Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելած մեր հայրենակիցների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, որոնց ենթադրաբար հաջորդելու են վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ՝ համաձայն ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3 հոդվածի 10-րդ մասի:
Իրավաբանական օգնություն տրամադելու առաջարկի մասին տեղեկացնում է Փաստաբանական պալատի լրատվական ծառայությունը:
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելու համար տույժի ենթարկված մեր հայրենակիցներին Փաստաբանների պալատի կողմից ձևավորված փաստաբանների խումբն անվճար իրավաբանական օգնություն կտրամադրի, այդ թվում՝ կկազմի հայցադիմում և վարչական դատարանում կներկայացնի քաղաքացու շահերը (Կապի միջոցներ՝ +37410 600701, 600703, 600704, [email protected] ):
Հիշեցնենք, որ այսօր Ծիծեռնակաբերդ բարձրանալ ցանկացող մի խումբ քաղաքացիներ Արայիկ Խանդոյանի եղբայր Արարատ Խանդոյանի գլխավորությամբ փորձել են բարձրանալ հուշահամալիր, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տվել: