ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ վաղը նախատեսված պատգամավորների թեստավորումը տեղի չի ունենա։ Ինչպես հայտնի է, նախապես հայտարարվել էր, որ վաղը բոլոր պատգամավորները պետք է «Նաիրի» ԲԿ-ում կորոնավիրուսի թեստ հանձնեն, սակայն որոշումը հետաձգվել է։
Մենք տեղեկացանք, որ պատճառն այն է, որ պատգամավորները պետք է արագ՝ Ռապիդ թեստերը հանձնեին։ Հայտնի է, որ այդ թեստերի արդյունքը հարյուրտոկոսանոց չէ և այս փուլում որոշել են ձեռնպահ մնալ այն հանձնելուց։ ArmLur.am-ի հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը նշեց․ «Բանակցում ենք, որպեսզի Ռապիդ թեստերի փոխարեն, որի սխալի հավանականությունը մեծ է, PCR թըստավորում անենք»։
Սակայն ուշագրավ է, որ հենց այս արագ թեստերից էին հանձնել այն լրագրողները, դիտորդներն ու պատգամավորները, որոնք Արցախ էին մեկնել՝ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Ընդ որում, այդպիսի 60 հազար թեստ է բերվել Չինաստանից, 20 հազար թեստ էլ՝ Լեհաստանից: Մեր տեղեկություններով, մինչեւ կորոշվի թեստավորման նոր օրը, պատգամավորներին հրահանգված է ինքնամեկուսանալ։