Անվավեր ճանաչված մրցույթի հաղթողը նշանակվել է նոր պաշտոնի․ Հայկ Մարությանի տարօրինակ որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրել էր, որ Երևանի քաղաքապետարանի շուրջ աղմկահարույց բացահայտումներ են եղել։ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից մի շարք պաշտոնների նշանակումը դատարանն անվավեր էր ճանաչել: Սակայն այժմ էլ պարզվում է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը անվավեր հայտարարված մրցույթով վարչություններից մեկի պետ նշանակած Գարեգին Խաչատրյանին նշանակել է մեկ այլ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։

Սակայն ամեն ինչի մասին սկզբից․  2019 թվականին Երեւանի քաղաքապետարանը աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի տեղակալի պաշտոնների թափուր տեղի համար մրցույթներ էր հայտարարվել: Երեւանի քաղաքապետարանի կողմից վերոնշյալ պաշտոնների համար հայտարարված մրցույթին մասնակցել է նաեւ Արսեն Ավետիսյանը, սակայն ներկայացված պաշտոնների համար անցկացված մրցույթներից ոչ մեկով հաղթող չի ճանաչվել:

Նա 2019 թվականի ապրիլի 22-ին դիմել է ՀՀ վարչական դատարան եւ պահանջել, որ դատարանը  մրցույթներն անվավեր ճանաչի, որպես հետեւանք, մրցույթային հանձնաժողովների 4 որոշումները եւ մրցույթների արդյունքում ընդունված պաշտոնների նշանակելու մասին Երեւանի քաղաքապետի հարամաններն անվավեր ճանաչել: Եվ ահա,  2020 թվականի մարտի 2-ին դատարանը կայացրել է որոշում՝ բավարարելով Արսեն Ավետիսյանի հայցը, եւ անվավեր է ճանաչել վերոնշյալ պաշտոնների համար անցկացված մրցույթները եւ Երեւանի քաղաքապետի կարգադրությունները:

Եվ ստացվեց, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Գարեգին Խաչատրյանը, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Ռոբերտ Դարբինյանը, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Մհեր Աղաբեկյանը, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի տեղակալ Նարեկ Ավետիսյանը ոչ օբյեկտիվ մրցույթի արդյունքում էին նշանակվել այդ պաշտոնին։

Սակայն սա էլ դեռ ամենը չէ․ ArmLur.am-ը տեղեկացավ, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Գարեգին Խաչատրյանը նշանակվել է  Անշարժ գույքի կառավարման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Իսկ արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականություններն էլ կատարում է վարչության պետի տեղակալը՝ Հովհաննես Պետրոսյանը։

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Գարեգին Խաչատրյանի կենսագրական տվյալների մեջ գրված է․ 2019թ. նշանակվել է աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ: 2020թ. ապրիլին նշանակվել է աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ: Նշենք, որ մինչ այս անշարժ գույքի կառավարման վարչությունը ժամանակավոր պետի կարգավիճակով ղեկավարում էր Վահան Խաչատրյանը։

Ստացվում է՝ չնայած Վարչական դատարանը որոշել է, որ այդ մրցույթները պետք է անվավեր ճանաչվեն եւ փաստացի այդ պաշտոնյաներն անօրինական են մեկ տարի ղեկավարել, սակայն Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նրանցից մեկին տեղափոխում է մեկ այլ վարչություն։ Ընդ որում, տվյալ վարչությունները գործառութային առումով բավական տարբերվում են։ Ստացվում է՝ Հայկ Մարությանը փորձում է տեղափոխումների միջոցով փրկել մրցույթում իրականում պարտված թեկնածուին՝ նրան նշանակելով մեկ այլ վարչության ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև նոր մրցույթի անցկացումը։ Չի բացառվում՝ առաջիկայում այլ տեղափոխումներ ևս լինեն։ Հավելենք, որ Վարչական դատարանի որոշումը Երևանի քաղաքապետարանը բողոքարկել է Վերաքննիչ դատարան։

Նաիրա Հովհաննիսյան

 




Լրահոս