«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի նախկին քաղաքապետ, հետախուզման մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանի պաշտպանական թիմն առաջին ատյանի կայացրած կալանքի որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան:
Օրերս վերաքննիչում լսվել է բողոքը, դատարանը մերժել է այն, ուժի մեջ թողնելով առաջին ատյանի որոշումը, ինչն էլ հաստատեց Գ. Բեգլարյանի փաստաբան Հրանտ Անանյանը. «Թեեւ վերաքննիչ դատարանը նշել է, որ առաջին ատյանում խախտումներ կային, սակայն վերաքննիչ դատարանն էլ իր հերթին նոր կոպիտ խախտումներ է թույլ տվել` փորձելով արդարացնել կալանավորման որոշումը, նույնիսկ հիմնվելով առաջին ատյանում հերքված ապացույցի վրա` հաշվի չի առել պաշտպանական կողմի փաստարկները»:
Ըստ մեր աղբյուրների, ինչպես նախկին իշխանության ներկայացուցիչներից շատերի, այնպես էլ այս դեպքում քրեական գործի ապացուցողական բազան բավականին թույլ է, իսկ առաջին ատյանի մեղադրանքներից մեկն արդեն իսկ վերաքննիչում հերքվել է: Հիշենք` Գ. Բեգլարյանի նկատմամբ հարուցված գործն առնչվում է Երեւանի ավագանու նիստերի որոշման իրավաչափությանը՝ կասկադի հարեւանությամբ գտնվող մանկապարտեզի վերակազմակերպման մասին, որի արդյունքում «առանձնապես խոշոր չափերի» հասնող անշարժ գույք է յուրացվել:
Ի դեպ, որոշ տեղեկություններով` հետախուզման մեջ գտնվող նախկին քաղաքապետն, ի տարբերություն նախկին իշխանության մնացած «վտարանդիների», ոչ թե Մոսկվայում է, այլ` Դուբայում է գտնվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։