Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։
Հայրենիքում և Սփյուռքում ապրող սիրելի՛ հայրենակիցներ
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին այսօր հարգանքի տուրք կմատուցեմ համահայակական ուխտատեղի դարձած Ծիծեռնակաբերդում: Դա Արցախի Հանրապետության ընտրված նախագահիս ոչ պաշտոնական, բայց արարողակարգային առաջին միջոցառումն է, որը յուրօրինակ ուղերձ եմ համարում:
Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը քաղաքակիրթ աշխարհի կողմից միայն յուրահատուկ գնահատական չէ հայ ժողովրդի կրած անասելի զրկանքներին կամ հարգանքի տուրք՝ մեր մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակին: Այն նախ և առաջ Աստծո ու սերունդների հանդեպ ունեցած պատասխանատվության զգացում է, որի փոխարեն, սակայն, արդեն 105 տարի ականատեսն ենք ժխտողական քաղաքականության: Բայց Հայ Դատի պահանջը համամարդկային է և վաղեմության ժամկետ չունի:
Մեր ժողովրդի հարատևության անվերջանալի պայքարը մենք վստահաբար շարունակելու ենք՝ ավելի ամրապնդելով ու հզորացնելով մեր միասնական հայրենիքը, որտեղ քաղաքացին միշտ ունենալու է անվտանգության, ինքնիրացման ու ապագայի հանդեպ հուսալիության լիարժեք զգացում և պայմաններ: Սա է իմ և մեր տեսլականը:
Հիշում ենք և պահանջում: