Ցեղասպանություններ պետք է ճանաչվեն՝ կրկնությունը բացառելու նպատակով: Այս մասին նշեց Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուն՝ «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ դասեր պետք է քաղել Հայոց ցեղասպանության պատմությունից՝ ապագայում մարդկության դեմ նման հանցագործությունների կանխարգելման նպատակով:
«Հանցագործությունները, այո՛, ցեղասպանությունները պետք է ճանաչվեն որպես այդպիսին՝ կրկնությունը բացառելու նպատակով: Խորին մտահոգությամբ պետք է արձանագրեմ, թե ինչպես են թուրք քաղաքական գործիչները հետադարձ հայացք նետում իրենց պատմությանը, իսկ ներկայումս ստորադասվում են քաղաքացիների իրավունքներն ու ժողովրդավարությունը»,-ընդգծեց Պաուն:
Գերմանիայի խորհրդարանը 2016թ. հունիսի 2-ին ընդունել է Քրիստոնեադեմոկրատական և Քրիստոնյա-սոցիալական միությունների, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության և Դաշնություն 90/ԿԱՆԱՉՆԵՐԻ խմբակցությունների ներկայացրած՝ «1915 և 1916թթ. հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրագործված ցեղասպանության ոգեկոչումն ու հիշատակը» վերտառությամբ բանաձևը, որում ընդգծվում է, որ Գերմանիան հատուկ պատմական պատասխանատվություն է կրում այդ հարցում: «Գերմանիայի Բունդեսթագը կոչ է անում գերմանական կառավարությանը՝ հարյուրամյակի կապակցությամբ 2015թ. ապրիլի 24-ին Գերմանիայի Բունդեսթագում կայացած հատուկ նիստի քննարկման ոգով շարունակել նպաստելու 1915/1916 թվականների հայերի տեղահանման և գրեթե լիակատար բնաջնջման, ինչպես նաև այդ հարցում Գերմանական Կայսրության ունեցած դերի մասին հրապարակային լայն արծարծմանը»,-նշվում է բանաձևում: