Սպառողները կարող են դիմել կոմունալ ծառայություններ մատուցող ընկերություններին. Էդմոն Մարուքյանը հանդիպել է ՀԾԿՀ նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը կոմունալ վարձավճարների խնդրով հանդիպել է ՀՀ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանին: Այս մասին պատգամավորը գրառում է կատարել սոցկայքի իր էջում․

«Կոմունալ վարձավճարների մասին
Այսօր հանդիպել եմ ՀՀ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանին և փոխանցել նրան մեր և հազարավոր քաղաքացիների մտահոգությունները՝ կապված այն հայտարարության հետ, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս-մաժորը համարվում է վերացած։

Պարոն Բաղրամյանը տեղեկացրեց, որ այդ հայտարարության մեջ հանձնաժողովը տեղեկացրել է նաև, որ անկախ նրանից, թե երկրում ֆորս-մաժորային իրադրությունը համարվում է վերացած, թե ոչ, յուրաքանչյուր սպառող կարող է դիմել կոմունալ ծառայությունների մատակարարին՝ չվճարումը պայմանագրի համաձայն ֆորս-մաժորի ազդեցության հետևանք համարելու և մատուցվող ծառայությունները չդադարեցնելու համար։

Ընդ որում, պարոն Բաղրամյանի խոսքով, այդ գործընթացը գտնվելու է ՀԾԿ հանձնաժողովի վերահսկողության ներքո։

Այսպիսով, նրանք, ովքեր համաճարակի կամ արտակարգ դրության սահմանափակումների հետևանքով ի վիճակի չեն վճարել կոմունալ ծառայությունների դիմաց, կարող են դիմել գազամատակարարման, էներգամատակարարման կամ այլ համապատասխան հանրային ծառայություններ մատուցող ընկերություն, իսկ մերժում ստանալու դեպքում՝ բողոք ներկայացնել ՀԾԿՀ գրավոր կամ թեժ գծին (010)584529» ,-Մարուքյանը գրել է իր ֆեյսբուքի էջում։
Կից ուղարկում ենք նաև Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքի պաշտոնական էջի հղումը։




Լրահոս