Վարդենիսում պոիլկլինիկան փակ է, հիվանդանոցը չի գործում, զինհոսպիտալը չի ընդունում. ինչ անել: ArmLur.am-ը զրուցել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ:
– Պարոն Սանոսյան, հիմա Հայաստանում կորոնավիրուսի վարակի ամենամեծ օջախը Վարդենիսն է. կասեք քանի՞ թեստ է արվել քաղաքում, որոնցից արդեն քանիսն է դրական պատասխաններ ունեցել:
– Վարդենիսը ոչ թե ամենամեծ օջախն է, այլ վիրուսի բռնկման նոր վայր, Հայաստանում կան այլ բնակավայրեր, որտեղ կորոնավարակի ավելի մեծ ցուցանիշ է գրանցվել։ Առաջին դեպքի հաստատումից հետո 300 –ից ավելի մարդու ենք թեստավորվել, այս պահի դրությամբ ունենք 47 հատատված դեպք, ընդ որում մենք բավականին լայն շրջանակով ենք թեստավորում կատարում, ինչպես նաեւ զգուշավորություն ցուցբերելով՝ մեծ թվով մարդկանց ենք ուղարկում հյուրանոցներում մեկուսացվելու։
– Մինչ այս արտակարգ դրության որեւէ պահանջ Վարդենիսում եւ ընդհանրապես Գեղարքունիքում չէր պահպանվում. Մարդիկ ազատ ելումուտ էին անում, հավաքվում «գեղամեջ», կնունք, ծնունդ, մարդաշատ հոգեհանգիստ ու հուղարկավորություն էին կազմակերպում: Ինչո՞ւ այս խստությունը չկար մարզում` մասնավորապես Վարդենիսում:
– Այնպիսի տպավորություն է, որ նման կարծիք միայն ձեր մոտ կա մարզում իրականացված եւ իրականացվող աշխատանքների վերաբերյալ։ Հիմնականում մեր մոտից բազմաթիվ մարդիկ զանգել են պարետատան թեժ գիծ եւ բողոքել, որ շատ խիստ վերահասկողություն է կատարվում։
Մարզային անցակետերից 100–ավոր մեքենաներ են հետ ուղարկվել, բոլոր դեպքերը արձանագրված են, ինչպես կարելի նման պնդումներ անել, երբ փաստացի արձանագրված դեպքեր ունենք։
-Հիմա էլ ահազանգեր ենք ստանում, որ մյուս քաղաքներում է զգոնության պակաս: Ի՞նչ եք արել այս ուղղությամբ:
– Մենք շարունակում ենք մեր աշխատանքը նույն տեմպով, հրահանգելով բնակիչներին դուրս գալ տանից միայն հատուկ կարիքի, անհրաժեշտության պարագայում, դրսում պահպանել սոցիալական հեռավորություն, ոստիկանությունը իր կողմից եւս հսկողություն է իրականացնում։ Այս ընթացքում ավելի քան 663 վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել, անցաթերթիկ չունեցող բնակիչները տուգանվել են 100 կամ 200 հազար դրամով։
– Վարդենիսում աշխատող և Վարակված բժիշկը հայտարարեց, որ մարզում վաղուց է եղել վարակը, ուղղակի ցուցում չի եղել թեստավորում անելու: Ինչո՞ւ ջերմող, թոքաբորբով մարդիկ չեն թեստավորվել:
⁃ Մինչեւ առաջին պատիցիենտի դրական պատախանը, մենք գանգատներ ունեցող ավելի քան 40 հոգու թեստավորել ենք, դա եղել է շարունակական պրոցես։ Չի եղել որեւէ մարդ ով ախտանշան ունենա եւ չթեստավորվի, միշտ էլ բավարար քանակի թեստեր եղել են եւ ըստ բժշկական ցուցումների՝ կատարվել են թեստավորումներ։
– Կոնկրետ բժիշկը մի քանի օր վատ է զգացել, պնդել է, որ թեստավորեն, չեն արել, ինչո՞ւ:
