Հեռավար աշխատանքի ժամանակ աշխատավարձը կպահպանվի․ նոր նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարվեն։ Հարցը կքննարկվի հունվարի 28-ին նախատեսված ԱԺ արտահերթ նիստում՝  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունների հետ մեկտեղ։ Աշխատանքային օրենսգրքում ամրագրվելու է աշխատանքի հեռավար հասկացությունը, ինչես նաև կարգավորումներ են արվելու՝ աշխատավարձերի, աշխատանքի կարգավորման առումով։

Ըստ այդմ, ստեղծված իրավիճակում վերը նշված խնդիրները հնարավորինս լուծելու նպատակով առաջարկվում է.

  • սահմանել հեռավար եղանակով իրականացվող աշխատանք հասկացությունը.
  • հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հնարավորության պարագայում, աշխատողներին չհամարել պարապուրդի մեջ, եւ աշխատավարձն ամբողջությամբ պահպանել.
  • հեռավար եղանակով աշխատանքերի կազմակերպումը եւ աշխատանքի ու հանգստի ռեժիմի փոփոխությունը չհամարել աշխատանքային պայմանագրի էական պայմանի փոփոխություն, ինչը հնարավորություն կտա գործատուներին լինել ավելի ճկուն եւ նախապես չծանուցել այդ փոփոխությունների մասին.
  • տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետեւանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումը, որոնց դեպքում հնարավոր չէ իրականացնել աշխատանքային պարտականությունները, համարել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ 6-րդ մասով սահմանված անհաղթահարելի ուժ: Այս մասով առաջարկվող լրացմամբ հստակեցվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթը.
  • ամրագրել, որ ոչ աշխատողի մեղքով հարկադիր պարապուրդի դեպքում աշխատողին առնվազն է վճարվում մինչեւ պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով: Ներկայումս իմպերատիվ ամրագրված է, որ նման դեպքում վճարվում է երկու երրորդի չափով է: Այս փոփոխությամբ գործատուն ցանկության դեպքում կվճարի ավելին, քան մինչեւ պարապուրդը աշխատողի միջին ժամային աշխատավարձի երկու երրորդն է: Այս կարգավորման մասով «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է նաեւ տալ հետադարձ ուժ.
  • սահմանել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած պարապուրդի համար գործատուն ոչ թե չի վճարում այլ կարող է չվճարել: Այս փոփոխության պարագայում եւս գործատուն ցանկության դեպքում կարող  է նշված դեպքում հարկադիր պարապուրդի ժամանակ վճարել աշխատողին.
  • գործատուի համար նախատեսել պարտադիր պահանջ, որ աշխատողի պահանջով վերջինիս տրամադրի իր չօգտագործված արձակուրդը այն դեպքերում, երբ աշխատողն ունի չօգտագործված արձակուրդ, եթե հնարավոր չէ շարունակել աշխատանքները տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետեւանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում.
  • գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման արգելք սահմանել այն դեպքերում, երբ տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետեւանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում այդ դեպքերով պայմանավորված՝ աշխատողը չի ներկայացել աշխատանքի կամ աշխատանքի է ներկայացել ոչ լրիվ աշխատանքային օրով.
  • գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման արգելք սահմանել նաեւ այն դեպքերում, երբ ուսումնական (այդ թվում՝ նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների՝ չպլանավորված տեղափոխման կամ չպլանավորված տրամադրման ժամանակահատվածում, մինչեւ 12 տարեկան երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով՝ աշխատողը չի ներկայացել աշխատանքի կամ ներկայացել է ոչ լրիվ աշխատանքային օրով.
  • սահմանել, որ տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետեւանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում այդ դեպքերով պայմանավորված աշխատողի աշխատանքի չներկայանալը  կամ ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատանքի ներկայանալը, ինչպես նաեւ ուսումնական (այդ թվում՝ նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների՝ չպլանավորված տեղափոխման կամ չպլանավորված տրամադրման ժամանակահատվածում մինչեւ տասներկու տարեկան երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով աշխատողի աշխատանքի չներկայանալը կամ  ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատանքի ներկայանալը չեն համարվում աշխատանքային կարգապահության խախտում, եւ չեն կարող այդ դեպքերի համար կիրառվել կարգապահական տույժեր.
  • տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետեւանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում այդ դեպքերով պայմանավորված աշխատողի՝ աշխատանքի չներկայանալու կամ ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատանքի ներկայանալու դեպքում վարձատրել առնվազն փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան.
  • ուսումնական (այդ թվում՝ նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների՝ չպլանավորված տեղափոխման կամ չպլանավորված տրամադրման ժամանակահատվածում մինչեւ 12 տարեկան երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով՝ վարձատրել ամբողջությամբ, եթե բացակայությունը աշխատանքային օրվա ընթացքում չի գերազանցում երկու ժամը, իսկ 2 ժամը գերազանցելու կամ ամբողջ աշխատանքային օրը աշխատանքի չներկայանալու դեպքում վարձատրել առնվազն փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան.
  • նախատեսել, որ պետության պաշտպանության, ինչպես նաեւ տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետեւանքների վերացման համար կատարվող աշխատանքի դեպքում արտաժամյա աշխատանքը իրար հաջորդող երկու օրվա ընթացքում կարող է կազմել մինչեւ 8 ժամ՝ ներկայիս 4-ի փոխարեն.
  • սահմանել, որ տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետեւանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում անձանցից ստացված բողոքի կամ իրավախախտումների վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված տեղեկության առկայության դեպքում ոլորտի լիազորված տեսչական մարմինը իրականացնում է գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն՝ օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ։

Հավելենք, որ նախագիծը ներկայացվել է կառավարության կողմից և համարվել անհետաձգելի։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս