Սենատոր Բոբ Մենենդեսը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ևս մեկ անգամ կոչ է անում միանալ Սենատին՝ ընդունելով Հայոց ցեղասպանության փաստը, որպեսզի բացառվի դրա կրկնվելը: Մենենդեսն այս մասին ասել է իր տարածած տեսաուղերձում:
«Պատիվ ունեմ միանալ Նյու Ջերսիում և ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը ոգեկոչողներին: Ես հպարտ էի ղեկավարել բանաձևի ներկայացումը, որով հաստատվում է Հայոց ցեղասպանության փաստը: Հատկապես հպարտ եմ, որ անցյալ տարվա դեկտեմբերին, տարիների աշխատանքից հետո, Սենատում բանաձևը միաձայն ընդունվեց: Այս պատմական իրադարձությունը երբեք չէր լինի՝ առանց ամերիկահայ համայնքի աջակցության և նվիրվածության»,-ասել է Մենենդեսը:
Նա շեշտել է՝ այս տարի վարչակազմը պետք է հետևի Սենատին` ճանաչելով այս ողբերգությունը այնպես, ինչպես եղել է. որպես ցեղասպանություն: Ցեղասպանությունը ճանաչելը անհրաժեշտ է, որպեսզի դրա կրկնվելը կանխվի: «Ես կոչ եմ անում նախագահ Թրամփին միանալ մեզ, քանի որ մենք աշխատում ենք իրական իմաստ դնել «այլևս երբեք» բառերում»,-նշել է նա: