Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին այսօր համահայակական ուխտատեղի դարձած Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա մինչ այդ ուղերձ էր հղել, որը ներկայացնում ենք ստորև․
«Հայոց Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը քաղաքակիրթ աշխարհի կողմից միայն յուրահատուկ գնահատական չէ հայ ժողովրդի կրած անասելի զրկանքներին կամ հարգանքի տուրք՝ մեր մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակին: Այն նախ և առաջ Աստծո ու սերունդների հանդեպ ունեցած պատասխանատվության զգացում է, որի փոխարեն, սակայն, արդեն 105 տարի ականատեսն ենք ժխտողական քաղաքականության: Բայց Հայ Դատի պահանջը համամարդկային է և վաղեմության ժամկետ չունի:
Մեր ժողովրդի հարատևության անվերջանալի պայքարը մենք վստահաբար շարունակելու ենք՝ ավելի ամրապնդելով ու հզորացնելով մեր միասնական հայրենիքը, որտեղ քաղաքացին միշտ ունենալու է անվտանգության, ինքնիրացման ու ապագայի հանդեպ հուսալիության լիարժեք զգացում և պայմաններ: Սա է իմ և մեր տեսլականը:
Հիշում ենք և պահանջում», -իր ուղերձում ասել է Արայիկ Հարությունյանը: