2019 թվականին ծախսերն ավելացել են․ մանրամասներ բյուջեի նախագծից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կառավարությունն այսօր կհաստատի 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը և այն կուղարկի Ազգային ժողով։ Հաշվետվությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ 2019 թվականի արդյունքներով ՀՀ պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են 1565.5 մլրդ դրամ, իսկ հարկեր և տուրքերը կազմել են 1464.3 մլրդ դրամ։ 2019 թվականի արդյունքներով պետական բյուջեի ծախսերը կազմել են 1629.4 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 12.6%-ով: Ընդ որում, ընթացիկ ծախսերը կազմել են շուրջ 1437.1 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով` 10.6%-ով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը կազմել են 193 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով 27%-ով։ Իսկ առանց ՌԴ-ից ստացված ռազմական վարկի հաշվարկային գումարի ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի աճը կազմում է 6.3%:

2019 թվականին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 1,565.5 մլրդ դրամ եկամուտներ՝ ապահովելով կառավարության կողմից ճշտված ծրագրի 97.3% կատարողական: Հարկային եկամուտների և պետական տուրքերի՝ Օրենքով հաստատված տարեկան ծրագիրը կատարվել է 103.8%-ով։ 2019 թվականի պետական բյուջեի փաստացի եկամուտները 16.7%ով կամ 223.8 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը: Մասնավորապես` հարկային եկամուտների և պետական տուրքերն աճել են 16.4%ով կամ 206.2 մլրդ դրամով, պաշտոնական դրամաշնորհները՝ 10.1%ով (1.1 մլրդ դրամով), այլ եկամուտները՝ 22.8%ով (16.5 մլրդ դրամով)»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս