Այսօր ` ապրիլի 23-ին կայացել է ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի նիստը: Նիստի ընթացքում սահմանվել է եվրոպական դադարեցված առաջնություններն ավարտելու վերջնաժամկետը, հաղորդում է Sport Mediaset-ը:
Ըստ աղբյուրի ՝ բոլոր ներքին առաջնությունները պետք է ավարտվեն օգոստոսի 3-ից ոչ ուշ: Ֆուտբոլի ֆեդերացիաներից պահանջվում է առաջնությունների ավարտի ծրագրերը ներկայացնել մինչեւ մայիսի 27-ը: Հաղորդվում է, որ որպես այլընտրանք, ՈՒԵՖԱ-ն առաջարկել է ֆեդերացիաներին ‘ անցկացնել մինի-մրցաշարեր կամ ավարտին հասցնել մրցաշրջանը` առաջնությունների հանդիպումներն անցկացնելով փլեյ-օֆֆ համակարգով։ Ամեն դեպքում, լիգաները հնարավորություն կունենան վաղաժամ մրցաշրջանն ավարտելու, եթե համաճարակի տարածումը թույլ չտա վերը նշած ձեւաչափերով անցկացնել հանդիպումները:
Հիշեցնենք, որ Եվրոպայի բոլոր առաջնությունները` բացառությամբ Բելառուսի Բարձրագույն խմբի առաջնությունից, դադարեցված են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպա լիգայի հանդիպումները հետաձգվել են անորոշ ժամանակով։
Էդմոն Մարտիրոսյան