Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի փոխնախագահ, Գերմանահայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերն ընդգծում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր քայլ է հետագա ցեղասպանությունների կանխարգելման ճանապարհին։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Ալբերտ Վայլերն նշում է, որ Թուրքիայի կողմից Ցեղասպանության անաչառ ուսումնասիրումը և ճանաչումը շարունակում են մնալ որպես լուրջ մարտահրավեր՝ միևնույն ժամանակ ուրախություն հայտնելով, որ Ցեղասպանության հարցը թուրք հասարակության շրջանկաներում այլևս տաբու չէ։
– Հարգելի՛ պարոն Վայլեր, հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ, ո՞րն է միջազգային հանրության խնդիրը՝ այդ ոճիրը ճանաչելու, դատապարտելու ուղղությամբ:
– Ցեղասպանության ճանաչումը կարևոր քայլ է հետագա ցեղասպանությունների կանխարգելման ճանապարհին, ինչպես նաև միջոց է, միլիոնավոր հայերին մեր կարեկցանքն արտահայտելու հարցում: Ցավոք, աշխարհի շատ անկյուններում շարունակվում են քաղաքացիական պատերազմները, փախստականների ճգնաժամերը, ցավը և աքսորը: Յուրաքանչյուր ճանաչում պետք է նպատակ հետապնդի վերացնելու մարդկանց տառապանքները:
– Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի կողմից ճանաչման հավանականությունը:
– Թուրքիայի կողմից Ցեղասպանության անաչառ ուսումնասիրումը և ճանաչումը շարունակում են մնալ որպես լուրջ մարտահրավեր: Մինչ օրս թուրքական իշխանությունների մոտ բացակայում է ժամանակին տեղի ունեցած անարդարության հստակ գիտակցումը: Այդուհանդերձ, ուրախ եմ, որ Ցեղասպանության հարցը թուրք հասարակության շրջանակներում այլևս տաբու չէ: Այս հարցին Թուրքիայում քննադատաբար մոտեցող խիզախ մարդիկ արժանի են մեր հարգանքին և ճանաչմանը:
– Ինչպիսի՞ փոխհատուցում կարող է ակնկալել հայ ժողովուրդը:
Ներկայումս խոսքը գնում է այս մասին. Թուրքիային հորդորել՝ ազնվորեն և հետևողական առերեսվելու անցյալի հետ: Առանց ճանաչման չկա հաշտեցում և մերձեցում: Սեփական անցյալի գիտակցում և անաչառ ուսումնասիրում. ահա սա է համատեղ ապագայի լավագույն ուղին: