիսյանը չի համձնվել, մասնակցել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին եւ հարցազրույցի փուլի մասնակիցների մրցույթի թեստավորման փուլում հավաքել է 38 միավոր (95%), իսկ սահմանված կարգով հաշվարկված դրական բալերի հանրագումարը կազմել է 14 բալ: Արդյունքում՝ կրկին պարտություն. մրցույթում հաղթող է ճանաչվել Գարեգին Գեղամի Խաչատրյանը: Ավետիսյանը, դիմելով դատարան, հայտնել է, որ գտնում է, որ իր նկատմամբ դրսեւորվել է կողմնակալ, սուբյեկտիվ վերաբերմունք, ինչպես նաեւ համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու նշված մրցույթներն անց են կացվել սահմանված կարգի եւ գործող օրենսդրության պահանջների խախտմամբ:

Քաղաքապետարանի պատասխանը

Դատավոր Առաքելյանը լսել է նաեւ Երեւանի քաղաքապետարանի դիրքորոշումը: Քաղաքապետարանի ներկակայացուցիչը նշել է, որ Արսեն Ավետիսյանի հայցը պետք է մերժվի, քանի որ անհիմն է: Ավելին, ըստ քաղաքպետարանի՝ Ավետիսյանը հայտնել է, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը, հանդիսանալով հանձնաժողովների անդամ կամ նախագահ, իր նկատմամբ կիրառել է խտրական վերաբերմունք եւ սուբյեկտիվ մոտեցում: Նշված մեկնաբանությունները՝ որպես հայցի հիմնավորում հիմք ընդունելն անհիմն է, քանի որ, ինչպես գործի նյութերից հետեւում է, քննությունների բանավոր հարցազրույցների փուլերում տրված հարցադրումների վերաբերյալ հայցվորի կողմից բավարար պատասխաններ չեն տրվել, եւ վերջինս չի հաղթահարել հաղթող ճանաչվելու համար սահմանված անցողիկ շեմը եւ, եթե վերջինս իր տված պատասխաններով հավաքեր առավել բարձր միավորներ, ապա կճանաչվեր մրցույթի հաղթող եւ կնշանակվեր համապատասխան պաշտոնի, ինչը, սակայն, տեղի չի ունեցել: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթներ անցկացնող մրցութային հանձնաժողովների կազմը հաստատվել է Երեւանի քաղաքապետի որոշումներով, համաձայն որոնց՝ նախատեսված մրցույթներ անցկացնող մրցութային հանձնաժողովների նախագահ նշանակվել է Երեեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը, իսկ 28.03.2019 թվականին նախատեսված մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի նախագահ նշանակվել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղեկալ Հրաչյա Սարգսյանը:

 

Դատավորը որոշեց

Ինչեւէ, դատավոր Գրիգոր Առաքելյանը լսել է բոլոր կողմերին եւ 1 տարի անց՝ 2020 թվականի մարտի 2-ին, կայացրել է որոշում՝ բավարարելով Արսեն Ավետիսյանի հայցը, եւ անվավեր է ճանաչել վերոնշյալ պաշտոնների համար անցկացված մրցույթները եւ Երեւանի քաղաքապետի կարգադրությունները: Ստացվում է, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Նարեկ Ավետիսյանը, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Ռոբերտ Դարբինյանը, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Մհեր Աղաբեկյանը, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի տեղակալ Գարեգին Խաչատրյանը ոչ օբյեկտիվ մրցույթի արդյունքում են նշանակվել այդ պաշտոնին, եւ դեռ ավելին՝ մեկ տարի է, ինչ պաշտոնավարում են:

Ստացվում է, որ Երեւանի քաղաքապետարանում «բեսպրիդել» է. ում ցանկացել, անցկացրել են, եւ մի բան էլ դատարանի այս որոշումը բողոքարկել են ՀՀ վերաքննիչ դատարան՝ փորձելով այդպես ժամանակ շահել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԸՆԴԴԵՄ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մանուկյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի: Իսկ ի՞նչ է պահանջում դատախազ Մանուկյանը: Վերջինս պահանջում է, որ դատարանը ստիպի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին 2020թ. ապրիլի 9-ի կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումը եւ նույն օրվա հրամանն ամբողջությամբ վերացնել: Իսկ ի՞նչ որոշման մասին է խոսքը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղեկություն է ստացել, որ դատախազ Մանուկյանը փաստաբաններից մեկին ինչ-որ քրեական գործով օգնել է, եւ դրա համար նրան կարգապահական պատասպանատվության է ենթարկել՝ նախատելով, թե ինչու է իր քիթը մտցրել այդ գործի մեջ: Իսկ ի՞նչ հրաման է տվել Արթուր Դավթյանը դատախազ Անդրանիկ Մանուկյանի հարցով: Մեզ հայտնի դարձավ, որ նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելուց բացի պաշտոնը իջեցրել են եւ առաջարկել գնալ աշխատել Արցախում: Դատախազ Արդրանիկ Մանուկյանը չի հաշտվել ասվածի հետ եւ ասել է, որ չի ցանկանում Արցախ գնալ, եւ իր ազատման դիմումը բողոքարկել է ՀՀ վարչական դատարանում:

 

 

 

 

ԿՐԱԿՈՑԻՑ 3 ԱՄԻՍ ԱՆՑ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքի ուղղությամբ՝ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակելու դեպքից անցել է 3 ամիս, սակայն մինչ օրս իրավապահները չեն բացահայտել, թե ով կամ ինչու կրակեց դատավորի աշխատասենյակի պատուհանին: Հիշեցնենք, որ Հայաստանում աննախադեպ միջադեպ էր արձանագրվել: Հայաստանի դատական իշխանության պատմության մեջ առաջին անգամ կրակել էին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքի ուղղությամբ՝ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին: Կատարվածը բացահայտել է դատավոր Գրիգորյանը եւ ոստիկանությունում հաղորդում ներկայացրել: ArmLur.am-ը դատավորից հետաքրքրվել էր` արդյոք անձնական, թե մասնագիտական վրեժխնդրության հետեւանք կարող է լինել իր աշխատասենյակի ապակու ուղղությամբ կրակոցը: Վերջինս հայտնել էր, թե արձակուրդում է եղել, եւ չի կարծում, որ անձնավորված բան կարող է լինել: Ինչեւէ, դեպքից հետո հարուցվեց քրեական գործ, եւ քրեական գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեում , սակայն իրավապահներին դեռեւս չի հաջողվել բացահայտել, թե ով կամ ովքեր համարձակվեցին  նման քայլի դիմել: Հուսանք՝ այս դեպքն էլ մյուս դեպքերի նման չի մնա քննիչների դարակում, եւ իրականությունը կբացահայտվի:

 




Լրահոս