⁃ Բժիշկը ուրբաթ օրը՝ ամսի 10–ին, դիմելի է պոլիկլինիկայի տնօրենին ասելով, որ ինքնազգացողությունը վատ է եւ ցանկանում է տուն գնալ, տնօրենը թույալտրել է։ Նա ամբողջ այդ ընթացքում շարունակել է ազատ տեղաշարժը, այցեր կատարել, հիվանդ պացիենտի է տնայց կատարել, ինչպես նաեւ տնային պայմաններում ընդունել է հիվանդների։ Ոչ մի անգամ չի դիմել որեւէ բժշկի կամ գործիքային հետազոտության։ 6 օր անց՝ ամսի 16–ին կապ է հաստատել Վարդենիս ԲԿ–ի տնօրենի հետ՝ ռենտգեն հետազոտության համար։ Ռենտգեն պատկերից ելնելով ԲԿ–ում նմուշառում են կատարել, դրական արդյուքնից անմիջապես հետո հոսպիտալացրել են։
– Վարդենիսի բժիշկը պնդում է, որ իր մոտ եկած պացիենտներից է վարակվել: Ստուգվե՞լ է արդյոք այդ ինֆորմացիան:
⁃ Մենք որոշակի դժվարություն ունեք սկզբնաղբյուրը պարզելու հարցում, երբ հաջողությամբ պարզենք՝ կիմանանք, թե ով ումից է վարակվել։ Մեզ համար կարեւոր չէ բժշկուհին է ինչ–որ մեկից վարակվել, թե ինքն է առաջին վարակակիրը, այլ կարեւորը է պարզել սկզբնաղբյուրը՝ տարածումը կանխելու համար։
– Լուրեր կան, որ պաշտոնյաները եվրոպայից մարդկանց են հյուրնընկալել, ու չի բացառվում նրանցից է վարակը մտել Վարդենիս, բայց այսօր բոլորը, ինչպես Էջմիածնի տիկնոջ դեպքում, մեղադրում էն բժշկին:
⁃ Եղել են լուրեր, որ Իտալիայից մասնագետ է այցելել տեղում գործող արտադրամաս, ամբողջ տեղեկատվությունը ստուգվել է եւ պարզվել է, որ ոչ թե Իտալիայից է եկել, այլ Ռուսաստանից։ Վարդենիսում գտնվել է փետրվարի վերջին օրերին, երբ դեռ Հայաստանում դեպքեր չէին արձանագրվել, իր հետ շփման շրջանակը պարզել ենք, որեւէ մեկի մոտ վիրուս չկա։
– Հիմա Վարդենիսո՞ւմ է միայն վարակը, թե նաեւ հարակից համայնքներում էլ են դեպքեր գրանցվել:
⁃ Գրանցված դեպքերը միայն Վարդենիսում են։
– Վարդենիսը փակ է լինելու մեկ շաբաթ: Վարդենիսի կիսագործող հիվանդանոցը փակ է, պոլիկլինիկան փակ է, զինհոսպիտալը փակ է քաղաքացիական անձանց համար, այս իրավիճակում, եթե որեւէ քաղաքացի բժշկի կարիք ունենա (ոչ կորոնավարակի պատճառով) կամ ծննդաբերելու ժամանակը վրա հասնի, ի՞նչ պիտի անի:
⁃ Վարդենիսի հիվանդանոցի շտապ օգնությունը լիարաժեքորեն աշխատում է, ցուցաբերում է առաջին բուժօգնություն։ Պոլիկլինիկայի բժիշկների կոնտակտները փոխանցված են թեժ գիծ, պացիենտները կարող են զանգել եւ ստանալ անհրաժեշտ բժշկական ցուցումներ։ Արդեն երեկվանից Մարտունու ծննդատունը ընդունում է Վարդենիսի ծննդկաններին։
– Չի՞ քննարկվում արդյոք մայրաքաղաքից կամ այլ վայրերից բժիշկներ ուղարկելը այդ մեծ համայնք: Մենք տեղեկացանք, որ եւ մանկական բուժքույրը եւ շտապօգնության բուժքույրերը մեկուսացված են…
⁃ Առողջոպահության նախարարի հետ քննարկել ենք այդ հարցը, առաջիկայում, ըստ անհրաժեշտության, այլ բուժհիմնարկներից մարդիկ կգործուղվեն։ Ինչպես նաեւ ունենք տեղից բժիշկներ, ովքեր ցանկություն են հայտնել կամավոր այս օրերին աշխատել շտապ օգնության ծառայությունում։
Լիդա Եղիազարյան