Անձը կարող է զրկվել ազատությունից նաև բանավոր կարգադրության հիման վրա․ արտակարգ դրության պայմանները կփոխվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովն ապրիլի 28-ին հրավիրելու է արտահերթ նիստ։ Օրակարգում նաև «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթն է։

Իսկ ինչ փոփոխություններ են արվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում։

Նախագծերով`

  • մի շարք դեպքերում հստակեցվել են արտակարգ դրության ընթացքում սահմանափակման ենթակա իրավունքները և ազատությունները, կիրառվող միջոցառումները, սահմանվել է անձնական ազատության իրավունքի սահմանափակման հնարավորությունը, ինչպես նաև նախատեսվել է սահմանափակումները և միջոցառումները պայմանով կիրառելու հնարավորությունը,
  • հստակեցվել է պարետի և պարետատան կարգավիճակը` որպես արտակարգ դրության ընթացքում պետական կառավարման առանձնահատուկ դրսևորում և պարետի կողմից ընդունվող ենթաօրենսդրական ակտերի բնույթը,
  • հստակեցվել է արտակարգ դրություն հայտարարելու հիմք հանդիսացած հանգամանքների արդյունքում առաջացած սոցիալական խնդիրների և տնտեսական հետևանքների հակազդման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցությանն ուղղված միջոցառումներ սահմանելու հնարավորությունը,
  • նախատեսվել է, որ բացի ռազմական և արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշումների նախագծերից, փորձաքննության ենթակա չեն նաև ռազմական և արտակարգ դրությամբ պայմանավորված այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը:

11-րդ հոդվածը սահմանվում է այսպես․

Համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում անձի անձնական ազատության իրավունքը կարող է սահմանափակվել արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար ներգրավված մարմինների կողմից տրված բանավոր կամ արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում` գրավոր կարգադրությամբ:

Սույն մասով սահմանված դեպքում անձնական ազատության սահմանափակման ենթարկված յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է անձնական ազատության իրավունքի սահմանափակման պատճառների մասին և կարող է պահանջել, որ սահմանափակման մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս