Այսօր Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Հարյուր հինգ տարի առաջ՝ 1915 թվականի ապրիլի 24-ին, Թուրքիայի՝ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթը հրաման է արձակում, որի համաձայն, թուրքական իշխանությունները մեկ գիշերվա մեջ մայրաքաղաք Կոստանդնուպոլսում (Ստամբուլ), իսկ հետագայում նաև հայահոծ այլ քաղաքներում ձերբակալվում և համակենտրոնացման վայրեր են տեղափոխում հայ մտավորականներին, հոգևորականներին, հայության առավել ազդեցիկ ներկայացուցիչներին, տարբեր տվյալներով՝ ընդհանուր 2345 մարդ, բոլոր նրանց, ում միասին անվանում են ազգի ընտրանի կամ էլիտա: Հետագա մեկ ամսվա ընթացքում, թուրքական իշխանությունների կարգադրությամբ, Օսմանյան կայսրության տարբեր վայրերում հայտնի հայերի բացարձակ մեծամասնությունը դաժանաբար հոշոտվում ու սպանվում է, փրկվում են եզակիները, ինչպես Կոմիտասը, որ տեսնելով թուրքական վայրագությունները, հոգեպես խեղվում է:

Ապրիլի 24-ը երբեմն անվանել են նաև «Կարմիր կիրակի»: Հետագայում, նախ Սփյուռքում, իսկ 1965 թվականից սկսած, նաև Հայաստանում հենց ապրիլի 24-ն է առանձնացվում որպես 1915-ից 1923 թվականների միջակայքում իրագործված Հայոց ցեղասպանության ավելի քան 1,5 միլիոն զոհերի հիշատակի օր:

2003 թվականի Ապրիլի 24-ին Փարիզում տեղադրվեց Կոմիտասի բրոնզե արձանը (քանդակագործ՝ Դավիթ Երևանցի):




Լրահոս