ԿԱԴԻՄՅԱՆԸ ՓԱՅԼՈՒՄ Է, ԻՍԿ «ՄԻԼԱՆԸ» ՄՏԱԾՈՒՄ ԲԱԼԵԿՅԱՆԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային սպորտը շարունակում է կաթվածահար լինել։ Արդեն տեղափոխվել են մի շարք գերխոշոր մրցաշարեր,  դադարեցված են ֆուտբոլային գլխավոր առաջնությունները, հետաձգվել  է UFC 249 մրցաշարը, հետաձգվել է  նաեւ Երեւանում սպասվելիք Հայաստանն ընդդեմ Չինաստանի խառը մենամարտերի մրցաշարը։

 

COVID-19 կորոնավիրուսը լուրջ հարված հասցրեց համաշխարհային սպորտին, որի հետեւանքները դեռ կերեւան։ Ամեն դեպքում, չնայած, ստեղծված իրավիճակին՝ սպորտի վերադարձն արդեն  ընդգծվում է հորիզոնում։ «Նորին մեծություն» ֆուտբոլը,  ամենայն հավանականությամբ, կվերադառնա բոլորից շուտ։ Իհարկե կան  երկրներ, որտեղ շարունակում են ֆուտբոլ խաղալ,  սակայն  առաջատար առաջնություններն ու մրցաշարերը շարունակում են մնալ դադարեցված։  Շատ առաջնություններ, ամենայն հավանականությամբ, կվերսկսվեն մայիսի վերջին։ ՈՒԵՖԱ-ն հատուկ  ծրագիր է կազմել եվրագավաթների անցկացման համար, եւ եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածով, ապա 2019/20 ֆուտբոլային մրցաշրջանը կավարտվի օգոստոսի վերջին։

 

ԿԱԴԻՄՅԱՆԸ ՓԱՅԼՈՒՄ Է, ԻՍԿ «ՄԻԼԱՆԸ» ՄՏԱԾՈՒՄ ԲԱԼԵԿՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Ֆուտբոլի եվրագավաթային մրցաշարերը՝ Չեմպիոնների լիգան եւ Եվրոպա լիգան, ամենայն հավանականությամբ,  կվերսկսվեն օգոստոս ամսին եւ  ավարտին կհասցվեն հաշված օրերի ընթացքում։ Խոսքը գնում է  Զ, զ  փուլերի եւ եզրափակիչ հանդիպումների մասին, իսկ 1/8 եզրափակչի հետաձգված հանդիպումները հնարավոր է անցկացվեն ավելի շուտ։ Ըստ մի շարք հեղինակավոր պարբերականների՝ Եվրոպա լիգայի եզրափակիչը կկայանա օգոստոսի 26-ին, իսկ Չեմպիոնների լիգայինը՝ օգոստոսի 29-ին։

 

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՄԻԱԿ ԼԻԳԱՆ  ԵՎ ԱՅՆՏԵՂ ՓԱՅԼՈՂ ԿԱԴԻՄՅԱՆԸ

Ֆուտբոլային մրցաշրջանը դադարեցված է ոչ բոլոր երկրներում։ Եվրոպայում գնդակ շարունակում են գլորել միայն Բելառուսում։ Հոնց բելառուսական «Նեմանի» կազմում է խաղում Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանը, ով շատ լավ է սկսել առաջնությունը եւ հասցրել է արդեն 2 գնդակ ուղարկել իր մրցակիցների դարպասը։ Առաջնության 5 տուրերից հետո Կադիմյանի «Նեմանը» վաստակած 5 միավորով 14-րդն է, իսկ անձամբ Գեղամը խփած 2 գոլերով ռմբարկուների ցուցակում 2-րդն է։  Բելառուսի առաջնության ընթացիկ մրցաշրջանի առաջատարը «Սլուցկ»-ն է, որը վաստակել է 10 միավոր եւ միայն լրացուցիչ ցուցանիշներով է առաջ անցել «Վիտեբսկից» եւ «Ժոդինոյից»։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ԿԱՐՈՂ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ «ՄԻԼԱՆ»

Եւս մեկ լավ նորություն՝ կապված  ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հետ։

Արգենտինական «Հուրականի», Հայաստանի հավաքականի թեկնածու Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կարիերան կարող է շարունակել իտալական «Միլանում». հաղորդում է Tuttosport-ը: «Հուրականի» հարձակվողը անդրադարձել է տարածված լուրերին եւ նշել, որ շատ կցանկանար խաղալ Եվրոպայում: «Ես ուրախ եմ, որ խոսվում է այդ մասին: Ես կցանկանայի հանդես գալ Եվրոպայում: «Միլանը» մեծագույն ակումբ է, որտեղ խաղացել են մեծագույն ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Իբրան, ով հիանալի թիմակից կլիներ: Այս պահին մտածում եմ միայն «Հուրականի» մասին: Ես ամուր կանգնած եմ ոտքերիս վրա»,- Բալեկյանի խոսքերն է փոխանցում Tuttomercatoweb-ը:

Միանշանակ ֆանտաստիկ կլինի Բրիասկոյին տեսնել իտալական ամենահզոր ակումբներից մեկի մարզաշապիկով։ Եվրոպայում խաղալը հիանալի կարող է անդրադառնալ նաեւ Բալեկյանի ազգային հավաքականի ելույթների վրա։

 

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԽԱՌԸ  ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՇՈՈՒՆ, ԱՄԵՆԱՅՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, ԿԿԱՅԱՆԱ ՀՈՒԼԻՍԻՆ

Ֆուտբոլային խաղադաշտից այժմ անցում կատարենք խառը մենամարտերի օկտագոն։ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան «Մարզահամերգային» համալիրում փետրվարի 22-ին պետք է կայանար Խառը մենամարտերի մեծ մրցաշար` Հայաստանն ընդդեմ Չինաստանի:

Մրցաշարը հետաձգվեց` կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված: «Ժողովուրդ» օրաթերթը «Միքս Ֆայթ» մրցաշարերի կազմակերպիչ Վարդան Մնացականյանից տեղեկացավ, որ Հայաստանն ընդդեմ Չինաստանի մեծ շոուն, ամենայն հավանականությամբ, կկայանա հուլիս ամսին: «Կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվել են 4 մրցաշարեր: Ամեն ինչ կախված է ստեղծված իրավիճակից, բայց կարող եմ ասել, որ կա հնարավորություն Հայաստան-Չինաստան մենամարտերի երեկոն անցկացնել հուլիս ամսին: Հստակ ոչինչ չկա. սպասում ենք համաճարակի ավարտին»,- ասել է Վարդան Մնացականյանը: Վարդան Մնացականյանը նաեւ խոսել է Mix Fight կազմակերպության նոր փոխնախագահի` Նորայր Սիմոնյանի մասին: «Նորայր Սիմոնյանը Mix Fight կազմակերպության նոր փոխնախագահն է: Նա զբաղվելու է ողջ աշխարհում Mix Fight-ի զարգացման ուղղությամբ»,- մեզ հետ զրույցում ասել է պարոն Մնացականյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում կայացած վերջին «Միքս ֆայթ» մրցաշարի ընթացքում գլխավոր՝ ISKA INTERCONTINENTAL գոտուն տիրացավ հայազգի Միհրան Ենոքյանը՝ հաղթելով ազգությամբ չեչեն Մաիրբեկ Մեդիեւին:

 

ՏՈՆԻ ՖԵՐԳՅՈՒՍՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽԱՂԱԼ ԽԱԲԻԲԻ ՆՅԱՐԴԵՐԻ ՀԵՏ

Մնանք UFC օկտագոնում եւ խոսենք  UFC-249-ի հետաձգման մասին, որի հետ դեռեւս չի կարողանում համակերպվել ամերիկացի խառնամարտիկ Տոնի Ֆերգյուսոնը։ Ապրիլի 18-ին պետք է կայանար մրցաշարը, որի գլխավոր մենամարտում պետք է մրցեին Ֆերգյուսոնն ու թեթե քաշային կարգի չեմպիոնական գոտու տիրակալ Խաբիբ Նուրմագոմեդովը։  Վերջինս հրաժարվեց մենամարտից՝ պատճառաբանելով Ռուսաստանի օրենսդրոթյամբ սահմանված արգելքը, որի համաձայն մարզիկը չէր կարող լքել ՌԴ-ի սահմանները։ Ֆերգյուսոնը մի լավ քննադատեց Խաբիբին՝ ասելով, որ եթե Նուրմագոմեդովը ցանկանար, ապա կարող էր մեկնել Ռուսաստանից։ Տոնին ներկայիս չեմպիոնին անվանեց վախկոտ եւ նույնիսկ անբարոյական։ UFC-ն ամերիկացուն հանգստացնելու համար նրա համար գտավ նոր մրցակից՝ Ջաստին  Գետջիին, սակայն այդ մենամարտը եւ, ընդհանրապես, UFC 249 մրցաշարը հետաձգվեց՝ կորոնավիրուսի պանդեմիայիով պայմանավորված։ Ստեղծված «սերիալային» պատմության արդյունքում հանրությունը զրկվեց Տոնի-Խաբիբ ֆանտաստիկ դիմակայությունից՝  փոխարենը ստանալով Տոնի-Ջաստին թեթեւ քաշային կարգում չեմպիոնի ժամանակավոր կոչման համար մենամարտը։ Ֆերգյուսոնը կրկին անդրադարձել է Խաբիբին, սակայն այս անգամ փոքր-ինչ զուսպ է արտահայտվել ռուս խառնամարտիկի հասցեին: «Կարծում եմ` Խաբիբն ամեն ինչ էլ հասկանում է: Եկել է նրա հեռանալու ժամանակը: Նա քաշեց իր պոչը: Հույս ունեմ, որ Խաբիբն ու իր ընտանիքը առողջ են ու անվտանգ: Երբ խոսքը ընտանիքի մասին է, ես վիրավորել չեմ կարող եւ ոչ մեկի: Միեւնույն ժամանակ հույս ունեմ, որ նա ոչ միայն խոսում է, այլ նաեւ մարզվում»,- Ֆերգյուսոնի խոսքերն է փոխանցում ESPN-ը: Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդով-Տոնի Ֆերգյուսոն մենամարտը չեղարկվել է արդեն 5 անգամ:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

 

ԱՆՁՐԵՎ ԵՎ ԱՄՊՐՈՊ

Հայաստանի մարզերի մեծ մասում այսօր սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է նաեւ հարավ-արեւմտյան քամու ուժգնացում` մինչեւ 15-20 մ/վ արագությամբ: Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` մինչեւ 15-17 մ/վ արագությամբ:

 

 




Լրահոս