Սոթքի հանքի աշխատակիցներից 1-ը վարակված է կորոնավիրուսով, 100-ը՝ ինքնամեկուսացած․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքը կորոնավիրուսի տարածման նոր օջախ է, եւ քաղաքի մուտքն ու ելքը փակ են։ Իսկ այսօր գրանցվել է մահվան առաջին դեպքը մարզում։

Սոթքի հանքի աշխատակիցների շրջանում ևս կան մեկուսացածներ, ինքնամեկուսացածներ , իսկ աշխատակիցներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուսի ։

  ArmLur.am-ը «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության  արտաքին կապերի և սոցիալ քաղաքանության գծով կառավարիչ Ռուզաննա Գրիգորյանից փորձեց պարզել՝ ինչ կանխարգելիչ աշխատանքներ են անում այս ընթացքում, արդյոք հաշվի առնելով իրավիճակը, կարող են դադարեցնել հանքի աշխատանքները։ Նշենք, որ այս ընկերությունն է շահագործում Սոթքի հանքավայրը։

-Սոթքի հանքի աշխատակիցների մեջ կա՞ն կորոնավիրուսով վարակակիրներ։ Ի՞նչ կանխարգելիչ միջոցներ եք ձեռնարկում այս ուղղությամբ։

-Ներկայումս Սոթքի հանքում հաստատվել է Covid -19 վիրուսով հիվանդության մեկ դեպք: Աշխատակիցը վարակվել է տանը՝ հարևանի հետ շփվելով։ Նրա ընտանիքի բոլոր անդամները մեկուսացված են: Ընկերությունը հայտնաբերել է բոլոր այն աշխատողներին, որոնց հետ հիվանդը շփվել էր, և բոլորին ուղարկել է ինքնամեկուսացման: Ավելին, 10 աշխատակից, ովքեր աշխատանքի բերումով անմիջականորեն շփվել են հիվանդի հետ, անցել են թեստավորում «ԳՊՄ Գոլդ» ընկերության նախաձեռնությամբ ։ Ստացվել են չորս թեստերի պատասխանները, որոնք բացասական են, սպասում ենք հաջորդ վեցի արդյունքներին։

-Ընկերության աշխատակիցներից քանի՞սն են այժմ մեկուսացած։

-Ներկայումս Սոթքի հանքի մոտ 100 աշխատակից ինքնամեկուսացման մեջ է: Ընկերությունն ամեն օր իրականացնում է մոնիթորինգ ` կոլեկտիվում ռիսկային խումբ հայտնաբերելու համար։ Եվ պարբերաբար, հնարավոր ռիսկերի առկայության դեպքում աշխատակիցներին ուղարկում է ինքնամեկուսացման: Հարկ է նշել, որ ընկերությունը ռիսկային խմբի մեջ ներառել է 60 տարեկանից բարձր (կենսաթոշակային տարիքի) աշխատակիցներին, և այդ աշխատողներն աշխատում են հեռավար եղանակով:

-Ի՞սկ ինչ լրացուցիչ աշխատանքներ են տարվում այս պահին՝ աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար։

-«ԳՊՄ Գոլդ» ընկերությունում, որը շահագործում է Սոթքի հանքավայրը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, աշխատում է մոտ 1,500մարդ: Ընկերությունը պարբերապար լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում սանիտարա-հիգիենիկ կանխարգելիչ միջոցառումների անցկացման և COVID -19 վիրուսի տարածմանը հակազդելու համար։ Սանիտարա-համաճարակային անվտանգության նպատակով ընկերության արտադրամասերում անցկացվում է համապատասխան իրավիճակների շուրջօրյա մոնիթորինգ, մեկ միացյալ կենտրոնից կոորդինացվում են վարակի կանխարգելման և վաղ հայտնաբերման հարցերով ծառայությունները, բուժաշխատողները հաճախակի են դարձրել ստուգումները։ Ձեռնարկությունները ապահովված են ախտահանիչ միջոցներով, ոչ կոնտակտային ջերմաչափերով և անհատական պաշտպանիչ միջոցներով։ Կատարվում են աշխատատեղերի և տրանսպորտի պարբերական, միջհերթափոխային պրոֆիլակտիկ ախտահանումներ։ Մեր արտադրական ակտիվները շարունակում են աշխատել սովորական ռեժիմով՝ հաշվի առնելով ընկերության բարձր պատասխանատվությունը ընկերության աշխատակիցների, ազդակիր համայնքների և Հայաստանի Հանրապետության նկատմամբ:

-Հնարավո՞ր է հանքի շահագործումը վիրուսով պայմանավորված որոշ ժամանկոով դադարեցվի։

-Ներկայումս որևէ հիմնավորում չկա ընկերության ակտիվների աշխատանքը դադարեցնելու համար, որի գործունեությունը լուրջ սոցիալ-տնտեսական նշանակություն ունի մարզերի կենսագործունեության համար և ռազմավարական նշանակություն ունի երկրի համար՝ որպես խոշոր հարկատու և հիմնական գործատու: Ընկերության ակտիվների աշխատանքը համակարգաշինական նշանակություն ունի, քանի որ Վարդենիսի տարածաշրջանի և Արարատի աշխատունակ բնակչության ավելի քան 60% -ը աշխատում է ընկերության ակտիվներում:

 Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս